Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրում խախտվել է աշխարհիկության սկզբունքը, իշխանությունների տարանջատման սահմանադրական պահանջը, դատական իշխանությունը՝ հլու-հնազանդ, կախված է մեկ անձի կամայականությունից. Ջենեսիս Արմենիա

Հոկտեմբեր 17,2025 14:49

Genesis Armenia. Հայ եկեղեցու հոգևոր առաջնորդության դեմ անկասելի արշավի քողի ներքո ՀՀ քաղաքական իշխանությունն, իրականում, գաղափարական արկածախնդիր արշավ է մղում ընդդեմ հայկական ազգային եկեղեցու գաղափարախոսության և համակարգի: Բագրատ, Միքայել և Մկրտիչ սրբազանների, ինչպես նաև տասնյակ հոգևոր սպասավորների նկատմամբ հարուցված ապօրինի, շինծու քրեական գործերը, հետապնդումներն ու դատական ֆարս վճիռները հաստատում են, որ ՀՀ իշխանության նպատակը հայ եկեղեցու համակարգի կազմաքանդումն է:

Երկրում խախտվել է աշխարհիկության սկզբունքը, իշխանությունների տարանջատման սահմանադրական պահանջը, դատական իշխանությունը՝ հլու-հնազանդ, կախված է մեկ անձի կամայականությունից, պետական ուժային ինստիտուտները կայուն չեն, կորցրել են զսպվածությունը, քաղաքական չեզոքությունը, ավելին՝ ամրապնդում են իշխանության պարտադրած՝ պետություն-քաղաքացի չհաղթահարվող բարիկադները և տրամադրված են գործադրել զանգվածային ֆիզիկական բռնություն:

Սեփական իշխանությունը պահելու մարմաջով տառապող, քաղաքական լեգիտիմությունն ու դիմագիծը վաղուց կորցրած, անսկզբունքայնության կործանարար ճգնաժամ ապրող այս իշխանությունն ունակ է ցանկացած հակաժողովրդավարական քայլի, ընդհուպ՝ սեփական ժողովրդի դեմ անողոք բռնաճնշումների: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանրությանը դիտարկում է որպես «սպառնալիք», որին չեզոքացնելն իր և իշխանական խմբակի համար դարձել է ազգային անվտանգության խնդիր:

Իշխանությունը թշնամի է հայտարարել ազգային ինստիտուտներն ու խորհրդանիշերը և հանրությանը պահում է վախի բարոյազուրկ մթնոլորտում:

Հայաստանն այս ընթացքով անարգել գլորվում է դեպի վտանգավոր փուլ, որն անխուսափելիորեն տանելու է պետության քայքայման: Գահավիժման արգելակները սեղմել հնարավո՛ր է: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը, Հայաստանի և Սփյուռքի ազգային-պետականամետ և առաջադեմ բոլոր քաղաքական միավորներն ու անհատներն ունեն օրակարգային մեկ խնդիր՝ ինչպե՞ս կասեցնել հայկական պետականության և ազգային ինքնության համակարգի փլուզումը, ինչպե՞ս կանխել պետականակործան այս իշխանության վերարտադրվելու հնարավորությունները:
Հայաստանյան հանրային միջավայրը, ցավոք, դարձել է այլասերող տարատեսակ գաղափարախոսությունների, ապազգային համաշխարհային թրենդների, մանիպուլյատիվ խաղաղասիրության պատրանքների դրսևորման փորձադաշտ, ինչը պարարտ հող է՝ ազգային ներուժի ջլատման և ներհայկական թշնամանքի արմատավորման համար: Հետպատերազմյան երկրում պարտվածի հոգեբանությունը կարող է փոխակերպել միայն առաջընթացի տեսլական և ծրագիր ունեցող հայը, որը, անկախ իր կրոնական ընկալումներից ու համոզումներից, այս օրերին պիտի ողողի Հայաստանի և Սփյուռքի հայկական եկեղեցիների բակերը և լռելյայն սատարի իր ազգային ինքնության համար դարերով կռիվ տված եկեղեցու միասնության պահպանմանը:

Դատապարտում ենք ՀՀ իշխանության բռնաճնշումների բոլոր դրսևորումները, զորակցում քաղաքական դրդապատճառներով ապօրինի կալանավորված կամ ազատազրկված մեր աշխարհիկ ու հոգևորական հայրենակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031