Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի՝ Վարդան Ղուկասյանին հանրային կյանքից դուրս շպրտելու մասին հայտարարության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել քննչական

Հոկտեմբեր 17,2025 22:44

Վարդան Ղուկասյանի և նրա որդու Սպարտակ Ղուկասյանի շահերը պաշտպանող փաստաբան Արամայիս Հայրապետյանը հաղորդում է ներկայացել Շիրակի մարզային քննչական բաժին՝ պահանջելով ուսումնասիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին հնչեցրած արտահայտությունը, թե նրան դուրս պետք է շպրտել հանրային կյանքից:

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Արամայիս Հայրապետյանը:

«Մեր կողմից պաշտոնապես հայտարարություն է ներկայացվել քննիչին, որ Սպարտակ Ղուկասյանի գործը Վարդան Ղուկասյանի դեմ ուղղված հերթական միջոցն է, այնպիսի միջոց, ինչպիսին էր վարչապետի հայտարարությունը, երբ ասում էր, թե նրան պետք է դուրս շպրտենք նաև հանրային դաշտից։

Քաղաքական դաշտից անձին կարելի է դուրս հանել՝ ֆիզիկապես կենդանի թողնելով, բայց հանրային դաշտից, հանրության մեջ ապրելուց մարդուն, իմ պատկերացմամբ, հնարավոր է դուրս հանել՝ միայն սպանելով։

Հիմա մի հատ ճշտեք՝ արդյո՞ք վարչապետի հայտարարությունը սպանության կոչ, կամ սպառնալիք չէր, և արդյո՞ք Սպարտակ Ղուկասյանի գործը Վարդան Ղուկասյանի դեմ ուղղված սպառնալիքի հերթական դրսևորումը չէ։

Առնվազն հանցագործության մասին հաղորդում է, որ որոշակի ցածր կասկածանքով ներկայացվել է, և քննիչը գոնե պետք է այդ կասկածանքը ստուգելու համար վարույթ նախաձեռներ։

Քննիչն անգամ այն չի էլ դիտել ո’չ հայտարարություն, ո’չ միջնորդություն։ Հիմա սրանից ակնհայտ էլ ի՞նչ լինի համոզվելու, որ քննչականի համար օրենքն ու օրինականությունն էական չեն, իմ համոզմամբ՝ էական է այն, ինչ քաղաքական առումով է պատվիրված։

Եթե կա օբյեկտիվ քննություն, եթե սխալ եմ, գնացեք, քննեք, ասեք՝պարոն Հայրապետյան, ձեր տրված հաղորդման հետ կապված էս ինչ գործողություններ են եղել, պարզվել է, որ ձեր կասկածները տեղին չեն, նույնիսկ դա էլ չեն արել։ Հետևաբար և իրենց անգործությունը ֆիքսում է իրենց գործողությունների ապօրինությունը, որ քննվողը քաղաքական գործընթաց է»,-ասում է Արամայիս Հայրապետյանը։

Նա ասաց՝ քննչական ներկայացրած իր հայտարարության մեջ նշել է՝ հնարավոր է վարչապետը սխալ արտահայտություն է օգտագործել՝ այլ նպատակ ունենալով, հնարավոր է այդ նպատակով էլ օգտագործել է։

«Ես վարչապետի մտքերը չեմ կարդում, բայց որպեսզի իրավական հարթության մեջ այս ամենը պարզաբանվի, քննություն արեք, պարզեք՝ դա կոպիտ, չմտածված հայտարարությո՞ւն է, թե՞ ուղղորդված կոնկրետ հայտարարություն։ Կարող է, մարդ է, սխալ բառ է ընտրել այս պահին, դա էլ չեմ բացառում, բայց ամեն դեպքում ընդդիմադիր համայնքապետի սպանությունը, Վարդան Ղուկասյանի դեմ ճնշումները և հանկարծ Ազգային Ժողովի ամբիոնից հանրային դաշտից դուրս շպրտելու հավաստիացում։

Ես եմ սխալ հասկացե՞լ, միգուցե, բայց ամեն դեպքում ողջամիտ կասկածելու հիմքեր կան, և այդ կասկածը բավարար էր, որպեսզի իրավական ընթացակարգով դրանք կամ հերքվեին, կամ հաստատվեին», -ասում է Արամայիս Հայրապետյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031