Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշառք էին փնտրում, ծրարներ գտան, բացեցին, շնորհակալական խոսքեր էին՝ ուղղված քաղաքապետին»․ Գյումրու ավագանու անդամ

Հոկտեմբեր 21,2025 21:21

Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության քարտուղար Լուսինե Անանյանը, որն այսօր մասնակցում էր Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակի խուզարկությանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ քննիչներն առգրավել են DVR։

Ավագանու անդամին անհասկանալի է մնում, թե ինչու են իրավապահներն ամեն անգամ ասում՝ «Բացեք դուռը, թե չէ կկոտրենք», երբ իրենք բանալիները տրամադրում են, որևէ խոչընդոտ չեն ստեղծում։

«Հենց եկան, ասին՝ բացեք դուռը, այլապես կկոտրենք, կմտնենք, ինչ ուզում, առգրավում ենք։ Մենք էլ ասում էինք՝ ի՞նչ ունեն առգրավելու, արդեն երկու օր էլ՝ հա կոտրում, ջարդում ու հա առգրավում են, բան չմնաց պահած, որ մի բան էլ իրենք առգրավեն։

Բացեցինք դուռը, DVR -ի սենյակը բացեցինք, առգրավեցին։

Իրենք ինչ ցանկանում են, մենք տրամադրում ենք, վախենալու ոչ մի բան չունենք։ Քաղաքապետին էլ, երբ կանչել են քննություն, գնացել է, ժամ են նշանակել, ճիշտ ժամին ներկայացել է, երբեք չի խափանել, գնացել, հարցերին պատասխանել, հետ է եկել։

Այն, ինչ կատարում են քաղաքապետի հանդեպ, շոու է, խոստացել էին, որ հանրային դաշտից դուրս են շպրտելու, տապալելու են, այդ ամենը կետ առ կետ կատարեցին»,-ասում է Լուսինե Անանյանը։

Նա երեկ ներկա է գտնվել նաև Վարդան Ղուկասյանի գրասենյակի խուզարկությանը։ Ըստ նրա, մեծ թվով ոստիկաններ՝ 4-5 մեքենայով, եկել, շրջափակել էին գրասենյակի տարածքը, սակայն խուզարկությունն իրականացրել են 6 հոգով։

«Այդ ժամանակ էլ նույն բառերն ասացին՝ հիմա կկոտրենք, կջարդենք դուռը, բացեցինք դուռը։ Երեկ էլ փաստաբանին էինք սպասում, փաստաբանը 16 րոպե անց եկավ։

Դուռը բացել ենք, եկան, թե կաշառք եք ման գալիս, փնտրեցին, ինչ-որ թղթեր տեսան, մտածում էին՝ օյ, պեղեցինք, գտանք, բացեցին թղթերը, որոնք շնորհավորանքներ կամ շնորհակալագրեր էին՝ ուղղված քաղաքապետին։ Բոլոր այն մարդկանց կողմից էին, որոնց աջակցել էր քաղաքապետը, ծրար էին տեսնում, մտածում էին՝ գումար է, բացում էին, շնորհակալական տողեր էին»,- պատմեց Լուսինե Անանյանը։

Նա ասաց, որ գրասենյակից ոչինչ չեն առգրավել, արձանագրել են՝ «2,5 ժամ խուզարկել ենք, ոչինչ չենք գտել»։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հոլլիվուդի ֆիլմերից գոնե գիտենք, որ գալիս են իրենց թողած մատնահետքերը մաքրելու` դեմոնտաժ են անում լսագրող, տեսագրող մինի սարքերը, որոնցով կուտակել են շանտաժի նյութը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031