Լրահոս
Օրվա լրահոսը

«Շողակաթը» հասարակական-քաղաքական ուղղվածության հեռուստաընկերություն չէ, բայց այն փակելու պայքարի նպատակը քաղաքական է»․ Նարինե Մկրտչյան

Հոկտեմբեր 21,2025 16:51

«Շողակաթ» հեռուստաընկերության հեռարձակումը դադարեցնելու այս ծրագիրը ՀՀ վարչապետի՝ Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառի դեմ հայտարարված պատերազմի շրջանակներում է։ Նրանք, ովքեր չեն ճանաչում Նիկոլ Փաշինյանին, անտեղյակ են նաև նրա հետևողականությանը և համառությանը։ Իսկ նախկին լրագրող ներկայիս վարչապետը խիստ հետևողական է այս պայքարում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ պատասխանելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծի մասին հարցին։ Ըստ այդմ, հանրային հեռարձակողների թիվը սահմանվում է՝ երկու, ներկայիս երեքի փոխարեն։ Արդյունքում «Շողակաթ» հեռուստաընկերությունը զրկվում է եթերից՝ հանրային ռեսուրսների օպտիմալ կառավարման պատճառաբանությամբ։ Հեռուստաընկերության աշխատակազմը հնարավորություն կունենա մասնակցելու ազատված կապուղու համար հայտարարված մրցույթին։

Նարինե Մկրտչյանը նկատեց՝ Հայաստանում հեռուստաընկերություններ փակելու արատավոր նախադեպեր կան․ «Ռոբերտ Քոչարյանի կառավարման ընթացքում փակվեցին «Ա1 պլյուս» և «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյան լրագրողը մեզ հետ պայքարում էր դրա դեմ»։

Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ թե՛ նախկինում, թե՛ այժմ քաղաքական առումով՝ հեռուստաընկերություն փակելը ծայրահեղ սխալ հաշվարկ է․ «Շողակաթը» հասարակական-քաղաքական ուղղվածության հեռուստաընկերություն չէ, բայց այն փակելու պայքարի նպատակը քաղաքական է։ Հասարակական առումով՝ դա կրկնակի սխալ է, քանի որ հոգևոր-մշակութային հեռուստաընկերության անհրաժեշտությունը զգալի է Հայաստանի տեղեկատվական դաշտում, բացի այդ, հանրային արձագանքը եկեղեցու դեմ պայքարի առումով նույնպես խիստ բացասական է։ Միջազգային առումով՝ խիստ վտանգավոր է․ նախ, այն բախվում է դեպի ԵՄ ընթանալու մասին՝ Երևանի հայտարարություններին՝ ակնառու դարձնելով խոսքի և գործի անհամապատասխանությունը, և ապա՝ ստվերում ՀՀ միջազգային պարտավորությունների իրականացման ընկալումները»։

Մամուլի ազգային ակումբի նախագահը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարող դիմանալ այս ծանր և անպատվաբեր բեռին․ «Հետևանքները միշտ էլ անշրջելի են լինում թե՛ իշխանության, թե՛ հանրության, թե՛ պետության համար։ Միշտ պետք է կարողանալ կանգ առնել․ դա է միակ խելամիտ քայլը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031