Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն այնքան մոտ է իմ սրտին, որ դուք անգամ չեք կարող պատկերացնել։ Այն նույնիսկ մարմնիս մի մասն է…»

Հոկտեմբեր 21,2025 17:13

Հռչակավոր իտալացի տենոր, մեր ժամանակների գերաստղ Վիտտորիո Գրիգոլոն Հայաստանում է, և առաջին անգամ այսօր «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կկայանա նրա մենահամերգը։

Տենորը գլխավոր դերերգերով հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում՝ Միլանի «Լա Սկալայից» մինչև Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Լոնդոնի «Քովենթ Գարդենից» մինչև Բուենոս Այրեսի «Կոլոն», խաղընկերներ ունենալով օպերային այլ աստղերի։ Նրա մասնակցությամբ ներկայացումներն ու համերգները ղեկավարել են այնպիսի հանրահայտ դիրիժորներ, ինչպիսիք են Լորին Մաազելը, Զուբին Մետան, Մյունգ-Վուն Չունգը, Գուստավո Դուդամելը, Ռիկարդո Շային, Անտոնիո Պապանոն և այլն։

Երգչի համերգները մշտապես անցնում են լեփ-լեցուն համերգասրահներում, հարյուրհազարանոց մարզադաշտերում նույնպես։ Նա հանդես է եկել փոփ, ռոք, ջազ և, բնականաբար, օպերային լեգենդներ Սթինգի, Բրայան Մեյի, Ջեյմս Թեյլորի, Լուչանո Պավարոտիի, Պլասիդո Դոմինգոյի և այլոց հետ։

Տենորի մասին ԶԼՄ-ներում հրատարակվածբազմաթիվ հոդվածներից ներկայացնենք ընդամենը մեկը. «Նրա ձայնը ձգողական մեծ ուժ ունի։ Գրիգոլոյի ձեռքում այն կրակոտ ու ճկուն գործիք է, որին նա տիրապետում է կատարելապես և մեծ կրքով։ Այն առողջ ու բազմազան արտահայտչամիջոցներով հարուստ ձայներից է, որն առանձնանում է հզորության ու գեղեցկության բացառիկ համադրությամբ»,– The New York Times։

Ի դեպ, Գրիգոլոն բառի իսկական իմաստով նորարար է․ նրա նախաձեռնությամբ տեղի են ունեցել օպերային ներկայացումներ անսովոր հարթակներում՝ «Տրավիատա» օպերան՝ Ցյուրիխի կենտրոնական կայարանում, «Սիրո ըմպելիքը»՝ Միլանի Մալպենսա օդանավակայանում և այլն։

Անդրադառնանք այսօր կայանալիք համերգին։ Aravot.am-ը ներկա էր գլխավոր փորձին։ Վստահեցնենք, որ հանդիսատեսին սպասվում է ամենասիրված, հանրահայտ, ժամանակակից ու դասական երգերի և մեղեդիների աննկարագրելի վայելք՝ Volare, My Way, Arrivederci Roma, Կարուզո… Համերգը կեզրափակվի Կավարադոսիի հայտնի արիայի և Queen ռոք խմբի The Show Must Go On երգով։

Կարճատև զրույցի ընթացքում պարզեցինք, որ Վիտտորիո Գրիգոլոյի խաղընկերներից են եղել նաև հայ օպերային աստղեր Հասմիկ Պապյանը, Լիանա Հարությունյանը, Նինա Մինասյանը, Ջուլիանա Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը։

Իսկ Հայաստանի ու հայերի մասին կարծիք հայտնեց՝ ասելով․ «Հայ մշակույթն ու երաժշտությունը շատ մոտ են իմ սրտին, ոնց որ դուդուկը, Դլե յաման երգը… Հայաստանն այնքան մոտ է իմ սրտին, որ դուք անգամ չեք կարող պատկերացնել։ Այն նույնիսկ մարմնիս մի մասն է»։ Ապա ցույց տվեց ձեռքի վրայի դաջվածքը (լուսանկարում). «Ես առաջին անգամ բացահայտեցի սերը քո միջոցով»։

Երգչի մենեջերը՝ Ալեսսանդրո Արիոզին, մեզ ասաց հետևյալը․ «Հայաստանի մշակույթը բարձր մակարդակի վրա է, իսկ հայ երաժիշտները՝ բարձրակարգ։ Շատերի հետ աշխատել եմ որպես մենեջեր։ Ձեր ֆիլհարմոնիկ նվագախմբի մակարդակն այնքան բարձր է, որ յուրաքանչյուր երաժշտի համար պատիվ է համագործակցել նման կոլեկտիվի հետ։ Հիշեցնեմ, որ Պլասիդո Դոմինգոյի համերգը Հայաստանում իրականացրել եմ համագործակցելով ձեր ֆիլհարմոնիկի հետ»։

Ի դեպ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանի և Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում է կայանում այս համերգը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Իսկ Վիտտորիո Գրիգոլոյի երևանյան համերգի նախաձեռնողն է բժիշկ, մշակութային հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031