Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքելական եկեղեցու զավակը հաղորդակից չէ Կաթողիկե եկեղեցու հաղորդությանը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 21,2025 11:08

Հոկտեմբերի 17-ին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը նախաձեռնել էր «Հայկական սփյուռքի մարտահրավերները եւ հայրենիքը» թեմայով հանդիպում, որին մասնակցել են սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներ։ Ելույթներով հանդես են եկել ՀՅԴ բյուրոյի անդամներ Հակոբ Բագրատունին, Մուրադ Փափազյանը եւ Սեւան Դանիելյանը, Իշխան Սաղաթելյանը։ Զրուցել ենք ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ:

– Դուք հետեւո՞ւմ եք այսօր Գյումրու իրադարձություններին, գիտե՞ք, թե Հայաստանում ինչ է կատարվում, եւ ի՞նչ գնահատական ունեք:

– Այո, իհարկե: Իշխանությունների հերթական ոստիկանական բռնատիրական նախաձեռնությունները շարունակվում են, նպատակն էլ ենթադրյալ ամբաստանությունների քողի տակ  լռեցնելն է որեւէ առողջ ու ազատ կարծիք, ազատ միտք եւ նախապատրաստվելու առաջիկա ընտրություններին` իրենք իրենց վերարտադրելու համար:

– Ինչպե՞ս են սփյուռքում վերաբերվում հոգեւորականների հանդեպ իրականացվող քրեական հետապնդումներին: 10-ից ավելի անձ կալանքի տակ է, բռնաճնշումներ են իրականացվում:

– Կարեւոր է նշել, որ սփյուռքում Եկեղեցու հանդեպ հարգանքը եւ եկեղեցական արժեքների հանդեպ փարումը շատ բարձր են: Միանշանակ կարող եմ ասել, որ սփյուռքի ազգային ուժերի ջախջախիչ մեծամասնության կարծիքն այն է, որ նման բան ընդունելի չէ, հարվածը ոչ թե անձերի, անհատ եկեղեցականների դեմ է, այլ՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու թեմի, ինչը կնշանակի եկեղեցին` իր ավանդույթներով, իր քրիստոնեական արժեքներով, իր այն խորքային արմատներով, որ ունի մեր ժողովրդի մեջ, հարվածում են հայ եկեղեցուն, հարվածում են մյուս ազգային արժեքներին՝ լեզու, մշակույթ, գրականություն, ընտանեկան բարքեր։ Մեր ժողովրդի ընդհանուր արժեհամակարգը, բնականաբար, շատ լավ գիտեն իշխանությունները, որ Եկեղեցին մեր ժողովրդի ողնասյունն է, Եկեղեցին դարերով պահպանել է մեր ազգային նկարագիրը, հետեւապես՝ հարվածել Եկեղեցուն՝ նշանակում է հարվածել ազգային նկարագրին, այդ արժեքներին եւ հասնել այն նպատակներին, որոնց համար հասել են իշխանության ու շարունակում են պահել այդ իշխանությունը:

– Նիկոլ Փաշինյանի՝ Վատիկան մեկնելուց հետո լուրեր են պտտվում, որ մեր Եկեղեցու ոչնչացումն արվում է, որպեսզի միանանք կաթոլիկ եկեղեցուն: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում սրան, հնարավո՞ր եք համարում: 

– Բավարար աբսուրդ բաներ կատարած է վարչապետը, սակայն այս մեկը քիչ մը… չեմ ուզում մտածել հավատալու մասին: Բայց կզարմանամ, թերեւս, որ մեր եկեղեցական ավանդությունները չգիտեր, որ չմկրտված` ինչպես հաղորդություն կառնե: Երկրորդ․ Առաքելական եկեղեցու զավակը հաղորդակից չէ Կաթողիկե եկեղեցու հաղորդությանը, այլ հաղորդակից է Ուղղափառ, Ղպտի, Ասորեական եւ Մալաբար ուղղափառ եկեղեցիներին: Սա մի մանրամասնություն` պարոն վարչապետի համար: Հետաքրքրական է նաեւ, որ նա ներկա է գտնվել արարողությանը, որով սրբացրել են ցեղասպանության նահատակ հայ կաթողիկե եպիսկոպոս Մալոյանին, այն դեպքում, երբ  ցեղասպանության հանդեպ Նիկոլ Փաշինյանը կասկածոտ մոտեցում ունի: Շատ բնական է, երբ որ մենք բարձր ենք գնահատում Հայ կաթողիկե  եկեղեցու Մալոյան եպիսկոպոսի սրբադասության ակտը, եւ դա համայն հայության համար արժեք է, գնահատելի ակտ է, որի համար կաթողիկե եկեղեցին՝ իր սրբազան քահանայապետով, ընդունելի է նաեւ եւ մեկ անգամ եւս կշեշտի այն, որ Վատիկանը ցեղասպանության 100-ամյակի առիթով չանսավ Հայոց ցեղասպանությունը: Եվ այս անգամ եւս սա մեզ համար շատ մեծ իրագործում է, որ կատարեց կաթողիկե ընդհանրական եկեղեցին` հայ կաթողիկ եկեղեցու միջամտությամբ եւ առաջարկով:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031