Լրահոս
Օրվա լրահոսը

«Նպատակը ընդվզման առաջնորդներին զատելն է, ընդհանրապես ժողովրդին առաջնորդելու կարողություն ունեցող մարդկանց չեզոքացնելը». Ձյունիկ Աղաջանյան

Հոկտեմբեր 15,2025 18:15

«Կառավարության ղեկին բազմած անձի գործողությունները երբեք մի քայլանի չեն եւ մի քանի նպատակ են հետապնդում»,-ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում խոսելով երեկվանից բարձրաստիճան հոգեւորականի եւ քահանաների բերման ենթարկելու մասին, ինչը Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի դրսեւորման նոր ալիք է: «Մենք տեսնում ենք եկեղեցու հանդեպ ռեպրեսիաների գործընթացի շարունակություն, որը բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի հանդեպ նրա նախաձեռնություններից: Եվ պատահական չէ, որ նա Ալիեւի հետ սուրճային հանդիպմանը հերթական նվերն է մատուցում:

Այս պահի դրությամբ հետեւյալ նպատակներն է հետապնդում. բավարարել թուրք-ադրբեջանական պահանջը՝ եկեղեցու հանդեպ այդ ճնշումը պահելով, մի կողմից առաջիկա ընտրությունների առումով որոշակի ուղերձներ փոխանցելու, մյուս կողմից՝ հանրային ուշադրությունը շեղելու Սամվել Կարապետյանի հետ կապված գործերից, ինչը նույնպես կարեւոր է: Երեկվա դատավարության ժամանակ այդքան բազմամարդ ներկայությունը դեղին լույսեր է վառել իրենց համար, դրա համար փորձում են հանրային ուշադրությունը տեղափոխել այլ դաշտ: Մյուսը, որ կարող ենք տեսնել, ընդվզման առաջնորդներին զատելու եւ նրանց չեզոքացնելու գործընթացն է, ընդհանրապես ժողովրդին առաջնորդելու կարողություն ունեցող մարդկանց չեզոքացնելը: Հատկապես այնպիսի մարդկանց, որոնք կուսակցական պատկանելություն չունեն եւ այս առումով հանրային մեծ աջակցություն կարող են վայելել:

Այսինքն, մենք տեսնում ենք մի շարք գործողություններ, որոնք նպատակ ունեն մի կողմից վախի մթնոլորտն ուժեղացնելու, մյուս կողմից՝ հնարավոր առաջնորդներին չեզոքացնելու, հանրային ուշադրությունը շեղելու:

Եվ մենք պետք է շատ ուշադիր լինենք, որ հանկարծ այս պարագայում սահմանային զիջումների այս գործընթացը առաջ չտարվի, որովհետեւ իրենց առջեւ խնդիր է դրված այդ միջանցք կոչվածն, ի վերջո, իրականություն դարձնել: Եվ դրա համար պետք է այդ ճանապարհի կողմերում սահմանազատում կոչվածը իրականացնել, այդ հարցերը կարգավորել: Ամերիկյան խումբը գնաց չէ՞: Մինչու ամսի 11-ն էր եւ մենք արդյունքների մասին ոչինչ չենք լսել: Երեւի հանձնարարականները տրվել են՝ ինչը պիտի արվի եւ այդ հանձնարարականների կատարման առաջին քայլը պիտի լինի սահմանազատում, սահմանագծում կոչվածով այդ հատվածների հանձնումը, որից հետո արդեն կսկսեն հողային աշխատանքներ կատարել:

Իսկ ինչու են շտապում: Դա կապված է նաեւ մերձավորարեւելյան զարգացումների հետ: Մենք քայլ առ քայլ մոտենում ենք Իրանի հանդեպ շատ ավելի խոշորամասշտաբ գործողությունների ծրագրի, որը այս պարագայում իմ հաշվարկներով տեղափոխվել է փետրվար-մարտ ամիսներ: Այսինքն, այդ ամբողջ նախապատրաստական աշխատանքները պիտի իրականացվեն, որի էական մասը այդ ճանապարհի գործունեության որոշակի մասի գործարկումն է, որպեսզի նրանք կարողանան առանձին ռազմական տեխնիկա եւ մարդ տեղափոխելու հնարավորություն ունենալ»,-ասաց դեսպանը

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031