Լրահոս
Օրվա լրահոսը

Նոտարական կարգով վավերացում չպահանջող պայմանագրերը հնարավոր կլինի կնքել նաեւ էլեկտրոնային եղանակով

Հոկտեմբեր 21,2025 18:50

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի  տեղակալ Նանե Ղազարյանը:

Նախագծով առաջարկվում է օրենքում կատարել համապատասխան լրացումներ եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմանագրերը կնքել առանց կոմիտեի սպասարկման գրասենյակ այցելելու, այսինքն՝  կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնի միջոցով՝ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստմամբ: Այսկերպ Հայաստանի տարածքից դուրս գտնվող անձինք եւս հնարավորություն կունենան առանց հավելյալ գործընթացների իրացնել  գործարք կնքելու իրենց իրավունքը:

Նանե Ղազարյանի խոսքով սա վերաբերում է այն պայմանագրերի կնքման էլեկտրոնային եղանակ նախատեսելուն, որոնք ներկայում նոտարական կարգով վավերացում չեն պահանջում: «Այսինքն՝ խոսքը վերաբերում է Կառավարության կողմից հաստատված տիպային օրինակելի պայմանագրերին, որոնք քաղաքացին այսօր իրավունք ունի կնքելու նաեւ առանց նոտարական վավերացման, ինչը ներկայում կատարվում է Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում եւ կատարվում է ստորագրության իսկության ճանաչում կոչվող ինստիտուտի միջոցով, որն իրենից ներկայացնում է զուտ հավաստում, որ քաղաքացին, որը ներկայացել է սպասարկման գրասենյակ,  ստորագրել է համապատասխան պայմանագիրը»,- ասել է զեկուցողը: Նա հավելել է, որ էլեկտրոնային ստորագրություն ունեցող քաղաքացիները կկարողանան այդ պայմանագրերը կնքել նաեւ էլեկտրոնային եղանակով՝ թվային միջավայրում:

Նախագծով մանրամասն սահմանվում են «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործած անձանց կողմից անձնական գրասենյակ բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստված պայմանագրերին առաջադրվող պահանջները, ինչպես նաեւ դրանցից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցման իրականացմանն ուղղված կարգավորումները:

ԱԺ գլխադասային Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ հոկտեմբերի 21-ի նիստում:

 ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031