Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ինքը չմտածի՝ Սահակաշվիլիից ուժեղ տղա է, Քադաֆիից ուժեղ տղա է․ իր նմա՞ն բռնապետերն են անցել-գնացել»․ Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբեր 20,2025 13:29

«Ընտրություններից առաջ ինքը փորձում է չեզոքացնել բոլոր մարդկանց, ովքեր ազդեցություն ունեն՝ լինի դա համայնքի, թե հոգեւոր դասի ներկայացուցիչ։ Վերջին օրերին կատարվողը ես կարող եմ բնութագրել որպես քաղաքական հաշվեհարդար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ բնութագրելով այսօր առավոտյան Գյումրիի քաղաքապետարանում կատարվողը, նաեւ վերջին օրերին Արագածոտնի թեմի շուրջ զարգացումները։

Աննա Գրիգորյանը պատահականություն կամ զուգադիպություն չի համարում այն, որ վերջին շրջանում երկու խոշոր համայնքներում կայացած ընտրություններում հաղթել էին ընդդիմադիր գործիչներ։ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը սպանված է եւ որքան էլ իրավապահները հաղորդագրություններ տարածեն, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ սպանությունը բացահայտված չէ, այդտեղ առկա է նաեւ քաղաքական տարր։ Իսկ Գյումրիի քաղաքապետը ձերբակալվել է։ Թե իրավական ի՞նչ հիմնավորում կտրվի, Աննա Գրիգորյանն էական էլ չի համարում, հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ԱԺ ամբիոնից, որ Վարդան Ղուկասյանին «դուրս կշպրտեն հանրային-քաղաքական կյանքից․ հիմա դրա իրականացումն է կատարվում»։

Ըստ Աննա Գրիգորյանի, երկրի վարչապետի աթոռը փաստացի զբաղեցնող անձն այսօր Հայաստանում եւ քննիչ է, եւ դատավոր, եւ դատախազ․ «Հրահանգը տվել է՝ քննչականով, ԱԱԾ-ով ներխուժում են իրականացրել։ Քաղաքական հաշվեհարդար է։ Ընդդիմադիր որեւէ մեկին չի հանդուրժում՝ լինի դա թաղապետ, թե հոգեւորական, որը ոչ թե ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի, միգուցե քաղաքացիական դիրքորոշում ունի։ Նույնիսկ փաստաբանն իր գրառման համար գետին է տապալվում, հետո երկու ամսով կալանավորվում»։

Աննա Գրիգորյանը չի բացառում, որ այսպիսով Նիկոլ Փաշինյանը փորձում է Վաղարշապատում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի այդպիսով ապահովի նաեւ 2026 թվականի իր հաղթանակը։ Միեւնույն ժամանակ, նա կարծում է, որ ընտրական գործընթացներին ռեպրեսիաները որքան շատ լինեն, այնքան ավելի հակառակ ազդեցությունն են ունենալու իշխող ուժի համար։ Վստահ է՝ ուժով հնարավոր չէ մշտապես իշխանություն պահել եւ եթե ժողովրդի հակազդեցությունը չի դրսեւորվում փողոցային շարժումների ժամանակ, դա անպայման դրսեւորվելու է ընտրական գործընթացում․ «Թող ինքը չմտածի՝ Սահակաշվիլիից ուժեղ տղա է, Քադաֆիից ուժեղ տղա է․ իր նմա՞ն բռնապետերն են անցել-գնացել»։

Այս ամենն, ըստ բանախոսի, ցույց են տալիս պարզ բան՝ նա սեփական աթոռը պահելու վախեր ունի։

Ի դեպ, Աննա Գրիգորյանը կարծում է, որ ՀԱԵ շուրջ կատարվողը ի վերջո հանգեցնելու է կաթողիկոսի ձերբակալմանը եւ կալանավորմանը։ Ինքը խնդիրը անհատ հոգեւորականների կամ Վեհափառի անձի մեջ չի տեսնում, հակառակ դեպքում երեք եպիսկոպոսներ այս պահին ձերբակալված չէին լինի, այլ եկեղեցին, իբրեւ ինստիտուտի թուլացնելու, վերացնելու։

Ամեն դեպքում, պատգամավորը ընդգծում է՝ քաղաքական ուժերը պատրաստ են եւ պետք է համախմբվեն ի պաշտպանություն ՀԱԵ կանգնելու, բայց իրենց գործողությունները չեն կարող հակասել Եկեղեցում կայացված որոշումներին․ «Ամենայն հայոց վեհափառին եւս մեկ անգամ խոնարհաբար ասում եմ՝ պետք է այնպիսի գործողությունների տրամաբանություն մշակել, որը կկարողանա պահպանել Մայր աթոռը։ Նիկոլ Փաշինյանը ետ չի կանգնելու։ Վարդան Ղուկասյանը մի քիչ առաջ ընկավ, Մայր աթոռի դեմ գործողությունները, կարծում եմ, կապված են Էջմիածնի ընտրությունների հետ․․․ այսինքն, ինքը իր համար հաշվարկում է՝ երբ է նպաստավոր այդ գործողությունն անել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031