Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը, ներկայացնելով Արզումանյան փողոցի վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագիրը, ասաց․ «Դեռ 2024-ի մայիսից մեկնարկել ենք օտարումը և պայմանագրերի կնքումը։ Հուլիսից հայցեր ենք ներկայացրել դատարաններ, և այս պահի դրությամբ կնքված են 61 գույքի պայմանագրեր, ևս մեկն ակնկալում ենք վաղը կնքել։ Մնացած գույքերի մասով դատավարական գործընթացներ են։ Հինգ վարույթ է ընդունվել, մնացածը դեռևս մերժվել են հայցադիմումները․ վարույթ չեն ընդունվել տարբեր տեխնիկական պատճառներով»։
Տիգրան Ավինյանը սա լսելով՝ վրդովվեց ու ասաց․ «Այս շենքերից երկուսն էլ չորրորդ կարգի վթարային շենքեր են, և սկսել ենք գործընթացը 2022-ի սեպտեմբերին։ 2025-ի հոկտեմբերին շարունակում ենք քննարկել, քանի որ որոշ մարդիկ չեն գիտակցում, որ ապրում են չորրորդ կարգի վթարային շենքում, և այն կարող է փլուզվել։ Երևանի քաղաքապետարանը ուղիղ պարտավորություն չունի։ Սա անում ենք, քանի որ հասկանում ենք, որ մարդկանց անվտանգությունը ամենից վեր է։
Վթարային շենքում յուրաքանչյուր հասարակական տարածք, բնակարան արժի զրո դրամ, որովհետև փլուզման ենթակա է։ Երևանի քաղաքապետարանն առաջարկել էր ծրագիր, որով Արզումանյան փողոցի վթարային շենքերի բնակիչներին կվերաբնակեցնենք, կկառուցենք նոր շենքեր և համապատասխանաբար փոխհատուցենք բնակարաններով։ Վերջը ի՞նչ է լինելու, ի՞նչ են պատկերացնում, որ ձգձգում են, է, հետո՞ Եթե խնդիրը չլուծվեց, մի օր այդ շենքերը փլվելու են։ Ու պատասխանատվությունը առաջին հերթին լինելու է նրանց վրա, որոնք խոչընդոտում են»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ