«Այս իրավիճակը մեզ հիշեցնում է հեռավոր 30-ական թվականները, երբ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ տեղի էր ունենում բոլշեւիկյան տեռորը Արեւելյան Հայաստանում։ Հայոց եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ մեկը Հայոց ցեղասպանության ժամանակ՝ Արեւմտյան Հայաստանում, երկրորդը՝ 30-ական թվականներին՝ բոլշեւիկյան տեռորի ժամանակ, երբ եկեղեցիներ փակվեցին, պահեստների վերածվեցին, հոգեւորականներ ազատազրկվեցին ու գնդակահարվեցին։ Սա երրորդ ալիքն է, որը տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու դեմ, մեր հոգեւոր հայրերի դեմ իրականացվում է տեռոր»,- Երեւան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով հոգեւորականներին բերման ենթարկելուն եւ եկեղեցու դեմ արշավին։
Նա ասաց, որ երկու սրբազանների ձերբակալեցին, կալանավորեցին, հիմա անցել են Արագածոտնի թեմին, հաջորդ փուլում անցնելու են հատկապես այն թեմերին, որտեղ թեմական առաջնորդները ցուցաբերում են նաեւ քաղաքացիական կեցվածք։
Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ այս ամենը մի քանի գործընթացով է պայմանավորված։ Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու գործընթացն է։ Նա հիմա ամեն գնով մտնում է քաղաքական կոնֆլիկտի մեջ, հատկապես ընտրություններից առաջ նրան անհրաժեշտ է քաղաքական կոնֆլիկտ։ Բացի այդ, ընտրություններից առաջ Փաշինյանն ահաբեկում ու վախեցնում է, ահաբեկելով ու ճնշելով՝ մարդկանց մեծ զանգվածներին հեռու է պահում ընտրական գործընթացից։ Իր նպատակն այն է, որ քիչ մարդիկ մասնակցեն ընտրություններին, եւ ինքը կարողանա ավելի լավ պայմաններ ապահովել վերընտրվելու համար։
«Ի՞նչ կապ ունի սա Փաշազադեի, Ալիեւի ու Էրդողանի հետ, կապը հետեւյալն է՝ նրանք եւս փայատեր են այս գործընթացի մեջ։ Նրանք ամենաանմիջական շահագրգիռ կողմերն են, որպեսզի Փաշինյանը վերընտրվի, որովհետեւ Փաշինյանն այն մարդն է, որը կոտրում է Հայաստանի բոլոր դիմադրողական ռեսուրսները, որոնց հետ կապված կա ազգային արժանապատվություն, ազգային դիմագիծ։ Այդ բոլոր ռեսուրսները կոտրում է եւ Հայաստանը տանում է թուրանական միջանցք դարձնելու ուղղությամբ։ Նրանք անընդհատ ճնշում են Փաշինյանին, նրանք Փաշինյանին են քթից բռնած տանում-բերում, Փաշինյանն էլ ժողովրդի քթից է բռնում տանում-բերում»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մենուա Սողոմոնյանը նշեց, որ արտախորհրդարանական ուժերի համախմբում ու դաշինք է անհրաժեշտ՝ ընտրություններին ընդառաջ անելու ամեն ինչ, որպեսզի լինի բարձր մասնակցություն, որպեսզի ձայների փոշիացում թույլ չտրվի։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի այն ռեսուրսը, որպեսզի կարողանա բարձր մասնակցության պարագայում 50 տոկոս եւ ավելի ապահովել, պետք է ճիշտ դասավորվել եւ Փաշինյանին զրկել վերընտրվելու հնարավորությունից։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ