«Հայաստանում այլևս կալանքն ամենահաճախ լսվող բառերից է։ ՀՀ-ում կալանավորում են խոսքերի, մտքերի, նույնիսկ Մայր աթոռը պաշտպանող մեկ նախադասության համար»,- Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից ի զորակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի, Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերի, բոլոր քաղբանտարկյալների կազմակերպված հանրահավաքի ժամանակ հարթակից հայտարարեց փաստաբան Արամ Վարդանյանը։
Նա փաստեց՝ իրավունքի գերակայությունը, իրական արդարադատությունը վերացական հասկացություններ չեն․ «Այն մեր բոլորի և մեզնից յուրաքանչյուրի առօրյայի կենսական մասն է, մեր օդն ու ջուրն են։ Երբ ապօրինաբար կալանավորում են ակցիայի մասնակցից մինչև պատգամավորներ, քահանայից մինչև սրբազաններ, գործարարից մինչև ազգային բարերար, մենք անպայման ունենալու ենք պառակտում, թուլացում վախ ու անարդարություն»։
Կարդացեք նաև
Ըստ փաստաբանի՝ անտարբերությունն ու վախն են թույլ տալիս ունենալ այսքան քաղբանտարկյալներ, քաղաքական հետապնդումներ․ «Մենք պետք է փոխենք այս միջավայրը և միասնաբար ասենք՝ ես իմ եղբոր պահապանն եմ, ես իմ սրբազանների պահապանն եմ, իմ ազգային բարերարի պահապանն եմ, ես իմ Մայր աթոռի պահապանն եմ»։
Արամ Վարդևանյանը հիշեցրեց՝ վերջին յոթ տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական հետապնդումներով քաղբանտարկյալների պաշտպանություն է իրականացրել և ասաց՝ իր երազանքն է, որ մեր երկրում այլևս չլինեն քաղաքական հետապնդումներ, քաղբանտարկյալներ»։
Նշենք, որ ըստ գնահատականների՝ 30,000 քաղաքացի է մասնակցել հանրահավաքին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ