Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն Աղավնոյի հովտից զոհվեցին 4, անհայտ կորած են 3 կամավորական, վիրավոր՝ 4-ը

Հոկտեմբեր 20,2025 14:07

Արցախյան 2020թ․ պատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանից հայրենիքը պաշտպանելիս նահատակվեցին 40-ից ավելի հերոսներ, կան 3 տասնյակից ավելի անհայտ կորած տղաներ, ավելի շատ են վիրավորները։

Քաշաթաղցիների հայրենասիրությունը միշտ է երևացել․ թե՛ խաղաղ օրերին, և թե՛ պատերազմական ժամանակներում։ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հենց առաջին օրը շատ կամավորներ էին պատրաստ մեկնելու առաջնագիծ, ժամանակին զինկոմիսարիատ էին ներկայացել պահեստազորայինները, ովքեր ստացել էին ծանուցագիր։

Շրջանի Աղավնո գետի հովտից տղաներն առաջիններից էին, որոնք տեղում էին և պատերազմի առաջին օրը մեկնեցին ճակատ։ Մոշաթաղ գյուղից էր Գոռ Հակոբի Գասպարյանը, որն ընկերների հետ մեկնեց և վստահեցրեց՝ հաղթանակած է տուն գալու։

Երբ կազմավորվեց Քաշաթաղի շրջանը, Աղավնոյի հովտի Մոշաթաղը վերահայացած առաջին բնակավայրերից էր, ու ՀՀ տարբեր մարզերից շատ ընտանիքներ եկան այստեղ։ Մասնագիտությամբ նկարիչ ու շինարար Հակոբ Գասպարյանն այդ ժամանակ ուներ 3 զավակ և ընտանիքով այստեղ եկավ 1995 թվականին՝ ՀՀ Լոռու մարզի Թումանյան քաղաքից։ Գոռը 2 տարեկան էր, ծնվել է 1993թ. հոկտեմբերի 20-ին։

Մոշաթաղում շուտով սկսեց գործել հանրակրթական դպրոցը, որտեղ սկսեց աշխատել Հակոբը որպես կերպարվեստի ուսուցիչ։ Մոշաթաղում ծնվեցին մյուս 4 զավակները՝ Ագապին, Ալինան, Սոնան և Գագիկը։ ԱՀ կառավարության կողմից բազմազավակ ընտանիքի համար նոր տուն կառուցվեց:

Մեծ ու իսկական հայի գերդաստանում մեծացավ Գոռը՝ հայրենասեր, բարի, բոլորի կողմից սիրված: 2018-ին «Հայրենասեր» ՀԿ-ի ֆինանսավորմամբ հիմնանորոգվեց Մոշաթաղի դպրոցի շենքը, աշխատանքներում ներգրավված էին Հակոբն ու որդիները՝ Գրիգորը, Գոռը, Հրաչը, ովքեր ուսումնառություն ստացել էին այստեղ։ 2018թ գյուղի միջն․ դպրոցն անվանակոչվեց Ապրիլյան քառօրյայի հերոս Մերուժան Ստեփանյանի անունով։

Դպրոցում միջնակարգ կրթություն ստանալուց հետո՝ 2011-ին, Գոռը զորակոչվեց Հայոց բանակ և զորացրվեց 2013թ.: Կարգապահ զինվոր էր, և զորամասի հրամանատարության կողմից արժանացել է պարգևների, շնորհակալագրերի: Նույն 2013-ին ընդունվում է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի տնտեսագիտության բաժին:

Զորացրվելուց հետո զբաղվել է այգեգործությամբ, գյուղատնտեսական ու շինարարական աշխատանքներով՝ օգնելով ծնողներին՝ շենացնելու ընտանիքն ու համայնքը։ Համագյուղացիներն ասում են՝ շատերին էր օգնում տարբեր հարցերով։ Սիրում էր իր երկիրը, եղբոր՝ Հրաչի հետ շրջում էր Մեծ Իշխանասարի ստորոտներում, Աղավնոյի հովտում, որտեղ բազում են Հայոց պատմաճարտարապետական հուշարձանները։ Ցավ էր ապրում, որ կործանման եզրին էր իրենց համայնքի տարածքում գտնվող Վարազգոմի վանքը՝ 9-րդ դարի հրաշակերտ եկեղեցին։ Հոր և եղբայրների հետ մասնակցում էր «Հայրենասեր» հասարակական կազմակերպության կողմից ձեռնարկած մի շարք դպրոցաշինության աշխատանքների։

Սակայն հայ մարդը կարճ ժամկետով է մշտապես ապրել խաղաղ պայմաններում։ Ստիպված է եղել խաղաղ աշխատանքը թողնել ու զենք վերցնել։ 2016 թվականի Ապրիլյան քառօրյայի և շարունակվող պատերազմին Քաշաթաղի շրջանից մասնակցեցին 1200-ից ավելի կամավորականներ, այդ թվում նաև՝ Գոռը։ Շատերը տուն վերադարձան միայն հունիսի կեսերին։

Այլ էր Արցախյան նոր պատերազմը՝ սկսված 2020 թ․ սեպտեմբերի 27-ին։ Քաշաթաղցիները, այդ թվում նաև Աղավնո գետի հովտի շատ բնակիչներ, պատերազմի լուրը լսելուն պես, ներկայացան Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատ։ Մոշաթաղի գյուղական համայնքի տղաների հետ էր նաև Գոռ Գասպարյանը։ Նույն օրը տղերքը մեկնեցին ռազմաճակատ։ Ծնողների, երեք քույրերի, փոքր եղբոր և հայրենի հողի պաշտպանության համար 2020թ. սեպտեմբերի 30-ին՝ երեկոյան Ջաբրաիլի 101-րդ դիրքում՝ Մայր Արաքսի ափին, ընթացող թեժ մարտերի ժամանակ էլ զոհվեց մոշաթաղցի Գոռ Գասպարյանը։

«Եղբայրս՝ Գոռը, 2 տարով մեծ է ինձանից։ Մենք դեռ մանկուց թև ու թիկունք էինք միմյանց։ Հիշում եմ՝ փոքր ժամանակ շատ էինք կռվում, բայց հաջորդ վայրկյանին գրկում իրար և մոռանում եղածը։ Ցանկացած հարցում էինք պատրաստ իրար օգնելու։ Դեռ փոքրուց շատ հայրենասեր էր եղբայրս, պատրաստ՝ ծառայելու հայրենիքին։ Ու երբ լրացավ 18 տարին, մեկնեց։ Մանկուց ոտքերի հետ առողջական խնդիր ուներ, չէր կարողանում քայլել։ Երկար տարիներ բուժվեց և կարող էր բանակից ազատվել, սակայն ինքնակամ՝ դիմումի համաձայն, գնաց բանակ։ Ծառայում էր Մեխակավանում (Ջաբրայիլ)։

Երբ լրացավ 18 տարիս, և պետք է գնայի բանակ, իմ ցանկությամբ ծառայության անցա եղբորս զորամասում, բայց՝ տարբեր վաշտերում։ Ինչպես փոքր, այնպես էլ մեծ ժամանակ թև ու թիկունք էինք իրար։ 2 տարի ծառայեցինք զորամասում, ծառայեցինք հայրենիքին ու վերադարձանք տուն։ 2016 թվականի ապրիլին, երբ սկսվեց պատերազմը, մեր տանից ծանուցագիր ստացավ Գոռը։ Բայց մինչ ծանուցագիր ստանալը, նա գնացել էր զինկոմիսարիատ ու մեկնեց առաջնագիծ։ Ես նույնպես կամավոր գնացի՝ եղբորս կողքին լինելու։ Բարեհաջող պատերազմն ավարտվեց, վերադարձանք տուն։

Ցավոք խաղաղությունը երկարատև չեղավ։ Ես գյուղում չէի։ Երբ իմացա, շտապեցի Բերձոր, եղբայրս արդեն գնացել էր։ Մի քանի ժամվա տարբերությամբ ես էլ գնացի։ Եվ ապրիլյանի ժամանակ և այս կռվի ժամանակ մենք կռվում էինք Ջաբրայիլում՝ տարբեր դիրքերում։ Ցավոք, եղբայրս սեպտեմբերի 30֊-ին զոհվեց»,-զրույցի ընթացքում ասաց Գոռի եղբայրը՝ Հրաչը։

Ցավոք, այս պատերազմում մենք կորցրեցինք նաև ազատագրված ու վերահայացած մեր հայրենիքի այն հատվածը՝ Աղավնոյի հովիտը՝ Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեչք-Քաշաթաղ գավառը, որտեղ 1994-2020թթ․․հասակ առան շատ հայ երեխաներ՝ ծաղկեցնելով հայրենի երկիրը։ Շատ տղաներ նաև կռվի ելան, հերոսացան մարտերում, միայն Աղավնոյի հովտից զոհվեցին 4, անհայտ կորած են 3 կամավորական, վիրավոր՝ 4-ը։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031