Tashir Arena-ի հանդիսավոր բացմանն ընդառաջ՝ հոկտեմբերի 21-ին, Երևանում կայացավ յուրօրինակ թատերական-կրկեսային ETERNIA շոուի բարեգործական նախապրեմիերային ցուցադրությունը։ Առաջին հանդիսատեսներն էին նրանք, ովքեր հատկապես ջերմության և հոգատարության կարիք ունեն. բազմազավակ ընտանիքներ և Արցախից տեղահանված ընտանիքներ, վետերաններ, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև բարեգործական հիմնադրամների շահառուներ։ Նրանց համար այս երեկոն իսկական տոն դարձավ՝ լի լույսով, երաժշտությամբ և բարության հանդեպ հավատով։
ETERNIA շոուն յուրօրինակ թատերական-կրկեսային ներկայացում է՝ ստեղծված հատուկ Tashir Arena-ի բեմի համար։ Այն պատմում է լույսի և խավարի հավերժ պայքարի, հավատի, հույսի, սիրո և մարդկային հոգու անսահման ուժի մասին, որն ունակ է հաղթահարելու ցանկացած փորձություն՝ իրականությունից այն կողմ տանող ճանապարհորդության պատմություն։
Լայնածավալ փորձերն անցկացվել են մոտ երկու տարի, իսկ շոուին մասնակցել են ավելի քան հարյուր արտիստներ տարբեր երկրներից։ Նախապրեմիերային բարեգործական ցուցադրությանը ներկա էին շուրջ 2000 հանդիսատեսներ Հայաստանի տարբեր համայնքներից։
Կարդացեք նաև
Միջազգային արտիստների խումբը և ժամանակակից տեխնոլոգիաները ETERNIA-ն դարձրել են համաշխարհային մակարդակի բեմական իրադարձություն։
Ինչպես ասում է նախագծի հեղինակ և գաղափարական առաջնորդ Տաթևիկ Կարապետյանը. «Սա պարզապես շոու չէ, այլ արվեստի միջոցով հնչող խոսք՝ ներքին ազատության և դժվարությունը հաղթահարելու կարողության մասին։ Մենք ETERNIA-ն ստեղծել ենք որպես պատմություն, որը կարող է հուզել յուրաքանչյուրի սիրտը, ուժ տալ և հիշեցնել, որ նույնիսկ ամենադժվար պահին մեր ներսում ապրում է լույսը։ Հատկապես խորհրդանշական է, որ Tashir Arena-ի առաջին հանդիսատեսը նրանք են, ովքեր բոլորից լավ են հասկանում տոկունության և հույսի արժեքը»։
Շոուի յուրաքանչյուր մանրուք՝ ձայնը, լույսը, զգեստը, շարժումը, ծառայում է միևնույն գաղափարին և ստեղծում է ամբողջական ներթափանցման էֆեկտ։ ETERNIA-ի բեմադրությունը ղեկավարել է համաշխարհային մակարդակի ռեժիսոր և խորեոգրաֆ Պավել Բրյունը, որի աշխատանքները կարելի է տեսնել նաև Cirque du Soleil-ի բեմերում։
MEDUSE թիմի հետ միասին նա ստեղծել է շոու, որտեղ տեխնոլոգիան, շարժումն ու հույզը միաձուլվում են մեկ ամբողջության մեջ։ «ETERNIA-ն մարդու ներքին աշխարհի ճանապարհորդություն է՝ պատմված լույսի, շարժման և ձայնի լեզվով։ Մենք ուզում էինք ոչ թե պարզապես տեսարան ստեղծել, այլ հուզական փորձառություն, որը միավորում է հանդիսատեսին իր սեփական ներաշխարհի հետ», – ասում է Պավել Բրյունը:
Ներկայացման մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանին և նրա մշակույթին՝ սկսած երաժշտությունից և շոուի տարրերից մինչև տաղանդավոր հայ արտիստների մասնակցությունը։ Շոուի մենակատարն ու գլխավոր հերոսուհին՝ Նարինե Մադունցը, տաղանդավոր երգչուհի է Հայաստանից, որի ստեղծագործական ուղին նվիրված է հայկական ժողովրդական երաժշտության պահպանմանն ու տարածմանը։
Շոուի երաժշտական ձևավորման վրա մի քանի ամիս աշխատել է հայկական ծագմամբ կոմպոզիտոր և բազմագործիքավորող Վալերի Տոլստովը։ Ներշնչվելով հայկական ազգային մոտիվներից և ETERNIA-ի մթնոլորտից՝ նա ստեղծել է եզակի կոմպոզիցիաներ և մշակված ձևավորումներ, որոնք ներդաշնակորեն միաձուլվում են տեսողական էֆեկտների և ներկայացման սյուժեի հետ։
Առանձին կարևորություն է տրվել կենդանի կատարմանը․ ամբողջ նվագախումբը բաղկացած է տաղանդավոր հայ երաժիշտներից, իսկ արենայի ակուստիկան, որը մշակվել է համաշխարհային փորձագետների մասնակցությամբ, թույլ է տալիս առավելագույնս բացահայտել յուրաքանչյուր գործիքի հնչողությունը և հանդիսատեսին ամբողջությամբ ներգրավել շոուի մթնոլորտում։
ETERNIA-ի պրեմիերան անցկացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի ավանդույթների ոգով, որի գործունեության անբաժանելի մասն են սոցիալական պատասխանատվությունն ու բարեգործությունը։ Այս հատուկ ցուցադրությունը խորհրդանշում է Tashir Arena-ի սոցիալական առաքելությունը. երկրի մշակութային քարտեզի վրա ոչ միայն նոր կետ լինել, այլև դառնալ այնպիսի վայր, որտեղ մարդու հանդեպ ուշադրությունը, աջակցությունն ու հավատն ամեն ինչից վեր են։ Շատ հանդիսատեսների համար հոկտեմբերի 21-ի երեկոն դարձավ ներշնչող իրադարձություն՝ լցված հույզերով, լույսով և հրաշքի հանդեպ հավատով։
Տաթևիկ Կարապետյանն ընդգծեց այս օրվա նշանակությունը Հայաստանի մշակութային կյանքում․ «Այսօր մենք ոչ միայն նոր շենք ենք բացում կամ շոուի խորհրդանշական մեկնարկը տալիս, այլև ստեղծում տարածք, որտեղ ծնվելու են հույզեր և ներշնչանք։ Tashir Arena-ն այն վայրն է, որտեղ արվեստը միակցվում է Հայաստանի հանդեպ սիրով։ Եթե թեկուզ մեկ մարդ այսօր դուրս գա լույսի և ուրախության զգացումով, նշանակում է, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել»։
Հոկտեմբերի 24-ին կկայանա Tashir Arena-ի հանդիսավոր բացման արարողությունը, իսկ հոկտեմբերի 25-ից կսկսվեն առաջին հանրային ցուցադրությունները բոլոր հանդիսատեսների համար։ Տոմսերը կարելի է ձեռք բերել կայքում, ինչպես նաև կենտրոնի տոմսարկղերում։ Այցելուների տարբեր խմբերի՝ երեխաների, ուսանողների, բազմազավակ և վետերանների ընտանիքների, ինչպես նաև խմբային այցելությունների համար նախատեսված է տոմսերի հատուկ արտոնյալ գների համակարգ։ Բոլոր մանրամասները հասանելի են կայքում։
Նախապրեմիերային ցուցադրությունը կազմակերպվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ և իսկական տոն դարձել նրանց համար, ովքեր հատկապես աջակցության կարիք ունեն։ Երկու ամիս առաջ՝ օգոստոսին, հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ կայացավ ևս մեկ բարեգործական երեկո՝ «Երեխաները՝ երեխաների համար» խորագրով, որի ընթացքում առաջին անգամ վառվեցին Tashir Arena բեմի լույսերը, և նոր էջ բացվեց Երևանի նորացված կրկեսի պատմության մեջ։
Լրացուցիչ տեղեկատվություն
Tashir Arena-ի մասին
Tashir Arena-ն Հայաստանի ամենամեծ բազմաֆունկցիոնալ հարթակն է, որը կառուցվել է համաշխարհային առաջատար արենաների չափանիշներով։ Սա ժամանակակից կենտրոն է, որը միավորում է մշակույթը, արտահայտչականությունը և նորագույն տեխնոլոգիաները՝ նպատակ ունենալով նոր կարևոր հենակետ դառնալ տարածաշրջանային և միջազգային մակարդակի միջոցառումների համար։
Սրահը տեղավորում է մինչև 2,000 մարդ։ Բեմը համալրված է տրանսֆորմացիոն համակարգով, որը թույլ է տալիս մի քանի րոպեում փոխել բեմի կոնֆիգուրացիան՝ ըստ ցանկացած պահանջի կամ ֆորմատի՝ համերգի, շոուի կամ մարզական իրադարձության համար։ Արենայում տեղադրված են նորագույն ձայնային և լուսային համակարգեր։
Ավելին՝ այստեղ:
ETERNIA շոուի մասին
ETERNIA-ն այն աշխարհն է, որտեղ իրականության սահմաններն անհետանում են, իսկ երևակայությունը ձև է ստանում։ Ձեզ սպասվում է պատմություն վերափոխման, սիրո և որոնումների մասին՝ պատմված երաժշտության, լույսի և անհավանական հնարքների լեզվով։ Մտնելով ETERNIA-ի անսովոր աշխարհը՝ սովորական երիտասարդը հանդիպում է հրաշալի Նիմֆային, ով նվաճում է նրա սիրտը։ Նրա համար երիտասարդը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ վտանգավոր ճանապարհորդության՝ դեռևս չբացահայտված տարածքներով։ Իր ուղեկցող իմաստուն Պապի՝ ETERNIA-ի գաղտնիքների պահապանի հետ միասին հերոսը կանցնի չորս տարրերի փորձությունների միջով, կհանդիպի ֆանտաստիկ արարածների և կբախվի անհավանական խոչընդոտների։
Իսկ թե ինչով ավարտվի ամենը, չգիտենք… կամ գուցե չի ավարտվի։ Կիմանաք շոուի ընթացքում
MEDUSE պրոդյուսերային կենտրոնի մասին
MEDUSE-ը պրոդյուսերային խումբ է, որը կազմված է ռեժիսուրայում և լայնածավալ տեսարժան շոուներում մասնագիտացած պրոֆեսիոնալների թիմից, ինչպես նաև զբաղվում է ներկայացումների բարձր տեխնոլոգիական ապահովմամբ։ Ընկերությունը նախագծեր է իրականացրել Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իտալիայում, Հայաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Չինաստանում և այլ երկրներում։ Ընկերության պատմությունն ընդգրկում է տասնյակ հաջողված նախագծեր՝ ներառյալ կրկեսային և երաժշտական շոուներ, համերգներ, մշակութային միջոցառումներ, թատերական բեմադրություններ, փառատոններ և գովազդային արշավներ։
MEDUSE-ի գլխավոր պրոդյուսեր Ալյոնա Կոզինան ավելի քան 15 տարի ղեկավարում է լայնածավալ նախագծեր՝ արդյունավետորեն իրականացնելով նախագծի մեկնարկից մինչև վերջին փուլը օպերացիոն ղեկավարումը։ Նա հանդիսանում է շոուի ռեժիսորական բեմադրական խմբի գլխավոր պրոդյուսերը։ MEDUSE-ի կրեատիվ պրոդյուսեր Վյաչեսլավ Մինչենկոն եղել է առաջիններից մեկը, ով 1990-ականներին ռուսական շոուներում ներդրել է նորագույն տեխնոլոգիաներ։ Այսօր նա հանդիսանում է այս ոլորտի առաջատար մասնագետներից մեկը։
«Տաշիր» ընկերությունների խմբի մասին
«Տաշիր» ընկերությունների խումբը 1999 թվականին հիմնադրվել է գործարար Սամվել Կարապետյանի կողմից և հանդիսանում է Հայաստանի ամենամեծ մասնավոր դիվերսիֆիկացված հոլդինգներից մեկը։ Խմբին պատկանում է ավելի քան 200 ընկերություն, որոնք գործում են տնտեսության տարբեր ոլորտներում՝ ներառյալ շինարարությունը, էներգետիկան, դևելոփմենտը, արդյունաբերությունը, առևտուրը, ֆինանսները, բժշկությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը, իսկ ներկայության աշխարհագրությունն ընդգրկում է ավելի քան 50 քաղաք Ռուսաստանում, ԱՊՀ-ում և այլ երկրներում։
«Տաշիր»-ը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ մասնավոր ներդրողներից մեկը՝ համակարգված աջակցություն ցուցաբերելով սոցիալական, մշակութային և ենթակառուցվածքային նախաձեռնություններին։ Խմբի գործունեությունը Հանրապետությունում ընդգրկում է կարևոր ոլորտներ և ազդում է երկրի տնտեսության և հասարակության առօրյա կյանքի վրա՝ մասնավորապես էներգետիկայի, արդյունաբերության, շինարարության և քաղաքային ենթակառուցվածքի ոլորտներում։
2015 թվականին «Տաշիր»-ը ձեռք բերեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը և սկսեց երկրի էներգետիկ համակարգի լայնածավալ արդիականացումը։ Անշարժ գույքի և դևելոփմենտի ոլորտում իրականացվել են ազգային նշանակության նախագծեր՝ ներառյալ «Rio Mall» և «Dalma Garden Mall» առևտրի և զվարճանքի կենտրոնների շինարարությունը, Երևանի Tashir Street-ը և Երևանի կրկեսի վերակառուցումը, որը 2025 թվականին կբացվի Tashir Arena բրենդի ներքո։
Ընկերությունը ակտիվորեն ներգրավված է նաև սոցիալական և բարեգործական ծրագրերում՝ աջակցություն ցուցաբերելով կրթության և առողջապահության ոլորտներում, օգնելով անապահով ընտանիքներին և պատերազմի հետևանքով տուժածներին, կառուցելով դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, նպաստելով մշակութային հուշարձանների վերականգնմանը և ենթակառուցվածքների զարգացմանը։