Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անող բեռնատարների վարորդների հետ այսօր հանդիպեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք, որ վարորդները բողոքում են ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին ֆեդերալ օրենքի փոփոխությունից, որն արդեն ուժի մեջ է մտել: Ըստ այդմ՝ հունվարի 1-ից ոչ վիզային երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր ՌԴ-ում գտնվելու փոխարեն օրացուցային տարվա ընթացքում այլեւս կարող են գտնվել գումարային 90 օր: Այսինքն՝ ժամկետը կրճատվում է երկու անգամ։ Վարորդներն ասում են, որ այդ ժամկետը շատ քիչ է՝ հաշվի առնելով նաեւ այն, որ հայկական բեռնատարները շատ հաճախ օրերով հերթի մեջ են գտնվում Վերին Լարսի անցակետում։
Այսօր էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը վարորդներին հավատացրեց, որ կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանք է տանում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Գառնիկ Դանիելյանն ասաց, որ առաջին հերթին ՀՀ իշխանությունները պետք է լուծեն այս հարցը, բայց իրենք էլ իրենց ձեռքի տակ եղած գործիքակազմն օգտագործում են, պարբերաբար նամակներ են ուղղում ՌԴ պատկան մարմիներին։ Ըստ նրա՝ սա լուծվող խնդիր է։

Member of the National Assembly of the Republic of Armenia Garnik Danielyan is present at the drivers’ protest near the Government Building of Armenia. Yerevan, Armenia
«Պետք է փորձենք այս խնդրին արագ լուծում տալ, որովհետեւ սա ոչ միայն իրենց ընտանիքներին վերաբերող հարց է, այլ նաեւ կարեւոր նշանակություն ունի մեր տնտեսության համար։ Ոչ թե պետք է հասներ այս վիճակին, որ խնդիրը բարձրաձայնվեր, այլ եթե այս խնդիրներն առաջանում են, պետության գործառույթը հենց այն է, որ չհասնի այն վիճակին, որ ավելի դժվարանան պայմանները։ Կամ խի՞ պիտի հարյուրավոր մարդիկ, իմ տվյալներով, շուրջ 400-ից ավելի բեռնատարների վարորդներ այս խնդրին բախվել են։ Կարելի էր այնպես անել, որ չհասներ այս վիճակին»,- ասաց նա։
Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ այս իշխանությունները մարդկանց մանիպուլացնելու ու շեղելու ուղղությամբ են աշխատանք տանում, փոխանակ գործով զբաղվեն։ «Եթե մի քիչ սրտացավություն ու պրոֆեսիոնալիզմ լիներ, մի զանգով էս խնդիրը կլուծեին։ Այսինքն՝ ցանկության բացակայություն, իրենց գործը թողած՝ ուրիշ գործերով զբաղվեն, թիրախավորեն եկեղեցին։ Ի՞նչ գործ ունի էկոնոմիկայի նախարարը, իր գործը թողած՝ առավոտից իրիկուն եկեղեցին թիրախավորելով է զբաղված։ Այսինքն՝ իրենց տեղում չեն այս մարդիկ, դա է խնդիրը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ըստ Դանիելյանի՝ եթե այս խնդիրները պարբերաբար կրկնվում են, հիմնավոր կասկածներ կան, որ փորձում են ամեն ինչ անել, որ դեպի Ռուսաստան ուղին խնդիրներ ունենա, ասեն՝ այդ ուղին այնքան էլ նպաստավոր չէ, դրա այլընտրանքը Թուրքիան է։ «Իրենք առավոտից իրիկուն այդ թեզն են տանում, որ՝ մենք պետք է Թուրքիայի հետ առեւտուր անենք։ Խորքում նաեւ այդ խնդիրը կա»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ