«Այո, սա հաստատված խաղաղության ապացույցներից մեկն է, եւ վստահ եմ, որ գալիք ապագայում նման երկկողմ քայլերի պակաս չի զգացվելու։ Ողջունում եմ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը, եւ պետք է ասեմ, որ մենք սպասում ենք, շատ կարեւոր հարցեր ունենք, այդ հարցերի հետ կապված շուտափույթ լուծումների»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով Հայաստան ղազախական ցորենի ներկրման մասին Ալիեւի հայտարարությանը։
Հարցին, որ Ալեն Սիմոնյանը հանդիպել էր Ադրբեջանի Մեջլիսի նախագահի հետ, հայ գերիների հարցը քննարկվե՞լ է, նա պատասխանեց․ «Գերիների եւ պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը կա միշտ։ Այդ խոսակցությունը կար ոչ միայն այդ հանդիպման ժամանակ, այդ խոսակցությունը կա հրապարակային մասում։ Եթե իմ ելույթը նայեք, դրա մասին խոսվում է։ Պետք է ասեմ, որ հանդիպումը շատ դրական եմ գնահատում, շատ շնորհակալ եմ այդ հանդիպման համար կազմակերպչին։ Եվ պետք է ասեմ, որ երկուստեք այդ ընկալումը կա, որ պետք է խորհրդարաններն իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, մերձեցնելու եւ խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը։ Եվ պետք է ասեմ, որ իմ գործընկերոջ մոտ այդ ընկալումը եւս կար, շատ դրական, ջերմ հանդիպում է տեղի ունեցել, պայմանավորվել ենք կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկել ու առաջարկել երկու կողմից։ Բայց խոսքը չի գնում հեռավոր ապագայի մասին, մենք երկուսս էլ այն մտքին ենք, որ պետք է հնարավորինս արագ այդ ամենը արվի եւ հնարավորինս մեծ ծավալով։ Այդ ամբողջ հանդիպման կարեւոր բաներից մեկն այն էր, որ ես կոնկրետ տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, մեր ընկալման մեջ է, այլ նաեւ ադրբեջանական կողմի մեջ է։ Մի պահ խոսակցություն եղավ, օրինակ, ռազմական ագրեսիայի մասին, ասում են, որ կարող է սենց բան լինել, ասաց՝ հնարավոր չէ, ո՞նց, մենք այսքան քայլ ենք արել, այսքան միջազգային պարտավորություն ենք վերցրել մեզ վրա»,- ասաց նա։
Հացին՝ ինչո՞ւ է ադրբեջանական կողմը Հայաստանով անցնող ճանապարհը «միջանցք» անվանում, հարցրե՞լ է իր ադրբեջանցի գործընկերոջը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես դրա մասին հարցրել եմ, ասել եմ եւ ի պատասխան հնչել է, որ միջանցք բառի մեջ ոչ մի վատ բան չկա, իրենք ուզում են,որ Ադրբեջանի միջով տնտեսական միջանցք անցնի։ Ինչ վերաբերում է Զանգեզուրին, ասում է՝ դե տարածքն այդպես է կոչվում, դրա համար տարածքի անունով ենք ասում։ Բայց ես վստահեցնում եմ, ասաց գործընկերս, որ կարող եք տեսնել իմ հայտարարությունները, բազմաթիվ տեղեր մենք TRIPP ենք ասում։ Կարծում եմ՝ ուղղակի խոսույթի տարբերության խնդիր է»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանն ասաց, որ ադրբեջանական կողմն էլ է ուզում բոլոր թղթերն ունենալ ու խաղաղություն հաստատել։ «Իրենք էլ են պատերազմ արել, իրենք էլ են մարդ սպանել, մենք էլ ենք մարդ սպանել։ Մենք պետք է հասկանանք, որ բացի մեր ընկալումից կա նաեւ իրենց ընկալումը։ Իրենց ընկալմամբ՝ մենք 30 տարի իրենց տարածքի 20 տոկոսը եւ ավելին օկուպացված ենք պահել։ Հիմա մենք նստենք, ապագոռգոռ հայտարարություններ անենք, շատ լավը թվանք տեսախցիկների առաջ, իսկ հարցը չլուծվի։ Որպեսզի դիմացինի հետ դիալոգ տեղի ունենա, դուք պետք է հասկանաս՝ լավ, ես իմ դիրքորոշումն ունեմ, իրենց դիրքորոշումը ո՞րն է։ Իրենց դիրքորոշումը հետեւյալն է, որ հրահրվել է միջազգային բախում, հրահրվել է, որպեսզի միջազգային բախման ֆոնի վրա սովետական միության փլուզման թեման դառնա երկրորդական։ Եվ այդ հրահրման հետեւանքով հայկական զորքերը ռուսական զորքերի աջակցությամբ գրավել են իրենց տարածքի 20 կամ 30 տոկոսը։ Հիմա մենք կարող ենք վիճել դրա հետ, կարող ենք համաձայն չլինել, ասել՝ սուտ է, բայց պետք է հասկանանք, որ մենք ունենք մեր ընկալումը, թե ինչ է տեղի ունեցել։ Հիմա, որպեսզի կարողանանք խոսել, պետք է հասկանանք, թե դիմացինն ինչ է ասում»,- նշեց նա։
Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը բռնազավթած է պահում ՀՀ տարածքները, Ալեն Սիմոնյանն ասաց, որ գոյություն ունի սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը գործելու է, եւ դելիմիտացիան Վրաստանից մինչեւ Իրան հասնելու է։ «Որտեղ, որ ադրբեջանական զորքերն առաջ են, իրենք են հետ քաշվելու, որտեղ հայկական զորքերն են առաջ, մենք ենք հետ քաշվելու։ Իսկ ես ասել եմ, որ այդպիսի տեղեր շատ են»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ