Իշխանության կողմնակիցներն իրենց մեկնաբանություններում ինձ հետ վիճում են հետեւյալ «սպանիչ փաստարկով». «Եթե դու ճիշտ ես, որ Հայաստանում ռեժիմն ավտորիտար է, որ Փաշինյանն իր ընդդիմախոսների դեմ պետական տեռոր է իրականացնում, ապա ինչո՞ւ ես դու ազատության մեջ»:
Այդ մեկնաբանները չեն հասկանում ավտորիտար եւ տոտալիտար ռեժիմների տարբերությունը: Վերջինիս դեպքում (ինչպես նաեւ ժողովրդավարության դեպքում) անհրաժեշտ է ողջ հասարակության համախմբումն՝ ինչ-որ նպատակների շուրջ: Տոտալիտար համախմբումն իրականացվում է բռնի ձեւով, իսկ ժողովրդավարականը՝ ազատ կամքով, համոզմունքով, սեփական շահերից ելնելով:
Ավտորիտարիզմի դեպքում հակառակն է. որքան անտարբեր, որքան ապատիկ է հասարակությունը, այնքան լավ՝ իշխանության համար: Նստեք ձեր անկյուններում, ապրեք ձեր ամենօրյա հոգսերով, ինչ ուզում եք, խոսեք ու գրեք, նույնիսկ ցույցեր արեք, նույնիսկ խորհրդարանում ընդդիմադիր ելույթներ ունեցեք: Այդ ակտիվությունը հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ այն վտանգ չի ներկայացնում իշխանական աթոռների համար: Սպառնալիք չներկայացնողների դեմ ռեպրեսիաներ սովորաբար չեն կիրառվում՝ ամեն ինչ սահմանափակվում է իշխանության ներկայացուցիչների եւ քարոզիչների կողմից իրականացվող «վարկաբեկումներով»:
Ավտորիտար ռեժիմը բռնաճնշումների է գնում միայն այն դեպքերում, երբ ընդդիմախոսներն իրենց աթոռների համար վտանգ են ներկայացնում: Սամվել Կարապետյանը, սրբազան հայրերը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այդ առումով ակնհայտորեն վտանգավոր են, եւ Փաշինյանը կձգտի, համենայնդեպս, մինչեւ խորհրդարանական ընտրությունները նրանց բանտերում պահել: Իշխանության քաղաքական մահակը հանդիսացող ոստիկանության, ԱԱԾ-ի, քննչական մարմինների, դատախազության եւ դատարանների պարագայում դա միանգամայն հնարավոր է:
Կարդացեք նաև
Ալեքսանդր Կոչուբաեւն, ի դեպ, այդ առումով վտանգ չի ներկայացնում՝ փաստաբանի կալանավորումն, ըստ ամենայնի, «ֆյուրերի» հիստերիկ բռնկման արդյունք է: Եթե այդ տեսակի ֆեյսբուքյան գրառումների համար մարդկանց կալանավորում են, ապա Փաշինյանը մի քանի անգամ պետք է կալանավորվեր:
…Հայաստանյան ռեժիմն, այսպիսով, տոտալիտար չէ, ավտորիտար է: Չնայած ասեմ. գիշերը տասնյակ հոգեւորականների տները ներխուժելը, խուզարկություններ կատարելը եւ հետո նրանց ձերբակալելը հիշեցնում է տոտալիտար պետությունների ոճը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Ինչո՞ւ չեն բռնում նիկոլին:
Ինչո՞ւ Դ.Իոննիսյանը չի անում հայտարարաություն…` ահա թարմ ընտրակաշառքի փայլուն օրինակ.
‘Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026-ի ամառային զորակոչից: Այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ և որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից: Այսինքն՝ 2026 թվականի հունվարի 1-ից՝ ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի’, – նշեց վարչապետը: