Ֆրանսահայ հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին (Patrick Fiori) վերջերս բացահայտել է, որ մտադիր է 2027 թվականին մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը։ Թեև Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս լուրը, Ֆիորիի հայտարարությունը մեծ արձագանք է ստացել թե՛ հայ, թե՛ եվրոպական երաժշտական շրջանակներում։
Երգիչը խոսել է իր հնարավոր մասնակցության մասին եվրոպական մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցներում՝ ընդգծելով իր կապը հայկական արմատների հետ.
«Ես շատ եմ մտածում այս մասին։ Կարծում եմ՝ ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ։ Ես կապի մեջ եմ Հայաստանի ներկայացուցիչների հետ, և սկզբունքորեն 2027-ին դա կիրականանա», – նշել է Ֆիորին։
Ֆիորին չի բացառել նաև համագործակցությունը հայ կատարողի հետ՝ նշելով, որ կարող է հանդես գալ դուետով․ «Ես չեմ լինելու միայնակ բեմում։ Կուզեմ իմ կողքին տեսնել հայ արտիստ, ում ես արդեն պատկերացնում եմ», – ասել է նա։
Կարդացեք նաև
Պատրիկ Ֆիորին միջազգային ճանաչում է ձեռք բերել դեռևս 1993 թվականին, երբ ներկայացրել է Ֆրանսիան Եվրատեսիլում՝ «Mama Corsica» երգով, և զբաղեցրել է 4-րդ տեղը։ Նրա մասնակցությունը մինչ օրս հիշատակվում է որպես Ֆրանսիայի լավագույն ելույթներից մեկը։ Թեև երգիչը բացահայտորեն խոսում է իր մասնակցության մասին, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը դեռևս չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։ Euromix-ի տեղեկացմամբ՝ այժմ քննարկումներ են ընթանում, և վերջնական որոշումը սպասվում է առաջիկա ամիսներին։
Եթե Ֆիորիի մասնակցությունը հաստատվի, դա կլինի յուրահատուկ հնարավորություն՝ համատեղելու հայկական երաժշտական ինքնությունը և ֆրանսիական շանսոնի տարրերը՝ ստեղծելով միջմշակութային եզակի կատարում։ Համաձայն եվրոպական փորձագետների՝ Ֆիորիի փորձն ու վոկալային հմտությունները կարող են Հայաստանին բերել բարձր արդյունք՝ 2027 թվականի Եվրատեսիլում։
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»