Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացման գործընկերների համակարգման հարթակի հերթական հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների շուրջ վեց տասնյակ ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Հանդիպման օրակարգում էր հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը՝ ռազմավարական կառավարման և թվային վերափոխման ուղղություններով:
Միջոցառման բացման իր ելույթում փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացման ծրագրերին և նախագծերին մասնակցության համար՝ կարևորելով դրանց ներդաշնակեցումը Հայաստանի ռազմավարական նպատակների ու գերակայությունների հետ:
«Հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ յուրաքանչյուր աշխատանք իր ուղղակի կամ անուղղակի ազդեցությունն է ունենում մեր երկրի կայուն զարգացման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման վրա»,- նշել է Մհեր Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում զարգացման գործընկերներին ներկայացվել են Կառավարության հետ համատեղ աշխատանքի հետագա անելիքները և առաջիկա համագործակցության կառուցվածքն ու ուղղությունները:
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ռազմավարական կառավարման նոր համակարգին, նախատեսված վեց ռազմավարությունների ուղղություններին, Հայաստանի զարգացման աջակցության կառավարման համակարգի էլեկտրոնային հարթակին և թվային վերափոխման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել միջազգային գործընկերներին հետաքրքրող հարցերի շուրջ մտքերի փոխանակում և կողմերը ստանձնել են հանձնառություն շարունակելու համատեղ աշխատանքը հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում:
ՀՀ կառավարություն