Կվերանայվեն և կպարզեցվեն ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման սահմանված ընթացակարգերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Օրինագծերով առաջարկվում է վերանայել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը և էականորեն պարզեցնել դրանք:
Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի նախալրացում Պետական եկամուտների կոմիտեի կողմից, հայտարարատուներին տալ բավական տևական ժամանակ մուտք գործելու պետական եկամուտների կոմիտեի համակարգ և ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը, և ըստ այդմ և անհրաժեշտության՝ կատարելու համապատասխան փոփոխություններ և կամ լրացումներ։
Կարդացեք նաև
«Իսկ եթե չկա այդպիսի փոփոխությունների և լրացումների անհրաժեշտություն, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված։ Իհարկե, այս և հաջորդ տարվա համար ունենք անցումային ժամանակահատվածին հատուկ ավելի երկար վերջնաժամկետ, որը նոյեմբերի 1-ն է։ Եվ այս պարագայում, քանի որ մենք գործնականում չենք ունենալու հայտարարագրի չներկայացման դեպք, նախատեսվում է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքից հանել հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը, որը առաջին դեպքում նախազգուշացում էր, երկրորդ դեպքում՝ տուգանք։ Այդուհանդերձ, բոլոր այն հայտարարատուները, որոնք ունեն առողջապահության կամ կրթության գծով սոցիալական ծախսեր հետ ստանալու իրավունք և ցանկություն ունեն իրացնել իրենց այդ իրավունքը, պետք է մուտք գործեն էլեկտրոնային կառավարման համակարգ և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնեն իրենց համար նախագծված հայտարարագիրը»,- ասել է Արման Պողոսյանը:
Ֆինանսների փոխնախարարի խոսքով՝ միաժամանակ, որպեսզի հարկային մարմինը կարողանա հնարավորին չափ ամբողջական և որակյալ տեղեկատվություն զետեղել հայտարարագրի նախագծում, նախատեսվում է ընդլայնել երրորդ անձանց կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկատվության շրջանակը։ «Որպեսզի Կառավարությունն ավելի ճկուն ընթացակարգերով կարողանա շարունակել հայտարարագրման գործընթացի պարզեցումը, նախատեսվում է Կառավարությանը իրավասություն վերապահել սահմանելու որոշ եկամտատեսակներ, որոնք հայտարարագրման ենթակա չեն լինի կամ եկամտատեսակներ, որոնք հայտարարագրման ենթակա կլինեն որոշակի շեմը գերազանցելու դեպքում միայն»,-ասել է Արման Պողոսյանը։
Ըստ փոխնախարարի՝ Կառավարությունն առաջարկում է հետևյալ երկու կարևոր լրացումները կատարել օրենսդրական նախագծերի փաթեթում. «Առաջինն այն մասին է, որ ընտանիքի անդամների միջև նվազեցվող, այսինքն՝ չհարկվող եկամուտները չլինեն հայտարարագրման ենթակա։ Սրանով մենք էականորեն կպարզեցնենք հայտարարագրման գործընթացը, որովհետև մարդիկ ավելի շատ դժվարություններ ունեն այս ընթացիկ՝ ընտանիքի անդամների միջև կատարվող կենցաղային ծախսերի ֆինանսավորման նպատակով փոխանցումներից, և այս հարցը, ըստ էության, հիմնովին կլուծվի: Երկրորդ առաջարկն այն մասին է, որ եթե խոսքը երրորդ անձանցից ստացվող տեղեկատվությունների մասին է այն դրվագում, որ դա կարող է լինել, օրինակ՝ բանկային տեղեկատվություն, ֆինանսական այլ հաստատության կողմից տրվող տեղեկատվություն, ապա այն հարկային մարմնին փոխանցվի հայտարարատու ֆիզիկական անձի համաձայնության պարագայում միայն»:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «130000 մարդ արդեն ներկայացրել է հայտարարագիր, և մենք հնարավորություն ունենք վերլուծելու 130000 մարդու ներկայացրած հայտարարագրերը՝ պատկերը հասկանալու համար: Պարզվում է, որ հայտարարագիր ներկայացրած մարդկանց ավելի քան 60%-ն ինքնաշխատ ձևով ներկայացված հայտարարագրում ոչ մի փոփոխություն չի արել»:
Վարչապետը նշել է, որ սրանով քաղաքացին չի ազատվում հայտարարագիր լրացնելու պարտավորությունից. «Այդ ամբողջ հարկային պատմությունը գեներացվելու է, և եթե որևէ X պահի ի հայտ եկավ, որ մարդը պետք է տվյալ լրացնել և չի լրացրել, այդ դեպքում արդեն հարաբերությունների կարգավորման բոլորովին ուրիշ տրամաբանություն է գործելու՝ արդեն մեր օրենսդրության համաձայն»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՝ համընդհանուր հայտարարագրման համակարգը շատ կարևոր է. «Եվ ես ուրախ եմ, որ մենք այս ճանապարհը գտանք այդ համակարգը կայացնելու: Համակարգը սրանով արդեն ինքնաշխատ եղանակով կայանում է, և սա շատ կարևոր է: Հաջորդը՝ դարձյալ այդ նեգատիվը, որ ձևավորվում է հարկերի շուրջ: Կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի, բացարձակապես ոչ մի քաղաքացի, ինքն իր ընտանիքի բարեկեցության համար չի ծախսում ավելի շատ գումար, քան ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն»:
Վարչապետի դիտարկմամբ՝ այս փոփոխությունն էլ քաղաքացիների համար առավելագույն հարմարավետություն ստեղծելու տրամաբանությամբ է՝ հիմնված վիճակագրության վրա։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ այս համակարգով խնդիրն ամբողջապես և համակարգային ձևով լուծվում է:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծանուցումները նախատեսվում է իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով
Կառավարությունը հավանություն է տվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և այն համարել անհետաձգելի: Նախագծով առաջարկվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծանուցումները ֆիզիկական, ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Որպես էլեկտրոնային եղանակ նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց համար ծանուցումներ ստանալու միջոցը սահմանել ֆիզիկական անձանց պաշտոնական էլեկտրոնային փոստը, որին տրվում է նոր ձևակերպում ««Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար Հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջը: Նախագծով իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը համարվելու են պատշաճ ծանուցված ծանուցումը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից: Եթե իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջն ուղարկված ծանուցումը տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով, որի դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում տեղադրվելու օրվանից հետո՝ հինգերորդ օրը: Նախագծով ֆիզիկական անձիք համարվում են պատշաճ ծանուցված պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու օրվանից: Եթե ֆիզիկական անձին ուղարկված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումը «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվում է անձի հաշվառման հասցեով: Փոստային պատվիրված նամակը ֆիզիկական անձին ուղարկելուց յոթ օր հետո, եթե բացակայում է նամակը հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստումը, այդ թվում՝ երբ ֆիզիկական անձը հրաժարվում է փոստային պատվիրված նամակը ստանալուց, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով: Եթե առկա է ֆիզիկական անձի կողմից տրված գրավոր համաձայնություն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով տրված համաձայնություն կամ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված՝ նույնականացման քարտի ու հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցում տրված համաձայնություն, որով հստակ հավաստվում է, որ անձը համաձայն է ծանուցումները ստանալ բացառապես իր պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, ապա ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից: Համաձայն նախագծի՝ Անհատական և հրապարակային ծանուցումը տեղադրելը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ և պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը և ծանուցումը կարդալը հավաստելու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունները հաշվառելու (լոգավորման) և լոգերը պահպանելու կարգը սահմանում է Կառավարությունը: Նախագծով սահմանվում է, որ ծանուցման վերաբերյալ անձանց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին ուղարկվում է տեղեկացում: Նախագծով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ծանուցումները իրականացվում են պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, եթե այլ՝ էլեկտրոնային ծանուցման կարգ նախատեսված չէ օրենքով կամ այդ մարմինների միջև առկա չէ էլեկտրոնային հաղորդակցության այլ կարգ։ Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է տրվում իրականացնելու ծանուցում էլեկտրոնային եղանակով այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, եթե վերջիններս միացած են «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված տվյալների փոխանակման շերտին: Եթե առկա է ֆիզիկական անձի կողմից տրված գրավոր համաձայնություն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով տրված համաձայնություն կամ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված՝ նույնականացման քարտի ու հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցում տրված համաձայնություն, որով հստակ հավաստվում է, որ անձը համաձայն է ծանուցումները ստանալ բացառապես իր պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, ապա ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից՝ անկախ պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու կամ ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստման առկայությունից:
Նախագծով նախատեսվում է, որ ծանուցումների համակարգը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից:
Կարևորելով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս նախագիծը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում դե յուրե վերացվում է «ես ծանուցված չեմ» հասկացությունը։ «Եթե օբյեկտիվորեն և ողջամտորեն նայենք այս սխեմային, ըստ էության, տարբերակ չկա, որ մարդը նաև դե ֆակտո ծանուցված չլինի: Խնդիրն այն է, որ մինչև հիմա մենք բազմաթիվ իրավիճակների ենք բախվում, երբ մարդը դե ֆակտո ծանուցված է, բայց պետական մարմինները չեն կարողանում դե յուրե ապացուցել, որ անձը ծանուցված է: Սա տարբեր խնդիրներ է առաջացնում, և կարծում եմ, որ սա շատ էական և կարևոր փոփոխություն է»,- ասել է վարչապետը:
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ: Նշվել է, որ այս համակարգը կկրճատի նաև թղթաբանությունը, այդ թվում՝ դրա հետ կապված ծախսերը: Այս համատեքստում վարչապետը ներկայացրել է նաև վիճակագրություն, համաձայն որի՝ 4-5 միլիարդ դրամ տարեկան միայն թղթային ծանուցումների համար է ծախսվում:
Նպաստավոր պայմաններ կստեղծվեն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու համար. դրանց ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի 1 տարով
Հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար: Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարել՝ էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների, մոպեդների համար ԱԱՀ-ից ազատման գործող արտոնությունը երկարաձգելով ևս 1 տարով:
Նախարարը նշել է, որ էլեկտրական շարժիչով վերոնշյալ տրանսպորտային միջոցները մինչև 2026-ի հունվարի 1-ը ազատված են ԱԱՀ-ից, և որ այս արտոնությունը գործում է 2019-ից: «Հաշվի առնելով վերջինիս դրական արդյունքները՝ նպատակահարմար է այն երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ էլեկտրական տրանսպորտային միջոցների՝ երրորդ երկրներից ներմուծման համար ներկայումս գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնություն: Մասնավորապես, համաձայն Մաքսային միության հանձնաժողովի որոշման՝ Հայաստանը 2022-ին ունեցել է 7000 միավոր, 2023, 2024, 2025 թվականների համար՝ տարեկան 8000 միավոր էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների սակագնային քվոտա, որոնց ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվում»,- ասել է նախարարը:
Գևորգ Պապոյանը նշել է, որ ԱԱՀ-ի և մաքսատուրքերի ազատման արդյունքում աճել են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների՝ Հայաստան ներմուծման ծավալները: Մասնավորապես՝ 2023-ին ներմուծման ծավալը կազմել է 9635 միավոր, ինչը 2022 թվականի համեմատությամբ աճել է 75 տոկոսով, 2024-ին ներմուծման ծավալը կազմել է 11793 միավոր, ինչը 2023-ի համեմատությամբ աճել է 22 տոկոսով: «Միաժամանակ հարկ է նշել, որ տարեսկզբից մինչև հոկտեմբերի 14-ը, համաձայն ՊԵԿ-ի տեղեկատվության, ՀՀ է ներմուծվել էլեկտրական շարժիչով 3 ավտոբուս, 14,888 միավոր մեքենա: Այսինքն՝ սա նշանակում է, որ ավելի քան 3000 մեքենա է ավելի ներմուծվել անցած տարվա ընդհանուր թվի համեմատությամբ, և ևս 2634 միավոր մոտոցիկլետ և մոպեդ, ինչը նույնպես կարևոր ցուցանիշ ենք համարում: Վերոնշյալ ցուցանիշները ցույց են տալիս, որ տրամադրված արտոնությունները նպաստել են էլեկտրական տրանսպորտի ներմուծման և կիրառման տարածմանը, ուստի նպատակահարմար է շարունակել տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականությունը՝ երկարաձգելով ԱԱՀ-ից ազատման ժամկետը ևս 1 տարով՝ մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը»,- ասել է նախարարը:
Առաջարկվում է նաև այս արտոնությունը տարածել միայն այն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների վրա, որոնք թողարկվել են 2024-ին և դրանից հետ: «Արտոնության կիրառումը կնպաստի նաև շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ լրացուցիչ ներդրումների ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև ՀՀ ավտոպարկի թարմացմանը»,- նշել է Գևորգ Պապոյանը:
Նախարարը հավելել է, որ որոշումն ունի նաև բնապահպանական կարևորություն, որը վերաբերում է ՀՀ-ի ստանձնած պարտավորությանը՝ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելուն ուղղված:
Վարչապետն այդ համատեքստում անդրադարձել է Երևանի խցանումների խնդրին, որը կապված է մեքենաների թվի հետ և տեղեկացրել, որ Ներքին գործերի նախարարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին հանձնարարել է ճգնաժամային խումբ ստեղծել՝ խնդիրը համակարգված վերլուծելու և լուծումներ մշակելու համար։
Կառավարությունը միացել է կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման արշավին
Կառավարության այսօրվա նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերը կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է և տարբեր միջոցներով հիշեցնում են կանանց հետազոտման և տարեկան անհրաժեշտ կանխարգելիչ հետազոտություններն անցնելու մասին: Նախարարը նշել է, որ այս տարի ևս Երևանում մի շարք շենքերի վրա փակցվել են հիշեցնող պաստառներ: «Այս տարի պետությունը սկսել է սքրինինգային ընդլայնված ծրագիր՝ պետպատվերով փակվում է սոցփաթեթի շահառուների, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար մամոգրաֆիկ հետազոտությունների գումարը: Մեր ուսուցիչները, բժիշկները, տարբեր պետական ծառայողները, զինծառայողների ընտանիքի անդամները կարող են անվճար հետազոտվել: Մեր կարգախոսն է, որ 1 հետազոտությունը կարող է կյանք փրկել: Պետք է հիշեցնել, որ կրծքագեղձի քաղցկեղը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին մեծ հիվանդության և մահացության բեռ է, և նման արշավների միջոցով, գրագետ, ճիշտ, կանխարգելիչ միջամտությունների շնորհիվ մենք կարող ենք նվազեցնել թե՛ մահացությունը, թե՛, իհարկե, շատ ավելի լավ կյանքի որակ ունենալը: Եվ ես շնորհակալ եմ բոլորին, որ նաև Կառավարությունը միացել է այս իրազեկման արշավին»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե առողջապահական ապահովագրության մեջ սքրինինգները ներառվելու՞ են, ինչին ի պատասխան նախարարը հայտնել է. «Այո, ապահովագրության նպատակը լինելու է հիվանդության հայտնաբերումը վաղ փուլերում: Ավելի վաղ փուլերում ավելի արդյունավետ բուժում է տրամադրում: 10-ից ավելի բժշկական կենտրոններ հիմա իրականացնում են պետական ծրագրով սքրինինգային հետազոտություններ, և ապահովագրության փաթեթում էլ ներգրավված լինելու են նման ծրագրերը»:
Վարչապետը նշել է, որ իրազեկման տեսանկյունից ճիշտ կլինի նաև վիճակագրություն հրապարակել, թե վաղ հայտնաբերման քանի տոկոսի դեպքում է հիվանդության կանխարգելում ու բուժում արձանագրվում: «Քաղցկեղի հետ կապված մեր իմացությունը ժամանակի ընթացքում մեծանում է, և հիմա ընդհանրապես ամբողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ այն նախկին ընկալումը չկա, որ դա անբեկանելի դատավճիռ է: Բարեբախտաբար, շատ են դեպքերը, երբ հիվանդությունը բուժվում և հաղթահարվում է, բայց, իհարկե, սրանում շատ էական նշանակություն ունի վաղ հայտնաբերումը, և այդ առումով այս ծրագիրն իսկապես կարևոր է: Նաև, ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում տարածված ձևերից մեկն է, և շատ կարևոր է՝ հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, որպեսզի քաջալերենք մեր կանանց, որպեսզի հաճախակի կամ սահմանված ժամանակահատվածում այդ հետազոտությունն անցնեն: Իհարկե, առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ այս խնդիրն ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա կդրվի»,- ասել է վարչապետը:
Արձագանքելով՝ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ սքրինինգային ծրագրերի հատվածական ներդրումը, վիրահատությունների՝ պետական պատվերով փոխհատուցումները, որոշակի դեղորայքի տրամադրումն արդեն իսկ վիճակագրության վրա լավ ազդեցություն են ունեցել: «Մենք 2023 և 2024 թվականի տվյալներով ունենք մահացության նվազում քաղցկեղի հիվանդությունների պարագայում: Ունենք հայտնաբերման ավելացում, բայց մահացությունների թվի կրճատում, ինչը լավ ընթացք է, և սա է մեր նպատակը, որ հնարավորինս վաղ հայտնաբերենք, հնարավորինս շատ հայտնաբերենք բոլոր դեպքերը, և ճիշտ բուժման արդյունքում ունենանք լավ ելքեր»,- ասաց նա:
Քննարկվող թեմայի համատեքստում վարչապետն անդրադարձել է կրթության կարևորությանը՝ ընդգծելով, որ է Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման առանցքը կրթությունն է։ «Խնդրում եմ, ներեցեք կրկնվելու համար, բայց ես նորից համոզվում եմ՝ չկա գեթ մեկ խնդիր, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով։ Ես վերհիշում եմ իմ գործունեությունը թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես պատգամավոր, և չեմ կարող հիշել որևէ հարց, որի լուծման հիմքում կրթությունը չլիներ։ Եթե գծվել է որևէ ուղղություն, որը չի անցնում կրթությամբ, ուրեմն դա լուծում չէ, դա պարզապես ձևակերպում է, որը արդյունք չի տալու: Սա էլ է շատ կարևոր հանգամանք, որ մենք Կառավարության նիստում հատուկ այս հարցին անդրադառնում ենք: Սա նաև կրթություն է մեզ համար: Ի վերջո, Կառավարությունն առաջնորդն է երկրի և հանրության, և Կառավարությունը պետք է առաջնորդի նաև այստեղ՝ մարդկանց իրազեկելով, ցույց տալով, հորդորելով, խնդրելով, ճանապարհը ցույց տալով, որպեսզի մենք կրկին չգնանք հասնենք այն կետերին, երբ օգնությունն արդեն միայն մխիթարանք է։ Այժմ մենք կարող ենք օգնել հենց այս մեթոդով՝ յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն օգնել: Եվ կոչն ու խնդրանք է մեր հարգելի կանանց, որպեսզի նրանք անպայման այս կանխարգելիչ հետազոտություններն անցնեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կապահովվի ինտենսիվ այգեգործության զարգացման նպատակով սուբսիդավորում միջոցառումների շարունակականությունը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրին, ինչպես նաև ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման նպատակով սուբսիդավորում միջոցառմանը գումար հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Արդյունքում՝ մասնակի կապահովվի Տնտեսության արդիականացման միջոցառմանը պետական աջակցություն և ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման նպատակով սուբսիդավորում միջոցառումների շարունակականությունը, ինչպես նաև «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցություն» միջոցառման շրջանակներում ֆինանսական միջոցներ կնախատեսվեն «Թավիթիան Վինյարդս» ՍՊԸ-ը վճարում իրականացնելու նպատակով։
Օրենսդրական այլ նախաձեռնություններ. նախատեսվում է թվայնացնել օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը
Գործադիրը հավանություն է տվել նաև «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Նախագծի նպատակն է թվայնացնել օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը, միաժամանակ ավելի դյուրին և արդյունավետ դարձնել օտարերկրացիների հաշվառման վարչարարության իրականացումը, հստակեցնել կացության կարգավիճակների տեսակներն ու կացության կարգավիճակ տալու վարույթի իրականացման մեխանիզմները և լուծում տալ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրների։ Հաշվի առնելով վերջին շրջանում դեպի ՀՀ ուղղված աշխատանքային միգրացիոն հոսքերի ակտիվությունը և այդ հոսքի կանոնակարգման անհրաժեշտությունը, նախագծում անդրադարձ է կատարվել նաև օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքային վիզայի տրամադրման հետ կապված հարցերին։ Մասնավորապես առաջարկվում է՝ ձևավորել օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների կառավարման էլեկտրոնային միասնական համակարգ, որին հասանելիություն կունենան գործընթացներում ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինները և որի տվյալների շտեմարանից կկարողանան օգտվել բոլոր շահագրգիռ մարմինները՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։ Նախատեսվում է ապահովել ՀՀ-ում օրինական բնակվող օտարերկրացիների նույնականացումը՝ սահմանելով օտարերկրացուն ՀՀ կողմից տրվող բնակության օրինականությունը հաստատող փաստաթղթերի հասկացությունը և սահմանափակելով օտարերկրացու կողմից միաժամանակ մեկից ավելի բնակության օրինականությունը հաստատող փաստաթուղթ ունենալու հնարավորությունը, ինչն էլ կբացառի օտարերկրացու կողմից տարբեր անհատական տվյալներով հանդես գալու և չարաշահումներ թույլ տալու դեպքերը։ Առաջարկվում է նաև պարզեցնել ՀՀ կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգը՝ թվայնացնելով դիմումների ներկայացման և քննարկման գործընթացները։ Դա հնարավորություն է տալու օտարերկրացուն խուսափել անհարկի հերթերից և կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնել բացառապես առցանց եղանակով, նույն եղանակով էլ ստանալ տեղեկատվություն իր դիմումի ընթացքի վերաբերյալ։ Օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային միասնական հաշվառման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովել ոլորտում պետության լիազորությունների արդյունավետ իրականացումը, կառավարելիության բարելավումը։ Միաժամանակ, ապահովել կացության կարգավիճակ տալու համար հիմք հանդիսացած հանգամանքների նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը։ Օտարերկրացիներին մատուցվող որոշ ծառայությունների համար պետական տուրքի սահմանումը, այդ թվում՝ դիմումների քննարկման համար պետական տուրքի գանձումը, կացության կարգավիճակների արտոնությունների քաղաքականության վերանայումը թույլ կտա որոշակիորեն փոխհատուցել այդ ծառայությունների մատուցման համար պետության կողմից կատարվող ծախսերը և ավելացնել ՀՀ պետական բյուջեի եկամուտները։
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Առաջարկվող լրացումներով կարգավորվում է նախկինում պետական սեփականություն հանդիսացող և համապատասխան համայնքներին Կառավարության որոշումներով փոխանցված, փոխանցման պահին Կառավարության վերոնշյալ որոշումներով չմասնավորեցվող դասված, սակայն դրանից հետո համայնքների գլխավոր հատակագծերում կամ հողամասերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում, ինչպես նաև դրանցում իրականացված կամ իրականացվող փոփոխություններում նշված հողամասերի մասով նման սահմանափակում չնախատեսող հողամասերի հետագա տնօրինումը՝ առանց նշված որոշումներում փոփոխություն կատարելու համայնքի ղեկավարի կողմից տրված՝ տվյալ հողամասը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում այլևս ընդգրկված չլինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։ Միաժամանակ, անցումային դրույթներով նախատեսվում է օրենքի գործողությունը տարածել նաև դեռևս չօտարված այն հողամասերի նկատմամբ, որոնց նպատակային կամ գործառնական նշանակությունը (հողատեսքը) քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով փոփոխվել է մինչև ներկայացվող օրինագծի ուժի մեջ մտնելը:
Հավանություն է տրվել «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը միտված է ՀՀ-ում գնահատման գործունեության զարգացմանը՝ այն դարձնելով առավել մրցունակ, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխանող։ Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետությանը ներգրավվել միջազգային գնահատման շուկայում և ստեղծել այնպիսի համակարգ, որն ապահովում է բարձր որակի, վստահելի և ներդրումներին նպաստող ծառայությունների մատուցում։ Օրինագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գնահատման ծառայությունների որակի բարձրացում: Միջազգային ճանաչում ունեցող մասնագետների և կազմակերպությունների ներգրավումը կնպաստի նոր մեթոդաբանությունների և գործիքների կիրառմանը։ Միջազգային մասնագետների և տեղական մասնագետների համատեղ գործունեությունը կստեղծի առողջ մրցակցային դաշտ։ Արդյունքում՝ կբարձրանա ծառայությունների մատուցման մակարդակը, կնվազի մոնոպոլիզացիայի ռիսկը, իսկ պատվիրատուները կստանան առավել որակյալ և բազմազան ծառայություններ։ Օտարերկրյա ներդրողների համար կձևավորվի վստահելի միջավայր, քանի որ նրանք հնարավորություն կունենան օգտվել միջազգային ճանաչում ունեցող մասնագետների և կազմակերպությունների ծառայություններից։ Սա կնպաստի ներդրումային ծրագրերի իրականացման արագացմանը, կնվազեցնի ներդրողների ռիսկերը և կբարձրացնի Հայաստանի գրավչությունը՝ որպես ներդրումային ուղղություն։ Նախագծով սահմանվող կարգավորումների շնորհիվ ՀՀ որակավորված գնահատողները հնարավորություն կունենան նույն փոխադարձության սկզբունքով իրականացնել համապատասխան գործունեություն այն պետություններում, որտեղ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը նախատեսում են նման հնարավորություն։ Այս մոտեցումը կնպաստի մեր մասնագետների ծառայությունների միջազգային ճանաչմանը և շուկայի ընդլայնմանը։
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ և 444-րդ հոդվածներով նախատեսված արարքի սուբյեկտների շրջանակը՝ « ՀՀ օրենսդրությամբ սահմանված`» բառերը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով փոխարինելով: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝ հստակեցնել հանցակազմերի սուբյեկտի շրջանակը, կանխել գործնականում առաջացող լայն մեկնաբանությունների և հակասությունների ռիսկերը՝ հանցակազմի օբյեկտի և սուբյեկտի հետ կապված: Ըստ հիմնավորման՝ յուրաքանչյուր տեսակի հայտարարագիր չներկայացնելու կամ դրանում կեղծ տվյալներ ներկայացնելու, կամ ներկայացված տվյալը խեղաթյուրելու համար օրենսդիրը սահմանել է առանձին քրեական պատասխանատվություն: Հետևաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով նախատեսված է ոչ թե առհասարակ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր, այլ կոնկրետ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերի չներկայացնելու, դրանում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:
Հավանություն է տրվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է ապահովել միասնական կառուցակարգերի և մեթոդաբանության հիման վրա կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին համապատասխան գործառույթների և լիազորությունների վերապահման միջոցով: Օրինագծով առաջարկվում է ներդնել կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ հետևյալ մարմիններում և կազմակերպություններում՝ հանրային իշխանության մարմիններ, առողջապահության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներ, 50 տոկոս և ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող ընկերություններ: Ըստ հիմնավորման՝ կոռուպցիոն ռիսկերի գնահատման նպատակով Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի սահմանում է գնահատման ենթակա գործընթացը՝ հիմնվելով մեթոդաբանությամբ սահմանված ռիսկային չափորոշիչների վրա։ Այսպիսով, համակարգի ներդրումը կապահովի ոչ միայն առկա հակակոռուպցիոն և կառավարման մեխանիզմների բազմակողմանի գնահատում, այլև կնպաստի բարեփոխումների իրականացմանը և կոռուպցիոն ռիսկերի արդյունավետ կառավարմանը պետական և համայնքային մարմիններում ու կազմակերպություններում։
Այլ որոշումներ
Գործադիրն ընդունել է «ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Դատապարտյալների հիվանդանոցի գործունեության շարունակական պահպանումը հակասում է բժշկական օգնության և սպասարկման ոլորտում ընդունված միջազգային ստանդարտներին: Միաժամանակ, հիմնարկի գործունեության դադարեցումը հնարավորություն կտա առավել թիրախային և արդյունավետ օգտագործել հատկացված ռեսուրսները և ֆինանսական միջոցները, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող դատապարտված և կալանավորված անձանց բուժումը կազմակերպել առավել մասնագիտացված ստորաբաժանման կողմից: Հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծված Առողջապահության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը կազմակերպել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտի պահանջների լիարժեք կատարումը՝ հրապարակելով Հայաստանի Հանրապետության հերթական (2023-2024 թթ. հաշվետու ժամանակահատվածը ներառող) ազգային զեկույցը, որը տրամադրում է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ համապարփակ, համադրելի և հանրամատչելի տեղեկատվություն։ Զեկույցի հրապարակումը կնպաստի ոլորտի թափանցիկության բարձրացմանը, հանրային վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանը և ՀՀ-ի՝ որպես ԱՃԹՆ անդամ երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարմանը։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ