Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր ուժերը կրկին միասնության կոչեր են հղում, բայց ոչ մեկը չի խոսում, թե ո՞ւմ շուրջ պետք է համախմբվեն.Գենադի Մնացականյան

Հոկտեմբեր 21,2025 10:48

Հետևելով վերջին մեկ տարվա լրահոսին՝ հետաքրքիր մի հանգամանք է ի հայտ գալիս, որը, կարծում եմ, արժե մի փոքր քննության ենթարկել։ Համարյա բոլոր ընդդիմադիր կուսակցություններն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները առանձին-առանձին խոսել են այն մասին, որ անհրաժեշտ է միավորվել, միասնական բռունցք դառնալ և այդպես պայքարել իշխանափոխության նպատակով։ 2024 թվականի մայիսին նման մի բան ստեղծվել էր, սակայն միասնական առաջնորդի հոգևորական լինելու հանգամանքը և քաղաքական միավորների իրականում կեղծավոր կեցվածքը, ինչպես և սպասելի էր, մսխեց այդ «միասնությունը» ու ավելի թուլացրեց ընդդիմադիր դաշտը։ Հետհայացք նետելով մասնավորապես անցած տարվա մարտ-հունիս ամիսներին տեղի ունեցած հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին, թույլ տվեք եզրակացնել, որ միասնություն որպես այդպիսին չի եղել, եղել են ընդամենը կրկնակի, իսկ որոշ դեպքերում նաև՝ եռակի քաղաքական խաղեր։

Կարծում եմ, կգան ավելի բարենպաստ ժամանակներ և մեր քաղաքագետներն ու վերլուծաբանները ավելի լուրջ քննության կենթարկեն ամեն մեկի հայտարարություններն ու գործողությունները և ավելի հստակ պատկերացում կունենանք տեղի ունեցած իրադարձությունների և որոշ «ընդդիմադիրների» ստոր գործունեության մասին։ Հիմա դրա ժամանակը չէ, ասվածն էլ բավարար է ընդհանուր պատկերացում կազմելու համար, թե ես ի՞նչ նկատի ունեմ։ Միանգամից ասեմ, որ այս ամենում Բագրատ սրբազանը պարզապես զոհի կարգավիճակում է և միայն նրա ազնիվ մտածումներն ու անկեղծ եկեղեցասիրության ու հայրենասիրության շնորհիվ է, որ դեռ անցած տարվանից մորթապաշտների դիմակներ չեն պատռվում։ Դրա ժամանակն էլ կգա։

Վերադառնալով ընդդիմադիր դաշտի միասնության կոչերին՝ նշեմ, որ այդ կոչերը վերջին օրերին կրկին ակտիվացել են և եթե ուշադիր հետևենք, ապա կտեսնենք, որ բոլոր ընդդիմադիր ուժերը կրկին միասնության կոչեր են հղում, բայց ոչ մեկը չի խոսում այն մասին, թե ո՞ւմ շուրջ պետք է համախմբվեն։ Կարծում եմ, բոլորիս հիշողության մեջ դեռևս թարմ են կոալիցիա ստեղծած ընդդիմադիր ուժերի անցած հավաքները, որոնք, անշուշտ, իրենց հետքը թողել են ընդհանուր պայքարի ճանապարհին և չի կարելի ուրանալ այդ հանգամանքը, սակայն փաստն այն է, որ տարբեր պատճառներով անհրաժեշտ աջակցություն չեն ստացել ժողովրդի կողմից։

Վերջին օրերին «Մեր ձևով» շարժման ակտիվությունը ուղերձ էր թե՛ իշխանություններին և թե՛ ընդդիմությանը։ Իշխանությունը պետք է դրանից հետևություն աներ, որ «Մեր ձևով» շարժումը իշխանափոխության ճանապարհը տեսնում է 2026 թվականին հերթական արդար ընտրությունների միջոցով և մտադրություն չունի փողոցային պայքար կազմակերպելու և աջակցելու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, սակայն իշխանությունների կողմից իրականացվող քայլերը կարծես այն մասին է, որ իրենք ամեն գնով պետք է պահեն իրենց իշխանությունը և «կոմպրոմիս չի լինելու» վարչապետի հայտնի արտահայտությունը վերաբերում էր ո՛չ թե միայն Ամենայն Հայոց Հայրապետի մասով, այլ վերաբերում էր ընդհանրապես հասարակական-քաղաքական ընդդիմադիր ազգային ուժերին։

Ինչպես նշեցի, վերջին օրերին «Մեր ձևով» շարժման ակտիվությունը իր մեջ ուղերձ է պարունակում նաև ընդդիմության համար։ Ըստ իս, այդ ուղերձի բովանդակությունն այն է, որ ընդդիմությունը պետք է կարողանա իր մեջ քաղաքական կամք գտնի և համախմբվի հենց «Մեր ձևով» շարժման շուրջը, որը ընդամենը մեկ ու կես ամսվա գործունեության արդյունքում կարողացավ կոնկրետ իրենց կազմակերպած հանրահավաքին մասնակից դարձնել ավելի քան 25000 հայրենասերների։ Ակնհայտ է, որ դա այն ժողովուրդն է, որը ցանկացած պահի կարող է դուրս գալ փողոց և աջակից լինել հենց «Մեր ձևով» շարժմանը։ Ակնհայտ է նաև, որ այդքան մարդ հավաքել չի հաջողվի մյուս բոլոր ընդդիմադիրներին միասին վերցրած և, իմ կարծիքով, հենց այստեղ է այն ուղեցույցը, թե ո՞ր ուժի շուրջ է պետք համախմբվել և ո՞ր ուժի առաջնորդին է պետք դիտարկել որպես միասնական ընդդիմության վարչապետի թեկնածու։ Բոլորն էլ խոսում են միասնության անհրաժեշտության մասին, սակայն ոչ ոք չի ասում, թե ո՞ր ուժի և ո՞ւմ շուրջ միավորվել։ Ահա ասացի, թե ո՞ր ուժի և ո՞ւմ շուրջ է պետք համախմբվել և բացատրեցի, թե ինչո՞ւ է պետք հենց այդ ուժի շուրջ համախմբվել։ Ընդ որում, դա պետք է անել ոչ թե վաղը, այլ այսօր։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031