Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Հովսեփ Սիմոնյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեկվանից ոստիկանություն են տարել ու տարբեր քաղաքների ձերբակալվածների պահպանման վայրեր են տեղափոխել Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության 8 վարորդների, 4 բանվորների, առգրավվել են կոմունալ բաժնի 8 մեքենաները։
Հովսեփ Սիմոնյանը մեր միջոցով հորդորեց իրավապահ մարմիններին վերադարձնել համայնքի մեքենաները, ազատ արձակել կոմունալ բաժնի աշխատակիցներին, քանի որ այսպիսով կպարալիզացվի քաղաքապետարանի աշխատանքը, կտուժի Գյումրին, չեն կարողանա քաղաքի մաքրությունը լիարժեք ապահովել։
«Չեմ կարող վստահորեն ասել՝ ձերբակալված են, քանի որ նրանց կարգավիճակը չգիտեմ, բայց խնդիրն այն է, որ այդ մարդիկ գտնվում են տարբեր քաղաքներում՝ ոստիկանության տարբեր բաժիններում։ Մեծ պրոբլեմ է քաղաքի մաքրման աշխատանքներն իրականացնելու համար, այդ տեխնիկաները և այդ անձինք լուրջ աշխատանք ունեն անելու, և ես զգուշացնում եմ, որ խոչընդոտում են քաղաքի ամբողջական մաքրման աշխատանքներին։
Իհարկե, կան իրավական գործառույթներ, որոնք պիտի իրականացվեն, բայց հորդորում եմ իրավապահ մարմիններին հնարավորության սահմաններում արագ ազատ արձակել նրանց։ Դուք լավ գիտեք, որ քաղաքը լուրջ խնդիրներ ունի մաքրման առումով, և նրանք ամենօրյա քրտնաջան աշխատանք են կատարում», -ասաց Հովսեփ Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Մեր հարցին, իսկ ի՞նչ են արել վարորդները, ի՞նչ կասկածանքով են տարվել ոստիկանություն, Հովսեփ Սիմոնյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, բայց եթե վերցնենք՝ շատ մարդիկ ի՞նչ են արել, որ էսօր գտնվում են տարբեր տեղերում։ Չեմ ուզում քաղաքականացնել մեր հարցազրույցը, սկսենք Սրբազաններից վերջացնենք բարերարներով, վերջին գլուխգործոցն էլ քաղաքապետն էր, ում ինչ են արել։ Ես չգիտեմ իրենք ինչ-որ ստանդարտներ ունեն, մոտեցումներ ունեն, ովքեր որ չեն տեղավորվում այդ շրջանակի մեջ, տանում են»։
Մեր դիտարկմանը, թե կոմունալ ծառայության մեքենաները երեկ կանգնեցրել էին Վարդանանց հրապարակում, մեր զրուցակիցն ասաց․ «Այո, կանգնած էին եղել, ես չեմ կարող ասել ինչ պատճառով, ինչի համար, գուցե տեխնիկաները փորձել են անցնել, գնալ իրենց աշխատանքին, փակ է եղել հրապարակը։ Չմոռանանք, որ այդ հրապարակը փակ է եղել հենց նույն իրավապահ մարմինների գործողությունների պատճառով։
Ես ինքս մի քանի անգամ փորձել եմ մուտք գործել մեր քաղաքի Վարդանանց հրապարակ, չեմ կարողացել, արգելված է եղել։ Գուցե այդ ժամանակ այդ մեքենաները գտնվել են այս տարածքում, պատճառը գուցե դա՞ է։ Չեմ ուզում ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնել», -ասաց Հովսեփ Սիմոնյանը։
Ըստ նրա, ցանկացած իրավական գործառույթ պիտի կատարվի այն նրբությամբ, որ չխաթարվի այլ գործառույթ իրականացնելը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ