Վարդան Ղուկասյանի պաշտպանա Զարուհի Փոստանջյանը Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քաղաքապետն ունի առողջական որոշակի խնդիրներ, մահափորձից հետո բարդ վիրահատություն է տարել, ունի շաքարային դիաբետ, 24 ժամ է անցել նրա վրա հարձակումից, ձերբակալումից, դատարան տեղափոխելուց, սակայն նրան ոչ սնունդ են տրամադրել, ոչ էլ թույլատրում են հագուստ փոխանցել։
«Այս ամենը վատ վերաբերմունքի դրսևորումներ են, ակնհայտ, անմարդկային վատ վերաբերմունք է դրսևորվում: Երեկվանից՝ ժամը 10-ից մինչ այս պահը պարոն Ղուկասյանին չեն տրամադրել սնունդ, իսկ ինքն ունի շաքարային դիաբետ։
Միգուցե այս պահին ես լիազորված չեմ խոսելու իր առողջության վերաբերյալ, այնուամենայնիվ մարդը սնունդ չի ստացել, մարդը չունի իր հագուստը, այսինքն՝ այս պայմաններում, եղանակը երեկվանից փոխվեց, նվազել է ջերմաստիճանը։ Մարդը չի կարողացել օգտվել հիգիենայի հնարավորությունից, այսինքն՝ 24 ժամվա ընթացքում, եթե ես հասցրել եմ լվացվել, շոր փոխել և այլն, էդ մարդը դրանից էլ է զրկված եղել։
Սրանք այն մասին են խոսում, որ այդ ձերբակալության գործողությունը եղել է բացարձակ ապօրինի, անհրաժեշտություն չի եղել, հիմնավորումը նույնպես ապօրինի է։
Կարդացեք նաև
Այդ գործողությունների վերաբերյալ այս դատական ակտը չի անդրադարձել, տեսեք մարդուն երկու ամսով զրկում են ազատությունից, մեզ տրամադրում են քաղվածք։ Այսպիսի որոշումով մարդուն երկու ամսով կալանավորում են, և քաղաքը զրկվում է կառավարման հնարավորությունից։ Այսինքն` ընտրված քաղաքապետն այս տեսակի կիսատ փաստաթղթով մարդը գտնվելու է կալանավայրում, խոսք են տվել այսօր երեկոյան առձեռն պիտի տան ամբողջական որոշումը, որպեսզի մենք կարողանանք բողոքարկել», ասաց Զարուհի Փոստանջյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ