Հայաստանի անկախացումից ի վեր երկրում տասնյակ պետական մանկապարտեզների շենք-շինություններ, հողատարածքներ ամբողջությամբ կամ մասնակի օտարվել են։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ երկրում այդպիսի մանկապարտեզների թիվը 2025 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ հասնում է մոտ 70-ի։
«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է մանկապարտեզների շենք-շինությունների մասնակի կամ ամբողջական մասնավորեցման դեպքերը՝ ըստ տարեթվերի և Հայաստանի բնակավայրերի։
Մանկապարտեզների մասնավորեցման աշխարհագրությունը
Համաձայն ՏԿԵՆ-ի տրամադրած տվյալների՝ ամենից շատ մանկապարտեզներ մասնակի կամ ամբողջությամբ մասնավորեցվել են Լոռու մարզում, ամենից քիչը՝ Սյունիքում։
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ չնայած FIP.am-ին նախարարությունից հայտնել են Երևանում մասնավորեցված ընդամենը վեց մանկապարտեզի մասին, մամուլում բազմաթիվ են հրապարակումները մայրաքաղաքում անկախության տարիներին ամբողջությամբ կամ մասնակի մասնավորեցված մանկապարտեզների վերաբերյալ։
Նախորդ տարիներին միայն Hetq պարբերականը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում օտարված 70 մանկապարտեզի մասին է գրել, որոնք պատկանում են նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին և այլ նախկին պաշտոնյաների։
Նշենք նաև, որ Երևանի ավագանին ընթացիկ տարվա հունիսին՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը Երևանի համայնքներին պատկանած մանկապարտեզների և դպրոցների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրելու նպատակով քննող հանձնաժողով ստեղծելու որոշում ընդունեց։
Նշենք, որ մասնավորեցման որոշումների էական մասը կայացրել են համայնքապետարանները։
ՏԿԵՆ-ի տրամադրած տվյալները, սակայն, լռում են, թե ում կամ ինչ կազմակերպությունների է մասնավորեցվել մանկապարտեզների գույքը՝ բացառությամբ մեկ դեպքի․ ըստ այդմ՝ 2012 թվականին Թալինի թիվ 1 մանկապարտեզի շենքը նվիրատվությամբ փոխանցվել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»