Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի աշխատակիցները բողոքի ցույց իրականացրին ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք չեն համակերպվում իրենց դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանին աշխատանքից ազատելու որոշման հետ: Տնօրենի ազատման պատճառը, ըստ ԶԼՄ-ների, Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի անձնական թշնամանքն է, եւ նա ցանկանում է ընկերոջ կնոջը նշանակել այդ հաստիքին:
Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Արմինե Կուծանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց տնօրենին անհիմն մեղադրանք է առաջադրվել, եւ որպես հիմք ընդունվել է այն փաստը,որ տնօրենն իբր քաղաքական զսպվածություն չի ցուցաբերել: «Կուզենայինք հասկանալ՝ ինչ է նշանակում քաղաքական զսպվածություն ասվածը, եթե դպրոցում բացարձակ կրթական ոլորտի քննարկումներից բացի՝ ուրիշ որեւէ խոսակցություն տեղի չի ունենում, առավել եւս՝ մեր տնօրենի մասնակցությամբ»,-ասաց մաթեմատիկայի ուսուցչուհին: Նա նվիրյալ որակեց իրենց դպրոցի տնօրենին:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Մեկ այլ ուսուցչուհի ասաց, որ նամակներ են պատրաստել՝ ուղղված ԿԳՄՍ նախարարին եւ վարչապետին, քանի որ համոզված են, որ իրենց տնօրենին անհիմն են ազատել աշխատանքից: Նա ընդգծեց, որ երբեւէ իրենց դպրոցում քաղաքական թեմայով որեւէ քննարկում չի եղել. «Մենք ո՞նց ասենք երեխաներին, որ ասվածն ու արվածը չեն համապատասխանում, ո՞նց բացատրենք աշակերտներին, թե ինչու են գործին նվիրված մարդուն ազատում աշխատանքից»,-ասաց ուսուցչուհին:
Մանկավարժներին ընդունեց ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը: Մանկավարժները նրանից պահանջեցին հիմքերը, ըստ որոնց որոշել են, որ տնօրենը քաղաքական զսպվածություն չի ցուցաբերել:
«Առաջարկում եմ դիմումը փոխանցել ինձ: Մենք նախարարությունում կուսումնասիրենք հարցը, եւ քանի որ դպրոցը գտնվում է մարզային ենթակայության ներքո, նաեւ մարզպետարանից պարզաբանում կպահանջենք՝ հասկանալու համար, թե ինչն է դպրոցի տնօրենին ազատելու պատճառը»,-փոխանցեցին մանկավարժներին եւ հորդորեցին վերադառնալ աշխատանքի՝ մինչեւ հարցի ուսումնասիրումը:
Ցույցն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ