Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

«ՔՊ համագումարը կուսակցությունների մասին օրենքի խախտումներով է եղել»․ Դավիթ Խաժակյան

Հոկտեմբեր 18,2025 15:40

«Հաջորդ ընտրություններին քվեն չի հասնելու քվեատուփ, քանի որ ում օգտին պետք է գնար այդ քվեն, ինքը կալանավորված է կամ իր մասնակցությունն ընտրություններին սահմանափակված է․ չի գրանցվել ԿԸՀ-ի կողմից, կամ իր աջակիցները, համախոհները ակտիվ ընտրափուլի ընթացքում կալանավորվել են»,- Իրավունքի և ազատության կենտրոնի կողմից կազմակերպված «Իրական ժողովրդավարություն» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն այժմ անում է գործողություն, որի արդյունքը նույնն է, ինչ եթե դա ընտրատեղամասում փոխեր․ «Մի նոր երևույթ էլ է առաջացել մեր քաղաքական կյանքում․ հատկապես ՏԻՄ-երում է դրսևորվում։ Դա երևում է օրինակ՝ Երևանի դեպքում, երբ իշխանական կոալիցիան Երևանի դեպքում ստանում է փոքրամասնություն, երկու ուժ միանում են իրար, էլի չեն ունենում մեծամասնություն, տեղի է ունենում մանդատագողություն։ Ընդդիմադիր ուժերի անդամներին ներազդում են, և փաստացի ձևավորվում է փոքրամասնության իշխանություն, ինչը ունենք Երևանում։ Եթե ժամանակին ընդդիմադիր ուժի քվեն հասնում էր քվեատուփի մեջ և հաշվարկի ընթացքում այլ կերպ էր հաշվվում, ինչո՞ւմն է տարբերությունը, երբ ինքը ճիշտ է հաշվվել, ընդդիմադիր մանդատը հասել է ավագանի, բայց դրվել իշխանական մանդատի վրա։ Այսինքն՝ ոչ թե քվեն է դրվել իշխանական տրցակի վրա, այլ մանդատն է դրվել իշխանական մանդատի վրա։ Վերջնարդյունքում շատ բան չի փոխվել։ Իշխանություններն իրենց լծակներն ապօրինի կիրառելով՝ կարողանում են անել այն, ինչ ժամանակին տեսել ենք այլ գործիքակազմով»։

Ըստ Դավիթ Խաժակյանի՝ 2018-ից հետո բոլոր փոփոխությունները կրում էին ձևական բնույթ․ «Երբ իշխանություններն ասում էին, որ երբևէ չեն եղել նման նախադեպեր, չեն եղել, որովհետև իշխանությունը հաշվարկել ու տեսել է, որ ունի մեծամասնություն և չունի վարկանիշի խնդիր, դրա համար չի սահմանափակել լրատվամիջոցները, իրավաբաններին, փաստաբաններին։ Հիմա, երբ արդեն ունի դրա խնդիրը, սկսում է սահմանափակել, բայց ոչ այն ձևերով, ինչը ժամանակին քննադատում էր, ուղղակի այլ ձևերով՝ չնայած այն, ինչը քննադատում էր, էլի կա»։

Անդրադառնալով ՔՊ համագումարին՝ Դավիթ Խաժակյանը վստահեցրեց․ «Մի նրբություն ասեմ, որից երևում է, թե ինչքանով է մեր իրավապահ համակարգը հետևողական և անաչառ ուժերի նկատմամբ։ ՔՊ համագումարը կուսակցությունների մասին օրենքի խախտումներով է եղել։ Ըստ կուսակցությունների մասին օրենքի՝ ասվում է, որ վարչության անդամները և մարմինները պետք է ընտրվենք պատվիրակների քվեարկությունների մեծամասնությամբ։ ՔՊ վարչության քվեարկությունը, երբ ուսումնասիրում ես, տեսնում ես, որ 12 հոգի է ստացել մեծամասնություն, և հետագայում չի եղել քվեարկություն, որ համագումարը հաստատի ամբողջական կազմը։ Կուսակցությունների մասին օրենքն այս մասով խախտվել է։ Կասկած չունեմ՝ եթե որևէ այլ կուսակցության դեպքում լիներ նման բան, արդարադատության նախարարությանն առընթեր պետռեգիստրի կոմիտեն ստիպելու էր նորից անել համագումար, բայց հլը փորձեք ՔՊ-ին ասել՝ դուք ստիպված եք նորից համագումար անել։ Այստեղ ակնհայտ երևում է, որ վերաբերմունքն անկողմնակալ չէ կուսակցությունների նկատմամբ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031