Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւի Շուշիի օպերացիան էին այդպես պլանավորել թուրքերը, ինչպես սրանք պլանավորեցին Գյումրու քաղաքապետին տանելու օպերացիան. Գյումրու քաղաքապետի խորհրդական

Հոկտեմբեր 20,2025 22:02

«Ի՞նչ տեղի ունեցավ առավոտյան. դասական ռեպրեսիա, դասական օկուպացիա: Երեւի Շուշիի օպերացիան էին այդպես պլանավորել թուրքերը, ինչպես սրանք պլանավորեցին Գյումրու քաղաքապետին տանելու օպերացիան : Խայտառակություն էր»,-լրագրողներին ասաց ի աջակցություն ձերբակալված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի Հակակոռուպցիոն կոմիտե եկած Գյումրու քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը:

Նրա խոսքով՝ քաղաքապետարանի շենք մտնելն անհնար էր: ԱԱԾ-ն եւ ոստիկանական տարբեր ուժեր օկուպացրել էին քաղաքապետարանը, ով ներս մտավ, ներսում մնաց, ով դուրս եկավ,  դրսում մնաց ու  մոտ 6 ժամ տեւեց հակաօրինական գործողությունը քաղաքապետի դեմ. «Երկու անգամ քաղաքապետը դուրս եկավ, որ հանդարտեցներ ժողովրդին, բայց մարդիկ թույլ չտվեցին, որովհետեւ մեր Միքայել սրբազանի  տխուր օրինակն ունեին, երբ մարդիկ գոռում էին՝ չգնաք, կխաբեն, կտանեն: Ոստիկանության պետի երկու տեղակալներն էլ էին ներկա: Թուրքական մեթոդներով դռները ջարդելով՝ հետեւի դռնից առեւանգեցին քաղաքապետին»:

Դիտարկմանը, թե պարոն Ղուկասյանը, կարծես թե դեմ չէր ԱԱԾ-ականների հետ գնալուն, Աղեկյանը նկատեց, որ Ղուկասյանը մի բանի մասին էր մտածում՝ գնամ, որ ժողովուրդը հանդարտվի. «Ժողովուրդը թույլ չտվեց, իրենք գողացան»:

Լրագրողի դիտարկմանը, թե կան տեղեկություններ, որ քաղաքապետարանից էր ասվել, որ Գյումրու բոլոր մանկապարտեզների տնօրենները փակեն պարտեզները, գնան ի աջակցություն քաղաքապետի քաղաքապետարան, Լիլիթ Աղեկյանն ասաց. «ՔՊ-ն հիմա ցնծության մեջ է, կարդում ենք իրենց որոշ կուսակիցների հայտարարություններ, բացեք կարդացեք: Սարիկ Մինասյանն էլ հայտարարել է՝ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում. կենդանաբանական աշխարհի երեւույթներն է նույնականացնում, պլանավորված գործողություն էր: ԱԺ ամբիոնից էլ են հնչել ուղիղ սպառնալիքներ: Էակները խոսքը գործի վերածեցին»:

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031