«Վերջին հինգ տարիները մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից են եղել․ փոխվել է ոչ միայն մեր պետության սահմանը, այլև տուժել է մեր վստահությունը»․ «Հայաստան-Սփյուռք համագործակցության հիմնախնդիրները» թեմայով ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց կրթության հարցերով փորձագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ատոմ Մխիթարյանը։
Ըստ բանախոսի, հայ ժողովրդի ամենախորը ցնցումներից մեկը, որը նոր և աննախադեպ մարտահրավեր է ստեղծել Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերություններում, արցախցիների բռնի տեղահանումն է։ Սփյուռքի հետ Հայաստանի հարաբերությունների որակի վրա ոչ պակաս ազդեցություն է գործել նաեւ այն, որ Հայաստանը հայտնվել է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում․ «Սփյուռքի ներուժը գրեթե չի օգտագործվում մեր համազգային նպատակների իրագործման համար, իսկ պետական մակարդակով աշխատանքը համակարգային բնույթ չի կրում։ Այս պայմաններում Սփյուռքը գործում է ինքնուրույն, մասնատված»։
Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ պետք է փոխվի մտածողությունը՝ թե Սփյուռքը Հայաստանին տրամադրվող օգնության աղբյուր է, փոխարենը պետք է արմատավորվի մտածողությունը, որ Սփյուռքը համազգային ուժ է, իսկ Հայաստանը պետք է դառնա համայն աշխարհի հայերի կենտրոնը։ Ըստ այդմ, նաեւ Հայաստանի և Սփյուռքի միջև համակարգային հարաբերությունների ձևավորման համար նա անհրաժեշտ է համարում ազդեցիկ և համակարգային մարմնի ստեղծումը, որը կզբաղվի այդ հարաբերությունների զարգացման բոլոր ուղղություններով․ «Սա պետք է լինի հաջորդ կառավարության առաջին քայլերից մեկը»։
Ատոմ Մխիթարյանն անհրաժեշտ է համարում նաեւ հայրենադարձության ծրագրերի իրականացումը՝ հաշվի առնելով հայերի բռնի տեղահանումը Արցախից, աշխարհում և Հայաստանի շուրջ տիրող անորոշ իրավիճակը, ինչպես նաև աշխարհի տարբեր մասերում հայ համայնքների վրա աճող ճնշումը․ «Սա ոչ միայն հումանիտար, այլև ժողովրդագրական, ինչպես նաև տնտեսական հրամայական է»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ