«Մտահոգություն և կարծիք կա, որ այս նախաձեռնության հիմնական նպատակը «Շողակաթ» հեռուստաալիքի փակումն է»,- ՀՀ ԱԺ նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Թագուհի Ղազարյանն արձագանքեց․ «Դա մտահոգություն և կարծիք չէ։ Այդ նպատակի մասին մենք հրապարակային հայտարարել ենք։ Այո, նախաձեռնությունը մասնավորապես «Շողակաթ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիրներ է կարգավորում, որով, ինչպես զեկուցման ընթացքում ասացի, այս տարիների ընթացքում 3 միլիարդ դրամի դրամանական միջոցներ առանց մրցույթի և մեկ անձից գնումների ընթացակարգով տրվել է մեկ կազմակերպության»։
Գեղամ Նազարյանն արձագանքեց․ «Լավ է, որ ուղիղ եք ասում։ Եթե միջոցներն արդյունավետ չեն ծախսվել, դա այլ հարց է։ Եթե պարզվի՝ Մատենադարանի միջոցներն արդյունավետ չեն ծախսվել, դա չի նշանակում, որ պետք է Մատենադարանը փակենք։ Մենք այլ խնդիր պիտի լուծենք։ Ես կոչ եմ անում, վճռական հորդորում եմ հետ կանգնել այդ քայլից, մտածել «Շողակաթն» ավելի լավ բովանդակությամբ դարձնելու, քան փակելու մասին։ Եթե «Շողակաթ» հեռուստաալիքը փակվի, Գեղամ Նազարյանն այլևս չի կարող հանրությանը համոզել, որ կառավարությունը, պետությունը եկեղեցու դեմ քայլեր չի ձեռնարկում»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ