Լրահոս
Օրվա լրահոսը

Կրտսեր որդուն կոչել են հոր անունով՝ Արման, հավատով, որ շարունակելու է հերոս հոր կիսատ թողածը

Հոկտեմբեր 15,2025 21:30

Արցախի Հանրապետության նոր ձևավորված Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր, հետագայում Ղազարապատ գյուղում բնակություն հաստատեց Գեղամ և Զարդար Մեսրոպյանների Ժորժիկ և Արման որդիներով ընտանիքը 1997 թվականին՝ գալով Արարատի մարզի Արևշատ գյուղից։

Գեղամը նոր բնակավայրում աշխատում էր որպես անասնաբույժ, և կարևոր էր նրա մասնագիտությունը։ 1992թ․ փետրվարի 5-ին ծնված Արման որդին առաջին դասարան հաճախեց Ղազարապատում, որտեղ այդ տարիներին էլ․ հոսանք չկար։ Բայց գերազանց էր սովորում Արմանը։ Այդ ժամանակ աշխատում էի Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունում որպես կրթատեսչական բաժնի վարիչ և հաճախ էի այցելում նորաբաց դպրոցներ։

Հարմարեցված շենքում գործող դպրոցում աշխատում էին նվիրյալ ուսուցիչներ, և այստեղ էին կրթություն ստանում աշխարհի ամենալավ, ամենահայրենասեր ու կիրթ երեխաները։ Նրանց շարքում էր Արմանը՝ իրենից մեկ տարով ավագ եղբոր հետ։

Լավ էին սովորում եղբայրները, և Արմանը կարմիր վկայականով ավարտեց ութամյակը։ 2008-ին դարձյալ գերազանցությամբ ավարտեց միջնակարգը։ 2010-2012թթ․ Հայոց բանակի զինվոր էր՝ դարձյալ կարգապահ ու իր անելիքը գիտակցող։ Բարեխիղճ ծառայության համար արժանացել է զորամասի հրամանատարության պատվոգրի, ծնողներն ստացել են շնորհակալագիր։

2012թ․ Արմանն ընդունվեց Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության բաժին, սակայն ավտովթարից ստացած առողջական խնդիրների պատճառով ուսումը չշարունակեց։ 2013-ին 2 տարվա պայմանագրով աշխատանքի է ընդունվում ԱՀ ԱԱԾ-ում։ 2015-ի սեպտեմբերին այցելել է Քաշաթաղի հարավային Մուշ գյուղ՝ ընկերոջ տուն։ Այս գյուղում էլ սեպտեմբերի 1-ին ծանոթացել է ապագա կնոջ՝ Տաթևի հետ։

2016թ․ ապրիլյան պատերազմն սկսվելուց 3 օր անց Արմանն արդեն առաջնագծում էր՝ Թալիշ-Մատաղիս հատվածում։ Այդ ընթացքում հանդիպել եմ քաշաթաղցի կամավորականներին, նաև Արմանին․ տղերքը հայոց սահմանն էին պաշտպանում ու թույլ չտվեցին, որ թշնամին առաջ գա, պաշտպանեցին Թալիշը։ Այդ օրերին 1200-ից ավելի քաշաթաղցի կամավորականներ մեկնեցին առաջնագիծ, և մեծ մասը տուն եկավ հունիսի կեսին։

Արմանը նույնպես մոտ 3 ամիս առաջնագծում էր։ 2017-ին կայացավ Արմանի ու արմատներով գյումրեցի Տաթև Կարապետյանի նշանդրեքը, 2018-ի հոկտեմբերին՝ հարսանիքը։ Տաթևը ծնվել է Ուկրաինայում, սակայն 1 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղ, որը գտնվում է Ողջիի ափին։ 2018 թ. դարձյալ ծառայության անցավ Արցախի ազգային անվտանգության ծառայությունում։ Ժամանակավորապես կնոջ հետ տեղափոխվել ու բնակվում էին Ստեփանակերտում։ Որդին՝ Գեղամը, ծնվեց 2019-ին և կրում էր պապի անունը։ ԱԱԾ-ում լավ ծառայության համար արժանացել է «Գերազանցիկ» կրծքանշանի։

«Ամուսնացանք և տեղափոխվեցինք Ստեփանակերտ․ ես ուսանում էի այնտեղ, պետք է ավարտեի, ու վերադառնայինք գյուղ՝ Ղազարապատ, -ասում է կինը։ Արմանը շատ աշխատասերեր ու ձգտվող էր, ուզում էր տուն կառուցեր Ստեփանակերտում՝ իր երազած տունը։ 15 օր ծառայության մեջ էր, մյուս 15 օրն էլ աշխատում էր շինարարությունում։ Ցանկանում էր ամեն ինչի հասներ իր աշխատանքով․ հայրն էլ հիվանդ էր, պետք էր նաև նրան օգնել։ Ես էլ համ սովորում էի, համ՝ աշխատում։ Երբ ծնվեց մեր որդին՝ Գեղամը, տեղափոխվեցինք գյուղ, որպեսզի այնտեղ մեծացնենք երեխային և նորից վերադառնանք Ստեփանակերտ։ Արմանը միշտ ասում էր՝ ես լավ պապա եմ լինելու։

Շատ էր սիրում Գեղամին, ամեն ինչ անում էր, որ իր «Ցլոյի» համար (այդպես էր անվանում որդուն) լավ ապագա ստեղծեր։ Անհամբեր սպասում էր, որ նոյեմբերի 2-ին տոներ տղայի 1 ամյակը։ Բայց 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, և Արմանը, ով պայմանագրային զինծառայող էր արդեն, մեկնեց առաջնագիծ, հոկտեմբերի 15-ին Արաքսի ափին էր մարտնչում։ Այստեղ էլ մարտիրոսվել էր՝ փրկելով ընկերոջ կյանքը։ Մինչ այդ դեպքը՝ Գեղամիկը կանչում էր՝ Արման պապա, բայց դրանից հետո էլ չկանչեց»։

Արմանին հուղարկավորեցին ծննդավայրում՝ Արևշատում։ Նախատեսած էր, որ նրան նվիրված հուշաքար պետք է տեղադրվեր գյուղում, սակայն որդու մահվան ցավին չդիմացավ նաև հայրը՝ Գեղամը և վախճանվեց հիվանդանոցում 2021թ․ ապրիլի 23-ին։ Հունիսի 8-ին՝ երեկոյան, ծնվեց Արմանի երկրորդ որդին, ու մասին հայրն այդպես էլ չիմացավ։

Կրտսեր որդուն կոչել են հոր անունով՝ Արման՝ հավատով շարունակելու է հերոս հոր կիսատ թողածը, հավատով՝ դառնալու է Հայոց երկրի լավագույն զավակ ու վառ է պահելու պապի, հոր հիշատակը, լինելու է նեցուկ մորը, թիկունք եղբորը։

 

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031