44-օրյա պատերազմում զոհված կամավոր Արման Ղուկասյանի եղբայր եւ անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանի դեմ նախաձեռնված քրեական վարույթը մոտեցել է ավարտին: Գործը շուտով կուղարկվի դատարան: Այս մասին այսօր հայտնել է Ղուկասյանի պաշտպան Տաթեւիկ Սողոյանը:
-Արսեն Ղուկասյանի գործը մոտեցել է ավարտին, շատ հարցեր հապճեպ են քննվել,շատ հարցեր բաց են մնացել: Բայց գործն իր բովանդակությամբ նույնն է մնացել: Մարդկանց կատաղեցրել են, իրենց որդիների մասին տեղեկություն ստանալու համար հանդիպում պահանջելու շրջանակներում, սպասեցրել են, խաբել են: Ասել են՝ կհանդիպենք, չեն հանդիպել, հրահրել են քաշքշուկ: Քաշքշուկի ընթացքում Արսենը ձեռնափայտն է վերցրել, դրանով ոչ մեկին չի հարվածել, ձեռնափայտը վերցնելը դիտարկել են ծառայողների նկատմամբ իրական սպառնալիք: Էդ գործողությունները որակել են խուլիգանական, մարդուն տարել են կալանքի, հիմա էլ գործն այս փուլով ավարտում են, ուղարկում դատարան,- ասաց Տաթեւիկ Սողոյանը:
Ըստ նրա՝ Ղուկասյանի՝ կալանքի տակ մնալուց տասը օր անց է իրենց հաջողվել Արսեն Ղուկասյանին տեղափոխել բուժհաստատություն՝ պարզելու առողջական վիճակը:
-Միջնորդել էինք, որ ոչ միայն սրտի սարքի աշխատունակությունը ստուգվեր, այլեւ առողջական ընդհանուր վիճակը, բայց միայն սարքը ստուգվեց: Արձանագրեցինք, որ սեպտեմբերի 29-ին միջադեպի ժամանակ սրտի սարքը կանխել է մեկ էական առիթմիա, դրանից հետո բարեբախտաբար սարքը նորմալ աշխատում է,- ասաց փաստաբանը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ բուժզննության ընթացքում, Ղուկասյանի մոտ արձանագրվել է նաեւ սրտի զարկերակային բարձր ճնշում:
-Որեւէ տեղեկություն չտալով մեզ այն մասին, թե ինչ է լինելու ոստիկանության կողմից բռնություն կիրառելու դեպքով, ենթադրյալ տուժողների կողմից առերեսումներ չիրականացնելու եւ մի շարք հարցերի չպարզաբանման պարագայում, որոշում է կայացվել ավարտել, ամենայն հավանականությամբ, մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը Արսենի մասով եւ ուղարկել դատարան,- հավելեց փաստաբանը:
Ի դեպ, պաշտպանը բողոքարկել է նաեւ Արսեն Ղուկասյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքն արդեն ներկայացվել է:
-Տեսնենք՝ ոնց կզարգանան իրադարձությունները,- ասաց պաշտպանը
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ