Պետություն-Սփյուռք արդյունավետ հարաբերությունների հիմքը երեք բաղադրիչ ունի․ առաջինը՝ ինքնության հստակ պատկերացումը եւ դեպի ապագան ուղղված ընդհանուր տեսլականն է․ ո՞վ է հայը, ո՞վ է հայաստանցին՝ հարցեր, որոնց պատասխանները մենք դեռ չունենք։ Երկրորդը՝ ինստիտուտների գոյությունն է եւ հստակ ու համագործակցված աշխատանքը, ընդ որում, ոչ միայն պետական ինստիտուտների։ Երրորդը՝ ներգրավվածությունը, որի միջոցով Սփյուռքը Հայաստանի հետ կարող է կապվել․ այս մասին իր կարծիքն այսօր բարձրաձայնեց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ սփյուռքի նախարարի նախկին տեղակալ Վարդան Մարաշլյանը՝ «Հայաստան-Սփյուռք համագործակցության հիմնախնդիրները» թեմայով ֆորումի ընթացքում։
Ըստ բանախոսի, այս երեք առումներով էլ միշտ եղել են խնդիրներ, բայց վերջին տարիներին դրանք առավելագույնս սրվել են՝ բերելով տոտալ ատոմիզացիայի՝ տրոհման, ինչը Սփյուռքում առավել ուժեղ է արտահայտվում։
Սփյուռքում՝ ավելի քան հարյուր երկրում ապրող մոտ 7 միլիոն մարդու մասին է խոսքը, Վարդան Մարաշլյանի գնահատմամբ, հիմնականում ունենք իրավիճակ, երբ ինքնության դրսեւորումները անհատական մակարդակում են, ձուլման վտանգը մեծ է, քանի որ Հայաստանի հանրապետությունից չկա որեւէ ազդակ, համահայկական պատկերացում՝ ինքնությունն ապագայի հետ կապելու․ «Երիտասարդների համար շատ հստակ պետք է լինի՝ ինչո՞ւ է պետք հայ լինել, հայերեն սովորել, որպեսզի այլ ճանապարհով չգնա»։
Վարդան Մարաշլյանը նկատում է՝ հաջողակ պետություններն իրենք են օրակարգ առաջարկում՝ Սփյուռքի հետ ընդհանուր հայտարարի գալու։ Դա բարդ է, բայց հարաբերությունների ձեւավորման հարցում հիմնական դերը պետք է պետությունը խաղա։ Վերջին տարիներին հայկական պետությունը այլ քաղաքականություն է վարում, ինչը խոսում է այն մասին, որ Սփյուռքը արագ ձուլվելու է, չի կենտրոնանալու հայկական պետության շուրջ․ «Մենք հեռու ենք առայժմ օպտիմալ վիճակի բերելուց այս ամենը։ Սփյուռքում էլ խնդիրներ կան, դասական կառույցները նույնպես արդյունավետ չեն եւ հայության զգալի մասը դուրս է մնում համայնքային կյանքի կազմակերպման գործընթացից»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ