«Կոպենհագենի հանդիպումից հետո երկու կողմերը տարածեցին հայտարարություն։ Ես առաջարկում եմ՝ որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, մենք հենվենք ոչ թե բանավոր քննարկումների, այլ գրավոր փաստաթղթերի վրա»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպմանը։
Նա նշեց, որ Կոպենհագենի հանդիպումից հետո ՀՀ եւ Ադրբեջանի տարածած պաշտոնական հայտարարությունն ասում է, որ քննարկվել է կոմունիկացիաների հարցը եւ TRIPP նախագիծը ՀՀ տարածքում։ «Այսինքն՝ երկու կողմերն այդպիսով արձանագրել են, որ ՀՀ տարածքում կա TRIPP նախագիծ։ Եվ այս հենքի վրա մենք տալիս ենք ձեր հարցի պատասխանը եւ լրացուցիչ վերահաստատում ենք ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, որ ՀՀ տարածքում, բացի խաղաղության խաչմերուկ եւ TRIPP ուղի նախագծերից ուրիշ նախագիծ չկա եւ չի կարող լինել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Ընդհանուր առմամբ, ես կարող եմ ասել, որ գոհ եմ Կոպենհագենի մեր քննարկումներից, մեր շփումներից եւ ընդհանրապես խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին կատարվող աշխատանքներից։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ դա անառարկելի փաստ է՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված։ Դա իրողություն է, այդ իրողությունը նույնիսկ դժվար է չնկատել»։
Անդրադառնալով ՀՀ Սահմանադրության վերաբերյալ ադրբեջանական կողմի պահանջներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Սահմանադրության փոփոխության թեման մեր արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք։ Մենք Սահմանադրության վերաբերյալ ունենք ներքին օրակարգ, եւ այդ ներքին օրակարգի վերաբերյալ հստակ, աներկբա հայտարարվել է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ