Հոկտեմբերի 17-ին «Միհր» կրթամարզական հասարակական կազմակերպության (ՀԿ) համակարգում այս տարվա սեպտեմբերից գործող «Միասին» դասապատրաստման և զարգացման կենտրոնի (ԴԶԿ) սաները մասնակից եղան հայրենաճանաչողական էքսկուրսիայի։ «Միհրը» հիմնադրվել է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Հիմնադիր նախագահ Գոռ Մանուկյանը շատ է կարևորում մատաղ սերնդին հայի արժեհամակարգով դաստիարակելը։ Եվ գրեթե 5-ամյա պատմություն ունեցող «Միհր»-ը շատ սաներ է ունեցել, ովքեր մասնակցել են հայրենաճանաչողական բազում արշավների, էքսկուրսիաների, ճամբարների։ Ամենակարևորը՝ յուրաքանչյուր միհրական գիտակցել է՝ ինքն ու իր կողքի ընկերը միասին են։
«Կողքինդ ո՞վ է» հարցին պատասխանում են․ «Ես եմ․․․»։ Այսօր «Միհր»-ի համակարգում գործում է նաև «Միասին»-ը, որի սաները հիմնականում տարրական դասարանների աշակերտներ են։ Օրվա ընթացքում «Միասին» ԴԶԿ-ի սաները, Գոռ Մանուկյանի և կազմակերպիչ Հասմիկ Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղ, որը գտնվում է Երևանյան լճի ձախ ափին։ Մոտ 6000-ամյա պատմություն ունեցող հնավայրը շատ հետաքրքրեց մանուկներին։ «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակիցները սիրով ընդունեցին երեխաներին, թանգարանում ծանոթացրեցին հնավայրի մասին, ներկայացրեցին պեղումներից հայտնաբերված նյութերը։ Երեխաները շրջեցին նաև հնավայրի տարածքում, լուսանկարվեցին։
Կարդացեք նաև
Մանուկների համար առավել հետաքրքիր էր հնավայրի տարածքում կրթական պեղավայրում պեղումների մասնակցելը։ Մեծ ուրախությամբ էին երեխաները ցույց տալիս իրենց կողմից «հայտնաբերված» գտածոները։ Նույն օրը «Միասին»-ի սաները Գ․ Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի։
Նրանք Մայր Հայաստան հուշակոթողի և Հավերժական կրակի մոտ ծածանեցին Հայոց Եռագույնը, երգեցին Հայոց Օրհներգը։ Շրջեցին հուշահամալիրի տարածքում, ցուցադրվող ռազմական մեքենաների մոտ լուսանկարվեցին, ծանոթացան դրանց պատմությանը։ Գոհ էին մեր հրաշք-փոքրիկները կայացած էքսկուրսիայի համար։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ