-Ավելի շատ թող կենտրոնանան իրենց անցյալի վրա, մեր մաքուր անցյալում ինչ-որ բան չփորձեն ման գալ,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը:
Անդրադառնալով 40.000 –ական դրամ աջակիցներին բաժանելու մասին լուրերին՝ պարոն Կարապետյանն ասաց. «Մի բան պետք է անեին, իմ հիշելով՝ իրար գրած սքրինշոթ են դրել, լուրջ չի էլի: Ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ այս իշխանություններն ունեն լավ փորձ մարդկանց գլխին ինֆորմացիա սարքելու: Դրա համար այդպիսի բաներ են անում: Բայց թող հանգիստ լինեն, նման բան չի լինում, դաղալություն չկա»:
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի գործով միջազգային արձագանքին, պարոն Կարապետյանն ասաց, որ արդեն ԵԽԽՎ պատասխանը կա, որ հետեւում են գործընթացին. «Ամեն անգամ ստանում ենք միջազգային լրատվամիջոցների հարցումներ, հարցազրույց անցկացնելու առաջարկ, քանի որ բոլորին շատ զարմացրել է: Եթե այս գործընթացի դեմը չենք առնում, լինում է այն, ինչ այսօր տեղի ունեցավ՝ 8 քահանա ձերբակալվել է: Հիշո՞ւմ եք՝ ասում էին, որ պայքարում են միայն կաթողիկոսի անձի դեմ, եկեղեցու դեմ են պայքարում, 8 քահանա են ձերբակալել, թող այդ հեքիաթները պահեն, իրենց ձեւերով տարածեն: Իրենք պայքարում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Իրենց հեքիաթներին մի հավատացեք: 4 օր առաջ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը հայտարարեց, որ Հայ Առաքելական եկեղեցին վտանգ է, 4 օր հետո ձերբակալում են»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է քննվել ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդությունը: Ի աջակցություն բարերարի՝ դատարանի շենքի դիմաց են հավաքվել բազմաթիվ աջակիցներ:
Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը սկսվել էր երեկվանից: Հակակոռուպցիոն դատարանի բակում երեկ Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մոտավոր հաշվարկով մասնակցել է շուրջ 7000 մարդ։ Սա Հայաստանի դատական պատմության մեջ աննախադեպ դեպք է, երբ դատարանի դիմաց այսքան մեծ թվով քաղաքացիներ են հավաքվում՝ աջակցություն հայտնելու։ Հավաքը եղել է ինքնաբուխ, առանց կազմակերպված հանրահավաքի կամ ցույցի բնույթի։ Մինչ հավաքը, ըստ տեղեկությունների, ՔՊ-ականները վարչական ռեսուրս էին կիրառել` սպառնալով ՀԷՑ-ի աշխատակիցներին՝ չմասնակցել աշխատանքային օրվա ավարտից հետո սկսվող խաղաղ հավաքին։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ