Հոկտեմբերի 15-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հայաստանում հնագիտական տուրիզմի զարգացումը․ Գառնիի խճանկարների վերականգնումը և հայ-իտալական գործունեությունը Դվինում և Արուճում» խորագրով աշխատաժողովը։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը իր ողջույնի խոսքում կարևորեց նմանատիպ աշխատաժողովների դերը հնագիտական ժառանգության պահպանության և միջազգային համագործակցությունների խթանման գործում։ Նա նշեց, որ թանգարանը մշտապես աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են գիտական ուսումնասիրությունների և մշակութային ժառանգության հանրայնացմանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր խոսքում ընդգծեց աշխատաժողովի կարևորությունը Հայաստան–Իտալիա բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացող համագործակցության շրջանակում՝ շնորհակալություն հայտնելով դեսպանատանը և գործընկեր կառույցներին։
Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին իր ողջույնի խոսքում նշեց, որ հայ և իտալացի ժողովուրդները կապված են հազարամյա
Կարդացեք նաև
մշակութային ժառանգությամբ և հավելեց, որ հնագիտությունը ոչ միայն անցյալի հիշողությունների վերագտնում է, այլև ապագային ավելի պայծառ նայելու հնարավորություն։
Բանախոսները ներկայացրին Գառնիի խճանկարի վերականգնման և պահպանման աշխատանքների արդյունքները, որոնք իրականացվել են Opificio delle Pietre Dure և Ֆլորենցիայի համալսարանի մասնագետների կողմից, Դվինում և Արուճում արձանագրված հնագիտական հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև հնագիտական տուրիզմի զարգացման նախադրյալները Հայաստանոմ։
Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին։
Թանգարանը ՀՀ ազգային նշանակության մշակութային կենտրոններից մեկն է, կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության թանգարան (2003թ.):
Կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։
Պահպանում է ավելի քան 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու։ Թանգարանն իր հավաքածուները համալրում է հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։
Արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մինչև մեր օրերը։
2023 թվականից թանգարանի երկու մասնաճյուղերն են հանդիսանում Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը և Կոտայքի երկրագիտական թանգարանը։
Հայաստանի պատմության թանգարան