Հայաստանը ձախողել է անտառապատման և անտառավերականգնման ողջ գործընթացը։
Երկիրը ստանձնել է միջազգային պարտավորություններ և շարունակում է դրանց ներքո ներկայացնել մտացածին թվեր, սակայն չի կարողանում իրականացնել դրանք։
Խոստացված անտառավերականգնման և անտառտնկման ծավալները չեն ապահովվել։
Գումարները պետական բյուջեից և միջազգային դրամաշնորհային ծրագրերից ծախսվել են անարդյունավետ։
Կարդացեք նաև
Հայաստանի անտառային ծածկույթը 11,2 % է։ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանը ստանձնել է պարտավորություն՝ ավելացնել անտառային ծածկույթը մինչև 13 %։ Այսինքն՝ այդ նպատակին հասնելու համար պետք է 50 հազար հա անտառ տնկվի։
Այս պարտավորությունն ամրագրվել է 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողություններով։
Մինչև 2030 թվականը 50 000 հա անտառ տնկելը, սակայն, միջանկյալ թիրախ է՝ հասնելու Բոննի մարտահրավերի շրջանակներում հայտարարված վերջնական նպատակին, այն է՝ մինչև 2050 թվականը երկրի անտառածածկույթը պետք է կրկնապատկվի։
«Հետքն» ուսումնասիրել է Հայաստանում վերջին 5 տարիներին տնկված անտառների վերաբերյալ տեղեկատվությունը, այցելել անտառապատման և անտառավերականգնման տարածքներ, ուսումնասիրել դրանց համապատասխանությունը պլանավորված տեխնիկական մոտեցումներին, անտառկառավարման պլանների և իրավական ակտերի պահանջներին, ինչպես նաև դրանց կպչողականությունը, կատարել քարտեզային և տարածական վերլուծություններ։
Այդպիսով, պարզել ենք, որ ստանձնած՝ 50 հազար հա անտառ տնկելու պարտավորության ընդամենը 2%-ն է իրականացվել, այն էլ՝ ոչ արդյունավետ։ Այսինքն՝ ժամկետի կեսն արդեն անցել է, բայց Հայաստանի անտառային տարածքներում դեռ տնկվել է մոտ 1000 հա անտառմշակույթ։
2025 թվականին պետության կողմից նախատեսվել է իրականացնել ընդամենը 200 հա անտառմշակույթի հիմնադրում՝ վնասի փոխհատուցման պայմանագրերով և պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
ՀՀ Անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգի համաձայն՝ անտառավերականգնումը և անտառապատումը համարվում է իրականացված, երբ անտառատնկարկները փոխադրվում են անտառի շարք` համաձայն պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգի:
«Ինչպես գիտենք, անտառտնկարկները անտառի շարք են փոխադրվում տնկիների սաղարթների միակցումից հետո, որը, տարբեր աղբյուրների համաձայն, ասեղնատերևավոր և լայնատերև ծառատեսակների մոտ լավագույն դեպքում լինում է տնկումից/ցանքսից 7-12 տարի հետո: Այսինքն՝ 2030 թվականի հանձնառության ցուցանիշին հասնելու համար, նույնիսկ եթե 49 000 հա ծավալով միջոցառումները իրականացվեն 2025 թ․-ի աշնանը, ապա 2030 թ․-ին եթե իդեալական կպչողականություն և աճ լինի այդ տարածքներում, միևնույն է, դրանք 2030թ․-ին դառնալու են 5 տարեկան և դեռ չեն փոխադրվելու անտառի շարք»,- ասում է փորձագետ, անտառագետ Այսեր Ղազարյանը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերի կողմից տնկվել են անտառկազմող գլխավոր ծառատեսակները` սոճի և կաղնի, ինչպես նաև ուղեկցող տեսակներ` հացենի, թխկի, թեղի և վայրի պտղատուներ, որոնք հարմարված են տարածքի անտառաճման և բնակլիմայական պայմաններին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։