«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի գնահատմամբ, վերջին հարյուրամյակի ընթացքում, մեր երկիրն առաջին անգամ գտնվում է ամենաբարդ ճամփաբաժանի առջեւ․ «Երբ որ գործող վարչախումբը խոսում է չորրորդ հանրապետությունից, հասկանալի է, որ խոսքը գնում է ապազգային մի ուղու մասին, որում Հայաստանի հանրապետությունն այլեւս հայկական պետություն չի լինելու, լինելու է ինչ-որ մի պետական կազմավորում եւ այդ տրամաբանության մեջ նույնիսկ հասկանալի էլ չի՝ արդյոք գոյություն է ունենալու հայկական Սփյուռք, որը կապ ունի ՀՀ-ի հետ»։
Այս մասին Ավետիք Չալաբյանը խոսեց այսօր՝ «ՀայաՔվե» նախաձեռնության կազմակերպած «Հայաստան-Սփյուռք գործակցության մարտահրավերները» թեմայով համաժողովի ժամանակ։
Ավետիք Չալաբյանը հիշեցրեց նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Սփյուռքը չպետք է խառնվի Հայաստանի գործերին՝ հավելելով, որ մինչ այդ, 35 տարի զարգացումը գնացել է այն տրամաբանությամբ, որ Հայաստանը ոչ միայն իր քաղաքացիների պետությունն է, այլեւ համայն հայության, ինչի արդյունքն էլ այն էր, որ հայազգի ցանկացած անհատ կարողանում էր ՀՀ-ում պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալ, պարզեցված կարգով ներդրումներ կատարել եւ իր ներուժը ներդնել ՀՀ-ում, որպես հայության ընդհանուր խարիսխ, առանցք։ Իսկ հիմա կոտրվում է այն տրամաբանությունը, որ համայն հայությունը համախմբված է Հայաստանի հանրապետության շուրջ։
«Ըստ էության, հիմա երկընտրանքի առջեւ ենք կանգնած ոչ միայն մենք, որ այստեղ ենք ապրում, այլ հայազգի ցանկացած մարդ՝ աշխարհի ցանկացած ծայրում․ ի՞նչն է այսուհետ լինելու Հայաստանի հանրապետությունը, ինչպե՞ս է կազմակերպված լինելու մեր ազգային կյանքը, արդյոք ՀՀ-ն շարունակելո՞ւ է լինել այն ձգողականության կենտրոնը, որի շուրջ համախմբվում է հայությունը, թե՞ կորցնելու է իր ձգողականությունը եւ հայության ազգային կյանքը տրոհվելու է բեկորների՝ ամեն համայնք ապրելու է իր տրամաբանությամբ, իրեն ընդունող երկրի տրամաբանությամբ եւ ժամանակի ընթացքում տարրալուծվի այդ երկրի մեջ, ինչպես ժամանակին բազմաթիվ հայ համայնքներ են տարրալուծվել Լեհաստանում, Հնդկաստանում եւ այլն»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի, ապրելով Հայաստանում, մենք մինչեւ վերջ չենք զգում ապազգայնացման ողջ արհավիրքը, թեեւ այն ամեն օր մոտենում է մեզ։ Մինչդեռ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներն ավելի սուր են զգում ամենը ու դա սկսվել է 44-օրյա պատերազմից հետո պարտությամբ, երբ օրեցօր ավելի է մեծանում հիասթափությունն ու տարակուսանքը։ Ուստի, իր համոզմամբ, հայաստանյան քաղաքական եւ հասարակական ուժերը պետք է բեռը վերցնեն իրենց վրա եւ Սփյուռքի հայության հետ կապը պահելու այլընտրանք գտնեն, մինչեւ այս իրականությունը կփոխվի։ Իսկ որ այն փոխվելու է, ինքը դրանում կասկած չունի։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ