«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ժողովրդավարական արդարադատության համակարգերում կալանքը երբեք չպետք է լինի բնական արձագանք կամ գործելաոճ։ Դրան պետք է դիմադրել միշտ, երբ պետությունը չի կարողանում ապացուցել հասարակական անվտանգությանը սպառնացող հստակ, կոնկրետ և անմիջական սպառնալիքը կամ դրանց իրական ռիսկը։
Որևէ կարգավիճակ, պաշտոն կամ հանրային հույզ երբեք չեն կարող արդարացնել կալանքը։ Այն արդարացվում է միայն ապացույցներով՝ իրական, վերստուգելի, անհատականացված ապացույցներով առ այն, որ ո՛չ մի այլ միջոց չէր կարող ավելի արդյունավետ լինել։
Այս իմաստով, ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի չափանիշները միանշանակ են. ազատությունը կանոն է, կալանքը՝ վերջին միջոց։
Կարդացեք նաև
Կալանքը չի «լուծում» ռիսկը, այն միայն «ուղարկում է» ազատազրկման վայր։ Եթե արդարադատության համակարգը չի կարողանում անվտանգ կերպով կառավարել կասկածյալին համայնքում, դա կալանքի տակ պահելու պատճառ չէ, դա համայնքային վերահսկողությունը բարելավելու հիմք է։
Հիմա, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի արդարադատության համակարգում, շատ ավելին է, քան մտահոգիչը։ Սա ինքնաոչնչացնող գործընթաց է, եթե կուզեք՝ «սուիցիդալ արդարադատություն»։
Այո, ոչ ոք՝ ո՛չ քահանան, ո՛չ փաստաբանը, ո՛չ միլիարդատերը ո՛չ զոհված/անհետ կորածի ծնողը, չի կարող օրենքից վեր լինել։ Ներկայիս գիտությունը չունի հանցավորության որևէ տեսություն, որ կհերքի կամ կպայմանավորի հանցավոր վարքը՝ որևէ գործունեության բնույթով, կոչումով կամ դասային աստիճանով։
Սակայն այն կերպը, որ պետությունն այսօր օգտագործում է իր քրեական արդարադատության «մեքենան», արդարադատություն չէ։ Ավելին, այն տանելու է ինստիտուցիոնալ քայքայման։ Մենք հասկանո՞ւմ ենք, որ արդարադատությանը հասցված այս վնասը անդառնալի է ապագա արդարադատության համակարգի և մեր սերունդների համար։
Եվ խոսքը բնավ կուսակցական-քաղաքական նախապատվությունների մասին չէ։ Խոսքը մեր արդարադատության համակարգի ապագա հոգեկան առողջության մասին է։ Եթե դատավորների հաջորդ սերունդը սովորի, որ «արագությունն ու հնազանդությունը» ավելի կարևոր են, քան անկախությունն ու մասնագիտական խիզախությունը կամ անաչառությունը, Հայաստանում արդարադատություն չի մնա բարեփոխելու։
Ու ամենածանրն այն է, որ ոչ վաղը, ոչ մոտ ապագայում, ոչ մի ազնիվ նախագահ կամ վարչապետ, ոչ մի անաչառ դատախազ ու քննչականի պետ կամ «ուժեղ տղա» նախարար ու դատավոր, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չեն կարողանալու «մաքրել» այս «ակտերը» (կամ, առնվազն շատ բարդ է լինելու)։
Որովհետև այս գործելաոճն ու դրանց արդյունքում կայացված որոշումները մնալու են մեր դատական համակարգում, առնվազն «դատալեքս»-ում ու վաղը դառնալու են դատարանների ինստիտուցիոնալ ԴՆԹ-ի մի մաս։
Ես երբեք չեմ մեղադրել կամ պաշտպանել կոնկրետ մարդկանց։ Ինձ համար մարդուն ծառայող համակարգերն են կարևոր։ Հիմա էլ չեմ պաշտպանում քահանաներին, փաստաբաններին կամ միլիարդատերերին։
Բայց ես ցանկանում եմ պաշտպանել օրենքի/իրավունքի գերակայությունը։ Դա միակ պաշտպանությունն է, որ մենք բոլորս պիտի ունենանք վաղը, «երբ քամին կփոխի իր ուղղությունը… »: