«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է էլեկտրոնային եղանակով գործարքների կնքում, որով հիպոտեկի բազմակողմ պայմանագրի կնքման գործընթացը կդառնա առավել դյուրին, արագ եւ պայմանագրի կողմերի համաձայնության դեպքում կստորագրվի աշխարհի ցանկացած վայրում: Այս մասին ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը հոկտեմբերի 21-ին գումարված ԱԺ նիստի ժամանակ:
Նրա խոսքով նախատեսվող փոփոխությունների արդյունքում կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի եւ հիպոտեկի խառը կամ անշարժ գույքի առուվաճառքի եւ հիպոտեկի խառը պայմանագրերի կողմերը հնարավորություն են ունենում վերոնշյալ պայմանագրերը կնքելիս ազատորեն ընտրել նոտարական վավերացմամբ կամ առանց դրա՝ այն կնքելով Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձեւերին համապատասխան:
Նախագծի ընդունումն էական ազդեցություն կունենա նաեւ վերը նշված պայմանագրերի կնքման եւ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման գործընթացների առնչությամբ ժամանակի խնայողության վրա:
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Ցիրունյանը:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով