Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Ի՞նչ ճակատագիր ունեցավ ԵՄ-ի խոստացած 2,5 միլիարդ դոլարը․ Վասիլիս Մարագոսը մանրամասնում է

Հոկտեմբեր 17,2025 10:41

2021 թվականին՝ չորս տարի առաջ, ԵՄ-ն խոստացավ 2,6 միլիարդ եվրո ներդնել Հայաստանում։ Հետո գումարը նվազեց՝ 2,5 միլիարդ դարձավ։ Թե ի՞նչ ճակատագիր ունեցավ այդ խոստումը՝ տարեցտարի քննարկումների հարց է դառնում խորհրդարանում, սակայն հայաստանյան պատկան պաշտոնյաներից այդպես էլ հստակ պատասխաններ չեն հնչում։

Aravot.am-ը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսից հետաքրքրվեց՝ որքա՞ն գումար է արդեն ներդրվել եւ ի՞նչ ծրագրերում։

Դեսպանն ասաց՝ դա կարեւոր հանձնառություն էր, որը ԵՄ-ն ստանձնել է 2021-ից սկսած։ Նա հիշեցրեց՝ 2025-ի հուլիս ամսվա ընթացքում, Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ունեցած հանդիպումները Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Անտոնիո Կոստայի հետ, որից հետո հայտարարվեց՝ 2,5 միլիարդ եվրոյի ներդրումներն ընթացքի մեջ են եւ դրանք հասնելու են Հայաստան։

«Դրանք նախագծեր են, որոնք արդեն իսկ իրագործված են կամ կան՝ նախապատրաստական փուլում են։ Օրինակ, Սիսիանից Քաջարան մայրուղին՝ թունելի հետ միասին, այդ նախաձեռնության մաս է եւ դրանք բոլորը ներդրումներ են, որոնք մենք կատարում ենք ԵՄ բյուջեից, նաեւ վարկերի տեսքով, որոնք Հայաստանի կառավարությունն է վերցնում, ինչպես նաեւ այլ գործընկերների կողմից՝ «Թիմ Եվրոպա» ծրագրի համատեքստում։ «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնությունն է, որի շրջանակներում էլ իրականացվում է շրջայցը։ 2,5 միլիարդի մեջ կա նաեւ «Կանաչ Երեւան» նախաձեռնությունը, 87 ավտոբուսները, որոնց ձեռքբերման հարցում մենք օգնել ենք, ֆինանսավորել ենք, ավելի քան 50 մանկապարտեզներ Երեւանում, որոնք վերանորոգվել են։ Ինչպես նաեւ ներդրումները, որոնց նպատակն է բարելավել էլեկտրաէներգիայի հաղորդալարերը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որը շատ կարեւոր է՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկան բացելու համար, թույլ տալու, որ ավելի շատ կանաչ էներգետիկայի ներդրումներ լինեն երկրում։ Հայաստանը շատ մեծ ներուժ ունի արեւային, ֆոտովոլտային վահանակների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության՝ ամբողջ տարածաշրջանի համար, որը, հուսամ, խաղաղության ներկայիս գործընթացի շրջանակում տեղի կունենա եւ նոր բազմաթիվ հնարավորություններ կընձեռի։ Դրանք միայն հնարավորություններ չեն բիզնեսի համար, դրանք հնարավորություններ են հայ ժողովրդի համար, Հայաստանի տնտեսության համար՝ ավելի շատ եւ ավելի որակյալ աշխատատեղեր ապահովելու տեսանկյունից»,- մանրամասնեց դեսպանը։

«Մենք այստեղ չենք զուտ միայն աջակցություն ցուցաբերելու համար։ Մենք գալիս ենք, որպեսզի ուս-ուսի տված ձեր կողքին կանգնենք՝ Հայաստանին տալով ավելի դիմակայուն, ավելի անկախ, ավելի ինքնիշխան կարգավիճակ»,- շարունակեց նա՝ հատուկ ընդգծելով նաեւ, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը դեռ Հայաստանում է, որը «մեծ աջակցություն է ցուցաբերել»։ Ու հենց դա, ըստ Վասիլիս Մարագոսի, վկայությունն է նրա, որ ԵՄ-ն մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, երկու երկրների հարաբերությունների նորմալացմանը, ինչն էլ իր հերթին վկայում է ԵՄ-ի, եվրոպական ժողովրդի՝ Հայաստանի հանդեպ համերաշխության մասին։

ԵՄ պատվիրակության ղեկավարը եւ Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններն այս օրերին Սյունիքի մարզում են՝ ծանոթանալու «Դիմակայուն Սյունիք» ծրագրի ընթացիկ եւ ամփոփիչ արդյունքներին։ Դեսպանը կարեւորեց՝ «Դիմակայուն Սյունիք» ծրագրի նախաձեռնություններից օգտվում են մարդիկ՝ քաղհասարակության միջոցով։ «Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակներում 200 միլիոն եվրոյի ներդրումներ են նախատեսվում:

Հիշեցնենք, Եվրոպական միությունը Հայաստանում Global Gateway ծրագրի շրջանակներում իրականացնում է երեք ծրագիր՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցում, որը լինելու է Հյուսիս-Հարավ միջանցքի մի մասը, 70 կմ երկարությամբ նոր ճանապարհի կառուցում՝ ներառյալ Բարգուշատ թունելը՝ 8,6 կմ։ Երկրորդ ծրագիրը Սյունիքում ազատ տնտեսական գոտում լոգիստիկ և մաքսային նոր կենտրոնի կառուցումն է, իսկ երրորդը՝ Երևանում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031