-Իշխանությունների վախերն ինչքան մեծանում են, նրանք այնքան գնում են ոչ ադեկվատ քայլերի: Ասել, թե ինչու հենց հիմա Սամվել Կարապետյանին, ինչու հենց հիմա սրբազաններին, ինչու հենց հիմա եկեղեցու դեմ պայքարը…իրենք շատ լավ հասկանում են, որ հայոց եկեղեցին այն կարեւոր հենասյունն է, ում վրա հայ ժողովուրդը հույս է դնում: Մարդ, որը փորձում է վերարտադրվել ու ապրում ու կռիվ է տալիս այս երկրում միայն իր իշխանությունը պահելու համար, պետք է ոտնձգություն կատարի Հայոց եկեղեցու նկատմամբ,- այսօր ի աջակցություն ազգային բարերար Սամվել Կարապետյանի` Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:
Նա հիշեց Փաշինյանի մի շարք արտահայտություններ, որոնք հակասում էին նրա գործին. օրինակ ժամանակին, երբ Փաշինյանն սում էր, որ Արցախի հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի արցախահայերի, ադրբեջանցիների ու Հայաստանի համար, բայց Արցախի հարցի «լուծումը», ըստ Մխիթարյանի, ձեռնտու եղավ միայն ադրբեջանցիների համար:
Պարոն Մխիթարյանը նաեւ հիշեցրեց, որ Փաշինյանը անընդհատ կրթությունից է խոսում, բայց սոցցանցերում գրում է «դոմփել» կամ նման բառապաշարով է արտահայտվում նախընտրական քարոզարշավի ժամանակ. «Դա, ի դեպ, այն մարդն է, որ սրտիկներ է ցույց տալիս, չգիտես՝ ում: Ենթադրում եմ՝ գուցե Փաշազադեին»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այսօր շարունակում է քննել ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդությունը: Ի աջակցություն բարերարի՝ դատարանի շենքի դիմաց են հավաքվել բազմաթիվ աջակիցներ: Ի դեպ, այսօր «Մեր ձեւով» շարժման համակարգող Ալեքսան Ալեքսանյանը դատարանի բակում հայտարարեց, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 16։ 30-ին տեղի կունենա շարժման հանրահավաքը:
Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը սկսվել էր երեկվանից: Հակակոռուպցիոն դատարանի բակում երեկ Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մասնակցել է մոտ 7000 մարդ։
Հավաքը եղել է ինքնաբուխ, առանց կազմակերպված հանրահավաքի կամ ցույցի բնույթի։
Մինչ հավաքը, ըստ տեղեկությունների, ՔՊ-ականները վարչական ռեսուրս էին կիրառել` սպառնալով ՀԷՑ-ի աշխատակիցներին՝ չմասնակցել աշխատանքային օրվա ավարտից հետո սկսվող խաղաղ հավաքին։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ