Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի լավ է պրոպագանդել ճիշտ բեղմնականխումը, քան հղիության արհեստական ընդհատման ձևերը․ գինեկոլոգը՝ միջազգային կազմակերպության հրապարակման մասին

Հոկտեմբեր 18,2025 23:42

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ֆեմինիստական կազմակերպությունը, որի ֆինանսավորման հիմնական աղբյուրներից են Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը և ՄԱԿ-ի վստահության հիմնադրամը, Ֆեյսբուքի և Ինստագրամի իր էջերում ներկայացնում է, թե ինչ է դեղորայքային աբորտն ու ընդգծում դեղորայքի անուններն ու նույնիսկ չափաբաժինները:

Միջազգային կառույցներից սնվող այս կազմակերպությունն իր հրապարակումներում նշել է նաև միզոպրոստոլ դեղի մեկուսի ընդունման չափաբաժինը, չնայած նրան, որ հղիության դեղորայքային ընդհատման ցուցումների ու իրականացման կարգում ընդգծված է, որ միֆեպրիստոնի և միզոպրոստոլի մեկուսի օգտագործումը անարդյունավետ է և չի ապահովում հղիության անվտանգ ընդհատում և կարող է ուղեկցվել տարաբնույթ բարդություններով:

Այս կարգը հաստատվել է մանկաբարձ-գինեկոլոգների համար ՀՀ առողջապահության նախարարի դեռևս 2014թ․ հրամանով։

Թեպետ դեղատներում վերոնշյալ դեղերը դեղատոմսով են վաճառվում, այնուամենայնիվ, գինեկոլոգ Լիլիթ Քալաշյանն անթույլատրելի է համարում սոցիալական ցանցերում հղիության արհեստական ընդհատման համար նախատեսված դեղորայքի անվանում, ավելին` չափաբաժին հրապարակելը։ Բժշկի խոսքով՝ ավելի լավ է պրոպագանդել ճիշտ բեղմնականխումը, քան հղիության արհեստական ընդհատման ձևերը:

2024թ․ հուլիսին «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում կատարվեցին մի շարք լրացումներ և փոփոխություններ։ Ըստ այդ փոփոխությունների ընդգծվեց, որ դեղորայքային եղանակով հղիության արհեստական ընդհատումը մինչև 8 շաբաթական հղիության ժամկետում կարող է իրականացվել հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում: Սակայն «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը իր հրապարակումներում նշել է, թե ՀՀ օրենսդրության վերջին փոփոխություններով հղիության առաջին ութ շաբաթների ընթացքում որոշ դեպքերում դեղորայքային աբորտը կարելի է իրականացնել ինքնուրույն։ Մինչդեռ ՀՀ օրենսդրության առկա փոփոխություններով «ինքնուրույն» բառ նշված չէ։

Ֆեմինիստական կազմակերպությունը սոցիալական ցանցերում ներկայացնելով հղիության արհեստական ընդհատման եղանակները՝ վիրահատական և դեղորայքային, ինչպես նաև ժամկետները՝ հրապարակել է նաև հետևյալը. «Երկու դեպքում էլ, ցավոք, գործում է եռօրյա սպասելաժամանակ` դիմելու պահից մինչև բուն ծառայություն ստանալը, և պարտադիր բժշկի խորհրդատվություն»։

Գինեկոլոգ Լիլիթ Քալաշյանը շեշտում է, որ բժշկի զննությամբ պարզվում է՝ հղիությունն արտաարգանդային է, թե արգանդային․ «Առանց բժշկի զննության չի կարելի կատարել դեղորայքային աբորտ: Արտաարգանդային հղիության դեպքում դեղորայքը կարող է արգանդափողային վիժում առաջացնել, իսկ արդյունքում ներքին արյունահոսություն»:

Ինչ վերաբերում է հղի կնոջը եռօրյա ժամկետ տրամադրելուն` գինեկոլոգը ոչ թե ցավալի, այլ դրական մոտեցում է դիտարկում դա` հղի կնոջը հապճեպ որոշումից զերծ պահելու համար:

Նշենք, որ դեռևս 2024թ. հոկտեմբերին ՀՀ կառավարությունը հաստատեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ. ռազմավարությունը: Ըստ ռազմավարության`  Հայաստանի տնային տնտեսությունների կեսից ավելին երեխա չունի, և բնակչության նվազման հետևողական միտումը պահպանվում է, որը պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսիք են ծնելիության մակարդակի անկումը և մահացության մակարդակի աճը:

Եվ մինչ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ. ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին նախագիծն ըստ e-draft.am կայքի՝ գտնվում է քննարկման մեջ, Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշները շարունակում են անկում ապրել:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արձանագրվել է 30326 ծնունդ, իսկ 2024թ. նույն ժամանակահատվածում` 28164: 2025թ. հունվար-օգոստոս ամիսների ծնելիության ցուցանիշը` 20437 է, մինչդեռ 2024թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 21821 ծնունդ:

2023թ.հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է 20160 մահ, իսկ 2024թ` 21228: 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին մահերի թիվը կազմել է` 17210, մինչդեռ 2024թ. նույն ժամանակահատվածում` 17072:

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031