ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արսեն Ղուկասյանի քաղաքական հետապնդման վերաբերյալ
Ներածություն
Հոկտեմբերի 7-ին մեկ ամսով կալանավորվեց 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված կամավոր Արման Ղուկասյանի եղբայր և անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։
Ա․ Ղուկասյանը, անհայտ կորած այլ անձանց հարազատների հետ ավելի քան 4 տարի պետական մարմիններից պահանջում է քայլեր անել անհետ կորած և բռնի անհետացած իրենց հարազատների ճակատագիրը պարզելու համար։ Այս տարիներին անհետ կորածների հարազատները խաղաղ հավաքների միջոցով մի շարք, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների առջև հարցը բարձրաձայնելով նախաձեռնել են հանրային իրազեկման միջոցառումներ, ակնկալելով պետական մարմիններից խնդրի լուծումներ։
Հավաքի համատեքստը
Հերթական անգամ Ա․ Ղուկասյանը, պատերազմի ընթացքում անհետ կորած այլ անձանց հարազատների հետ սեպտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի և խորհրդականի հետ հանդիպման ակնկալիքով հավաքվել էին ՊՆ շենքի մոտ։ Հանդիպման մասին նրանց հավաստիացրել էին ՊՆ-ից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին (44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը) առանց ժամ նշելու։ Խախտելով խոստումը՝ հավաքվածներին առաջարկել էին երեք հոգու պատվիրակել ԳՇ պետի փոխարեն մեկ այլ պաշտոնյայի հետ հանդիպման համար։
Կարդացեք նաև
Քանի որ խնդրի հասցեատերը ԳՇ պետն էր, անհետ կորած անձանց հարազատները մերժել էին նոր առաջարկը։ Մոտ 5 ժամ սպասելով ակնկալվող հանդիպմանը, որպես բողոքի նշան նրանք որոշել էին արգելափակել շենքի մուտքերը։
17:30-ի սահմաններում, Արսեն Ղուկասյանը գտնվել է ՊՆ դիմացի անցագրային կետի մոտ, և իրեն զանգել տեղեկացրել են, որ հետնամասի անցագրային կետի մոտ ռազմական ոստիկանության (ՌՈ) ծառայողները քաշքշում են ծնողներին։
Ըստ ականատեսների՝ հետնամասի անցագրային կետի մոտ հրմշտոցը սկսել է այն բանից հետո, երբ ելքը ազատելու պահանջին ի պատասխան ծնողների կողմից մերժում ստանալով՝ ՌՈ ծառայողը վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծնողի հասցեին։
Արսեն Ղուկասյանը այլ ծնողների հետ իր մեքենայով մոտեցել է միջադեպի վայր, և տեսնելով, որ ծնողներին ՌՈ ծառայողները քաշքշում են, այդ թվում՝ ՌՈ ծառայողներից մեկը բռունցքով հարվածել է ծնողներից մեկի ծոծրակին, զայրացել է, իր մեքենայի բեռնախցիկից հանել է ձեռնափայտը՝ վազել այդ ուղղությամբ, բայց նրան հանդարտեցրել են ծնողները և այդ ձեռնափայտով ոչ ոքի չի հարվածել։
Վարչարարությունը
Ռազմական ոստիկանությունը Պաշտպանության նախարարությանը ենթակա կառույց է։ Նրա գործառույթները բացառապես վերաբերում են ռազմական ոլորտում հանցագործությունների հակազդմանը և գույքի պահպանությանը։ Հասարակական կարգի պահպանության, առավել ևս՝ խաղաղ հավաքների վարչարարության փորձ այս ստորաբաժանումը երբեք չի ունեցել, հետևաբար չի տիրապետում երկխոսության, բանակցություններ վարելու և միջնորդության հմտություններին, որոնք անհրաժեշտ են հնարավոր կոնֆլիկտները նախականխելու և լարվածությունը թուլացնելու համար։
Հարկ է նշել, որ հավաքն ընթանում էր օրենքի բոլոր, ներառյալ՝ մինչև 100 մասնակից ունեցող հավաքների վերաբերյալ պահանջների պահպանմամբ։ Հաշվի առնելով հավաքի համատեքստը՝ մասնակիցների փոքր քանակը, բարձրացված խնդրի զգայունությունը, ակնհայտ է, որ բանակցային առավել որակյալ հմտություններ ունեցող ոստիկանության ստորաբաժանումների ներգրավումը պետք է առաջնահերթություն լիներ։ Դրա հնարավորությունը նույնպես առկա էր, քանի որ Երևանում նույն ժամանակահատվածում որևէ այլ հավաք չէր անցկացվում, այսինքն ոստիկանության համապատասխան ուժերը ազատ էին։
Այն հանգամանքը, որ հավաքի վայրից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա ներկա էին ՆԳՆ ոստիկանության զորքերի 20-ից ավելի ծառայողներ վկայում է, որ Ներքին գործերի նախարարությունը տիրապետում էր տեղեկատվությանը, հավաքի համատեքստին և այն հանգամանքին, որ իր գործառույթը փաստացի իրականացվում է ՊՆ-ին ենթակա կառույցի կողմից։ Այս պարագայում նախարարությունը պարտավոր էր, ի թիվս այլոց, նշանակել իր ներկայացուցչին, այդ մասին հայտնել հավաքի կազմակերպչին և իր իրավասությունների սահմաններում աջակցել հավաքին։
Խաղաղ հավաքի վարչարարությանը դրա համար չնախատեսված ուժային ստորաբաժանում ներգրավելը ինքին վկայում է, որ պետությունը աջակցելու նպատակ չի ունեցել, ինչը նրա առաջնային պարտականություններից է։
Ա․ Ղուկասյանի մեղադրանքը
Ա․ Ղուկասյանին ներկայացվել է խմբի կազմում «խուլիգանության» և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու մեղադրանք։ ՀՀ քրեական օրենսգրքով խուլիգանությունը հետևյալ արարքն է․
«Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով»:
ՀՀ քրեական օրենսգրքով պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու ձևերից է պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը:
Դատարանին ներկայացված կալանքի միջնորդությունում մեղադրողը ներկայացրել է հետևյալ «հիմնավորումները»․
«Մեղադրյալը տարբեր ժամանակներում աչքի է ընկել անհայտ կորած զինծառայողների և հարազատների հետ հավաքներին, նշված իրադարձություններում պարբերաբար դրսևորել է առավել ագրեսիվ և ակտիվ վարքածով հավաքված անձանց շրջանակում, զբաղեցրել է ղեկավար դիրք
(…)
Բացի այդ, քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի ընթացքում կազմակերպչական բնույթի գործողություններ է կատարել, ուստի առկա է ենթադրություն առ այն, որ հետագայում պատժից խուսափելու համար հնարավոր է կազմակերպի նմանատիպ հավաքներ, ինչպես ՊՆ վարչական համալիրի, այնպես էլ պետական կառույցների մոտ։»
Եզրակացություն
Խաղաղ հավաքի վարչարարությանը դրա իրավասությունը չունեցող, ցուցարարների հետ բանակցելու, պատշաճ հաղորդակցվելու հմտություններին հմտություններին չտիրապետող ստորաբաժանում ներգրավելով (այն էլ այնպիսի զգայուն հարցի շուրջ հավաքի պարագայում, երբ նման հմտություններն առաջնահերթ են)՝ պետությունը փաստացի խախտել է խաղաղ հավաքների ազատությանն աջակցելու պարտավորությունը։
Խուլիգանությունը պետք է արտահայտվի որոշակի վայրում գտնվող հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ Եթե անգամ տեղի է ունեցել հասարակական կարգի կոպիտ խախտում, սակայն չի դրսևորվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ապա այն չի կարող որակվել որպես խուլիգանություն: Պաշտոնատար անձի օրինական ծառայողական պարտականություններին միջամտելու նպատակով սպառնալիքը պետք է ունենա որոշակի արտահայտման ձև և իրականանալու իրական վտանգ պարունակի, ինչը չի եղել:
Փաստորեն, մարդու՝ խաղաղ հավաքներ կազմակերպելու իր Սահմանադրական իրավունքից օգտվելու հավանականությունը մեղադրող կողմը գնահատել է որպես «հետագայում պատժից խուսափելու» ռիսկ։ Իհարկե, առաջին իսկ հայացքից զավեշտալի է նման կապ տեսնելը՝ ինչպե՞ս կարող է հավաք կազմակերպելը հանգեցնել «պատժից խուսափելուն»։ Մյուս կողմից՝ Սահմանադրական ազատությունից օգտվելով պետական մարմիններին պահանջներ ներկայացնելը մեկնաբանելով որպես բացասական երևույթ, խեղաթյուրվել է մարդու իրավունքներ հասկացությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Արսեն Ղուկասյանը որևէ բռնություն չի գործադրել, նրան ազատությունից զրկելը կրում է պատժելու նպատակ՝ պայմանավորված իր հանրային ակտիվության հետ։ Արսեն Ղուկասյանի դեմ հետապնդումը ամբողջությամբ համապատասխանում է խղճի բանտարկյալի (ըստ «Ամնեսթի Ինթերնեյշնլ» կազմակերպության) և քաղաքական բանտարկյալի (ըստ ԵԽԽՎ 1900 բանաձևի) սահմանումներին։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակն է քաղաքական հետապնդումների բացահայտումը, դրանց արձագանքելն ու կանխելը, ինչպես նաև քաղաքական իրավունքների պաշտպանությունը:
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն