Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ նկարն իր տանն է». Մինասի «Ողբ-1915» գեղանկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հոկտեմբեր 17,2025 17:47

Գերմանաբնակ Հախնազարյանների ընտանիքն ու նրանց բարեկամներն այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում էին կարևոր մի առաքելությամբ: Տիկին Մարգրետ Հախնազարյանն ու նրա դուստրերը՝ Թալինն ու Շարիսը, թանգարան-ինստիտուտին որպես նվիրատվություն հանձնեցին Մինաս Ավետիսյանի «Ողբ -1915» գեղանկարը, որը 2000-ականների սկզբին գնել էր ընտանիքի հայրը՝ լուսահոգի ճարտարապետ Արմեն Հախնազարյանը: Շուրջ կես քառորդ դար Մինասի վաղ շրջանի այս ստեղծագործությունը հանգրվանել էր Գերմանիայում՝ որպես Հախնազարյանների ընտանեկան հավաքածուի մի մաս:

«Այս նկարի նվիրատվությունը մեր թանգարանի համար միայն հավաքածուի հարստացում չէ․ դա մի քայլ է դեպի հիշողության պահպանումը և փոխանցումը։ Այն վկայում է, որ արվեստը կարող է դառնալ մի կամուրջ՝ անցյալի և ներկայի, զոհերի ու վերապրածների, հիշողության և արդարության միջև», – ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Հախնազարյաններին՝ ասաց թանգարան-իստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Տիկին Մարգրետ Հախնազարյանն ընդգծեց, որ իրենց համար այս օրը կարևոր ու հիշարժան է և այսօրվանից թանգարան-ինստիտուտն իրենց ընտանիքի ու հարազատների հայաստանյան այցերի կարևոր մասն է դառնալու: Նա պատմեց ամուսնու մեծ ընտանիքի ողբերգական պատմությունը: Արմեն Հախնազարյանի պապը՝ Հարություն Հախնազարյանը, կինը, 10 և 12 տարեկան դուստրերը, 15 տարեկան որդին ու զարմիկը Նախիջևանի Ագուլիս գավառակի 1919 թ.-ի դեկտեմբերի 24-25-ի ցեղասպանության զոհերից էին:

Ընտանիքի անդամներից հրաշքով փրկվել են միայն Արմենի հայրը՝ 18-ամյա Հովհաննես Հախնազարյանն ու նրա ավագ քույրը՝ Համասփյուռը, որն այդ ժամանակ սովորում էր Թիֆլիսում:

Եվ քանի որ Ագուլիսում չկա հայկական գերեզմանատուն կամ որևէ հուշարձան, տիկին Մարգրետն ու դուստրերը որոշել են Մինասի այս գեղանկարը նվիրել իրենց ընտանիքի ու Ագուլիսի ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակին: Թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանն ընթերցեց այդ ամբողջ տեղեկության ամբողջական տեքստն ու ասաց, որ ցուցադրության ժամանակ այն զետեղված է լինելու գեղանկարին կից:

Գեղանկարը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին նվիրելու միտքը Արմեն Հախնազարյանի և նրա ընտանիքի բարեկամ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանինն է եղել, որը նույնպես ներկա էր նվիրատվության արարողությանը: «Կարծում եմ, որ այստեղ նկարն իր տանն է, ամենաճիշտ վայրում, որտեղ պիտի լիներ», – ասաց Գալչյանը՝ հավելելով, որ կուզեր միայն, որ իր ընկերը՝ Արմենն էլ ներկա լիներ այս արարողությանը, վստահաբար նա էլ կողմ կլիներ այս մտքին:

Մինասը, որի ծնողները նույնպես մազապուրծ էին եղել 1915 թ.-ի ցեղասպանությունից, այս նկարը ստեղծել է 1961-1965 թթ.՝ որպես գեղարվեստական խոսք տառապանքի, հավատքի և հույսի մասին: Ընդունված կարգի համաձայն գեղանկարը նվիրատվությունից առաջ ուղարկվել է մասնագիտական փորձաքննության՝ ստանալով հավաստիացնող պատասխան այն մասին, որ այն իսկապես հեղինակել է Մինաս Ավետիսյանը:

Միջոցառման ավարտին ներկաները բարձրացան Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031