Գյումրու «Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող «ճերմակ հիվանդանոցի» շենքը, որը տեղական նշանակության հուշարձան է, վարձակալությամբ կտրամադրվի միայն այն ներդրողին, ով պատրաստ է կառույցը որպես բուժհաստատություն ծառայեցնելու։
Շուրջ 2400 քառակուսի մետր մակերես ունեցող հիվանդանոցի շենքն՝ իր 6000 քառակուսի մետր հողատարածքով, որը երկու տարի առաջ աճուրդ-վաճառքի էր հանվել Գյումրու նախկին իշխանությունների կողմից այն պատճառաբանությամբ, թե պահպանելը ծախսատար է, անհրաժեշտ են մասնավոր ներդրումներ, գնահատվել էր 750 մլն դրամ ու մեկնարկային արժեք սահմանվել 1 միլիարդ 100 միլիոն դրամ, այժմ չի վաճառվում։
Համայնքը չի հրաժարվում իր սեփականությունից։
Կարդացեք նաև
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Ներկայումս շենքն անմխիթար վիճակում է գտնվում․ այն վերանորոգման ու վերակառուցման կարիք ունի։
Հենրիկ Գասպարյանը տեղեկացրեց, որ նախագծման մրցույթ են հայտարարել, դեռևս նախագծող կազմակերպություն չի ընտրվել։ Նախագծային աշխատանքներն ավարտելուց հետո կհայտարարեն շինարարի մրցույթ։
«Այս շենքով կան հետաքրքրվողներ, տարբեր կազմակերպություններ։ Մենք ուզում ենք, որ այն նորից բժշկական կենտրոն դառնա, որովհետև այն ավանդական բժշկական կենտրոն է եղել, շարունակվի այդ ավանդույթը»,-ասաց Հենրիկ Գասպարյանը։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Կոմունիստական կուսակցության» նախընտրական ծրագիրը ներկայացնելիս՝ Վարդան Ղուկասյանը մշտապես շեշտում էր, որ Գյումրին պիտի ունենա իր երկրորդ բազմապրոֆիլ հիվանդանոցը։
Նշենք, որ Գյումրու բոլոր հիվանդանոցները միավորվել են Գյումրի բժշկական կենտրոնին, քաղաքը փաստացի ունի մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց։
Քաղաքապետ ընտրվելուց հետո էլ Վարդան Ղուկասյանը ոչ միայն շտապեց լինել «Ճերմակ հիվանդանոցում» ու տեղում ուսումնասիրել կառույցի վիճակը, այլ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում հայտարարեց․
«Մենք Ռուսաստանի հետ պայմանավորվել էինք, որ Գյումրիում երկու հատ հիվանդանոց պիտի բացենք, հիմա մենք «Սպիտակ հիվանդանոցը» հետ ենք վերցրել, հիմա նախամրցութային փուլում է, գումարներն ենք նախատեսում, թե ինչքան գումար ենք ներդնելու հիվանդանոցը վերականգնելուն։
Բացի դրանից, դիմելու ենք ՀՀ առողջապահության նախարարությանը, որպեսզի թույլտվություն տան, ինչքան իմացել եմ՝ էդ թույլտվություն տալը մաֆիայի ձեռքում է գտնվում, ինչ-որ մի քանի ընտանիք էդ առողջապահությունը վերցրել է ձեռքը և չեն թողնում, որ մարզերը, քաղաքները ու մնացած կառույցները զարգանան։
Մենք հիմա հետևողական ենք լինելու, որ քաղաքապետարանին անպայման թույլտվությունը տան, եթե չտվեցին, կբարձրաձայնեմ, կխայտառակեմ ամբողջ էդ մաֆիոզներին»։
Նշենք, որ երկու տարի առաջ համայնքային սեփականություն հանդիսացող, պատմություն ու ավանդույթներ ունեցող «Ճերմակ» հիվանդանոցը աճուրդ-վաճառքի հանելու շուրջ մեծ աղմուկ էր բարձրացրել ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։ Նա այժմ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է։
Կարեն Մալխասյանը նշել էր, որ դա չի բխում քաղաքի բարօրությունից ու շահերից, առաջարկել էր շենքը վարձակալությամբ տրամադրել, որի շնորհիվ թե՛ քաղաքապետարանի բյուջե գումար կմտնի և թե՛ շենքը կվերանորոգվի։
Նա նաև հայտարարել էր, որ թույլ չի տա «պատմական շենքը օղլի ազգանունով մեկը ձեռք բերի»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ