Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի 05.09.2025 թվականի թիվ 02/05.31/29080-2025 գրության՝ սույնով ներկայացնում ենք ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհրդի դիտարկումները․
Նախագծի ընդունման դեպքում առանձին տեսալսողական ծրագրի շրջանակներում մշակութային և կրթական բովանդակության տարածումը հանրապետական ծածկույթ ապահովող հանրային մուլտիպլեքսով այլևս երաշխավորված չի լինելու, քանի որ «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն յուրաքանչյուր հանրային հեռարձակող առանց հեղինակազորման և սլոթի օգտագործման լիցենզիայի հանրային մուլտիպլեքսի միջոցով կարող է սփռել առավելագույնը երկու ծրագիր։
Կարծում ենք, որ հանրային մուլտիպլեքսը տվյալ դեպքում էական նշանակության ունի՝ պայմանավորված իր առավելագույն ծածկույթ ապահովելու տեխնիկական հնարավորություններով։
Հաշվի առնելով այն փաստը, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը արդեն իսկ հեռարձակում է երկու տեսալսողական ծրագիր հանրային մուլտիպլեքսի միջոցով՝ հավելյալ տեսալսողական ծրագրի հեռարձակման համար հանրային հեռարձակողը սլոթի օգտագործման լիցենզիա ստանալու համար պետք է մասնակցի համապատասխան մրցույթի և ներկայացնի համեմատաբար մրցունակ հայտ։
Կարդացեք նաև
Նման պայմաններում հնարավոր է, որ մշակութային և կրթական ուղղվածության տեսալսողական ծրագրի սփռումը հանրային մուլտիպլեքսի միջոցով հանրային հեռարձակողի կողմից այլևս հնարավոր չլինի ապահովել։ Իսկ մեր գնահատմամբ նման բովանդակության տարածումը հատկապես հանրային հեռարձակողի կողմից անհրաժեշտություն է։
Մշակութային ուղղվածության տեսալսողական ծրագրերի դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել ազգային ինքնության պահպանման և մշակութային ժառանգության փոխանցման համատեքստում։
Բացի այդ, մշակութային և կրթական ուղղվածության բովանդակության սփռումը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը վերապահելու դեպքում՝ անհրաժեշտություն կառաջանա հատկացնել լրացուցիչ բյուջետային միջոցներ, քանի որ այն պետական ֆինանսավորումը, որն այժմ նախատեսված է Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության միջոցով նման բովանդակության սփռումն ապահովելու համար, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորած՝ այլևս բավարար չի լինելու ցանկալի արդյունք ստանալու համար։
Ամփոփելով վերոգրյալը՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը կարևորում է մշակութային ուղղվածության առանձին տեսալսողական ծրագրի պարտադիր առկայությունը և հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով։
Ընդունվել է ի գիտություն:
Հանրային հեռարձակողի խորհուրդ