Սկիզբը՝ այստեղ
Բազմիցս հնչած արտահայտություն, որի իրական կողմը յուրաքանչյուր հայի համար չսպիացող վերք դարձավ։ 2023 թվականի մայիսի 22-ին Փաշինյանը հայտարարեց. «Մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քառակուսի կիլոմետրով (որը ներառում է Արցախն ամբողջությամբ), եթե Ադրբեջանը ճանաչի ՀՀ ամբողջականությունը»։ Սա քաղաքական մանիպուլյացիայի դասական օրինակ է, երբ մի կողմից բառացիորեն չի ասում «Արցախը թողնում եմ Ադրբեջանին», մյուս կողմից՝ միջազգային իրավական փաստաթղթերով անում է հենց դա։ Փաշինյանը հայտարարեց, որ ԼՂ-ի «իրավունքների ապահովումը» Բաքվի պատասխանատվությունն է։ Լաչինի միջանցքի փակման եւ 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների ժամանակ ՀՀ-ն չմիջամտեց։ Արցախի Հանրապետությունը լուծարվեց՝ առանց ՀՀ աջակցությամբ պահպանվող որեւէ իրավական կարգավիճակի։ Բրյուսելյան եւ ՄԱԿ հարթակներում ՀՀ-ն ստորագրեց փաստաթղթեր, որոնք բացառեցին Արցախի անկախ կամ առանձնահատուկ կարգավիճակ ունենալու հնարավորությունը։ Արցախահայության պաշտպանությունը ներկայացվեց որպես Ադրբեջանի ներքին հարց։
Երկրի ղեկավարը հայտարարեց, որ իրեն տրված չէր արցախահայության եւ Արցախի պաշտպանության եւ նրանց անունից բանակցելու մանդատ, քանի որ իրեն Արցախում չեն ընտրել։ Պարո՛ն, այդ դեպքում ո՞վ էր քեզ Արցախը հանձնելու եւ Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ տվել։
Չասել «Արցախը թողնում ենք Ադրբեջանին» բառերով՝ չի նշանակում չանել դա գործով։ Փաշինյանը փաստացի եւ իրավականորեն դրեց Արցախի հարցի վերջակետը՝ հօգուտ Ադրբեջանի։ Նրանք, ովքեր ճանաչում են Ադրբեջանի տարածքը՝ ներառյալ Արցախը, չպետք է մանիպուլացնեն հասարակությանը, ասելով՝ մենք դա չենք ասել։ Փաստաթուղթը խոսքն է պետության։
Կարդացեք նաև
Շարունակելի
Տաթեւ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
«Առավոտ» օրաթերթ
17.10.2025