Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ղուկասյանը հո 2 տարեկան երեխա չէ։ Ինքը շատ լավ գիտի, ՔՊ-ի վերահսկողության տակ նման բան ո՞վ կանի». Գյումրու փոխքաղաքապետ

Հոկտեմբեր 20,2025 19:55

«Ձայնագրությունը չեմ լսել, բայց վստահ եմ, որ չկա նման բան»,- այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը՝ անդրադառնալով Վարդան Ղուկասյանին վերագրվող կաշառք պահանջելու ու վերցնելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված ձայնագրություններին։

«Կաշառակերը իրենք են: Չեմ հավատում պարոն Ղուկասյանից կաշառքի մասին խոսակցություն անգամ, որովհետև պարոն Ղուկասյանը բոլոր խորհրդակցությունների ժամանակ ապարատին ասում է՝ չփորձեք։ Պարոն Ղուկասյանը հո 2 տարեկան երեխա չէ։ Ինքը շատ լավ գիտի, ՔՊ-ի վերահսկողության տակ նման բան ո՞վ կանի: Չկա նման բան»,–ասաց Մանուկյանը։

Հարցին՝ այսօր տեղի ունեցածի և Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ–ի ամբիոնից հնչեցրած հայտարարությունների միջև կապ տեսնու՞մ է, Մանուկյանը պատասխանեց. «Միանշանակ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:

Գագիկ Մանուկյանը ասաց՝ անելիք ունեն, կփորձեն քաղաքը կառավարել, մինչև քաղաքապետն ազատվի։

Լրագրողների դիտարկմանը, թե ՔՊ-ն ուզում է Սարիկ Մինասյանին քաղաքապետ դարձնի, պարոն Մինասյանն այսպես արձագանքեց. «Լավ էլի, Սարիկ Մինասյանը էստեղ ի՞նչ գործ ունի, նրա խմբակցությունը չի ընտրվել: Սարիկ Մինասյան ո՞նց կարող է: Նման բան չկա: Նման հարցեր մի տվեք»:

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031