«Տեղյակ եք, թե երեկ ինչ կատարվեց Գյումրիում, փաստացի, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի մեղադրանքի, վեց ամիս եւ մի քիչ ավելի Գյումրի համայնքի ղեկավարը փաստացի կաշառքով է զբաղվել մեր հարազատ քաղաքում։ Ձայնագրություններն այն մասին են խոսում, որ Վարդան Ղուկասյանը կամ Վարդանիկը, լինելով համայնքի ղեկավար եւ ժամանակին էլի որպես համայնքի ղեկավար աշխատելով, հիմա արդեն այն բարքերը, որոնք եղել են ժամանակին, փորձ արեց վերադարձնել։ Այն կոռուպցիոն ու կլանային համակարգը, որը տիրել է քաղաքում իր օրոք, փորձեց նորից վերակենդանացնել, ինչն անթույլատրելի է։ Եվ երեկ իրավական գնահատական տրվեց»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Անդրադառնալով քաղաքի հետագա կառավարմանը, նա ասաց, որ օրենքով այդ ամենը կարգավորվում է։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակներում պաշտոնատար անձանց մասով կայացվել են նաեւ պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ։ «Այնտեղ տեղակալ կա, առաջին տեղակալ կա, փոխքաղաքապետը երեւի կստանձնի։ Բայց այդտեղ էլ մի մեծ խնդիր ունենք, որ այդ փոխքաղաքապետը երեկ գործադուլի կոչ էր արել, քաղաքային տրանսպորտի, մանկապարտեզների աշխատակիցների աշխատանքն ամբողջությամբ կաթվածահար էին արել։ Ինչի՞ համար, որ Վարդանիկի բնութագրմամբ՝ բոլորով գնան լցվեն իր կողքը՝ պահելու կոռուպցիոների շահերը։ Եվ հիմա այդ անձը՝ փոխքաղաքապետը, ոնց որ ինքն է լիազորությունները կատարելու, որքան գիտեմ՝ փեսան է։ Տեսնենք, կերեւա, օրենքը հստակ կկարգավորի ամեն բան»,- ասաց նա։
ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ այս իշխանության օրոք այլ պաշտոնյաներ էլ են կալանավորվել՝ առողջապահության փոխնախարար, ԱԻ նախարար, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ «Տեսեք՝ ինչ բարձրաստիճան պաշտոնյաների մասին է խոսքը, հստակ իրավական գնահատականներ տրվել են։ Եվ որեւէ մեկը չի առանձնացվել նրա համար, որ իրենք իշխող ուժի անդամներ են կամ չի քաջալերվել այդ ամենը։ Եվ, այո, բոլոր կոռուպցիոներների տեղը այն վայրում է, որտեղ հիմա գտնվում է Վարդանիկը»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն տեսակետներին, որ հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են հիմք հանդիսացել Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու համար, ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Ես չգիտեմ՝ այդ գաղտնալսումը երբ է կատարվել, դա գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի տիրույթում։ Վերջին ժամանակահատվածում ես էլ էի ասում՝ բան չմնաց։ Ինչո՞ւ էի դա ասում, որովհետեւ շատ լավ գիտակցում էի, թե ովքեր են այսօր իշխանության եկել Գյումրիում եւ ինչ են անում, ինչ մեթոդներով են առաջնորդվում։ Ես էլ, լինելով գյումրեցի եւ ապրելով Գյումրիում, մշտապես իմանում ենք, թե որտեղ ինչ է կատարվում։ Սա մեկ դրվագ է ուղղակի, ըստ ինձ հասած տեղեկությունների՝ բազմաթիվ նման դրվագներ կան։ Այն, որ Վարդան Ղուկասյանը եւ եւս 7 անձ, ըստ մեղադրանքի, կաշառք են վերցրել կամ կաշառակերությամբ են զբաղվել, դա իմ համար փաստ է»։
Նա նշեց, որ եթե հանկարծ Գյումրու արտահերթ ընտրություններ լինեն, միանշանակ «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է եւ հաղթելու է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ